Ալիևին պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։

«Ինչպես և ենթադրվում էր, Ալիևն իր ասուլիսում արել է հետևյալ հայտարարությունները.

Ասում է ՝ «…«Զանգեզուրի» միջանցքը բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզո՞ւմ է թե՞ ոչ»: Այստեղ նրան պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետները խոսես կամայականորեն` քեզ հարմար եղանակով: Ադրբեջանը դեռ պետք է մտածի Հայաստանի տարածքների, ինչպես նաև Շուշիի և Հադրութի օկուպացիայի հետևանքների մասին: Նիկոլը, նավթն ու գազը հավերժ չեն:

Ասում է, որ «…շարունակում են զարգացնել Հայաստանի դեմ տարած «հաղթանակը» նաև քաղաքական հարթակում, որպեսզի այն ամրագրվի միջազգայնորեն ու փոխել հնարավոր չլինի»: Փաստացի վախենում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական (Ուկրաինա) և Հայաստանի ներքաղաքական (Նիկոլ) իրադարձությունները կփոխվեն ու իրենք կկորցնեն Հայաստանին լրիվ ծնկի բերելու իրենց պատմական շանսը: Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ վերականգնվելու և իրավիճակը փոխելու հարցում: Դրա համար Նիկոլին միշտ պաշտպանել են, իսկ Հայաստանի ընդդիմությանը քննադատել` համարելով «ռևանշիստ»:

Ասում է՝ «…ժամանակն է մտածել «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանը) ադրբեջանցիների վերադարձի և իրենց տներում բնակվելու մասին»: Սա հաջորդ քայլն է, որը փորձելու են անել: Թող գան, եթե նման ցանկություններ ունեն և եթե կարող են: Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:

Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

Չինաստանի ՌԾՈւ-ն ցուցադրել է մարտական նավեր տեղափոխող հազվադեպ նավ

Չինաստանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ծանր տրասնպորտային Yinmahu պլատֆորմը, որը կարող է մարտանավեր տեղափոխել, տեղեկացրել է Insider-ը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ սա հազվադեպ նավի մասին առաջին հաղորդումն է, որը Չինաստանի ՌԾՈւ-ի երկրորդ նման պլատֆորմն է։ Նմանօրինակ մյուս՝ Donghaidao նավը շարք էր մտել 2015թ.։
Պլատֆորմն աշխատում է չոր դոկի՝ նավանորոգարանի սկզբունքով։ Տեղափոխվող նավի բեռնման համար նավը որոշակի խորություն է մտնում, որը նրան թույլ է տալիս կառանել եւ հետո նորից դուրս լողալ։ Արդյունքում՝ նավը լրիվ բարձրանում է ջրից, ինչը թույլ է տալիս դրա նորոգումն ու սպասարկումն իրականացնել տեղափոխման ժամանակ։

Insider-ը տեղեկացրել է, որ Yinmahu-ն կարող է տեղափոխել ավելի քան 100 հազար տոննա ջրատարողությամբ նավեր. համեմատության համար՝ չինական «Լյաոնին» ավիակրի ջրատարողությունը 70,5 հազար տոննա է։

Վնասված նավերի տեղափոխման նման պլատֆորմներ ունի միայն ԱՄՆ-ը։

Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. «Արցախպրես»-ի անդրադարձը

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու` ադրբեջանցիների կողմից փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։

«Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։

Նույն տարիքային խմբի երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։

Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։

Նրա հավաստմամբ՝ ցանցում չկան նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։ Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվությամբ կդատարկվի։

«Լի Ֆարմա» դեղատան դեղագետ Լիլիթ Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։

«Հակաբիոտիկների քանակը նույնպես խիստ սահմանափակ է։

Շրջափակումից հետո երեք անգամ ստացել ենք երեխաների համար նախատեսված ջերմիջեցնողներ, շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ։

Ստացել ենք նաև սահմանափակ քանակությամբ մանկական կերեր. դրանք էլ արդեն վերջանում են։ Հուսանք` մոտ օրերս համալրում կունենանք, ինչի համար շատ շնորհակալ կլինենք»,-ասել է Լ. Բարսեղյանը՝ ընդգծելով` դեղամիջոցները վաճառվում են նախկին գներով։

Ստեփանակերտում գործող «Էլեն» դեղատան սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի խոսքով` շուրջ 40 տարվա ընթացքում նման իրավիճակում չէին հայտնվել։

«Դեղատունը գրեթե դատարկ է։ Քաղաքացիների մեծ մասն էլ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունի։ Գնային որևէ փոփոխություն չկա։ Շատ հաճախ, հանգամանքներով պայմանավորված, բնակիչներին նույնիսկ անվճար ենք տրամադրում եղած դեղորայքը»,-հավելել է մեր զրուցակիցը։

Տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը հունվարի 9-ին Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

2022թ. օգոստոսին կատարված Աքորի գյուղի բնակչի սպանության վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսի 15-ին որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին:

Նույն ժամանակ հիվանդանոց է ընդունվել նաև Լոռու մարզի Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը՝ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ։ Վերջինս հայտնել է, որ ինքը կրակել է Աքորի գյուղի բնակչի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատները ծեծի են ենթարկել իրեն:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ դեպքի նախորդ օրը հիշյալ անձինք պայմանավորվածություն են ձեռք բերել Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:

2022թ. օգոստոսի 15-ի առավոտյան Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն։ Դրանից հետո Աքորիի բնակիչն օրվա ընթացքում զանգահարել և հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ երեկոյան, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, գնացել է հանդամաս և, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Քննությամբ պարզվել է նաև, որ տուժողի որդին և եղբորորդին, ովքեր գտնվել են նշված վայրում և ականատես եղել դեպքին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հագվի գյուղի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ինչ վերաբերում է Հագվի գյուղի բնակչին մարմնական վնասվածքներ հասցնելու դրվագին, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ տուժողի որդու և եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուժողի հետ հաշտությամբ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ընդգրկվել է «Տուր ձեռքդ» բարեգործական նախագծում

2023 թ. հունվարի 1-ին մեկնարկել է գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «Տուր ձեռքդ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը՝ տեղեկացնում են հիմնադրամից:

Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին՝ ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։
Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան զինհաշմանդամություն ստացած 620 զինծառայողների։

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը

«2023 թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով»՝ տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստաընկերությունից:

«Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին՝ շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- նշված է Արցախի Հանրային հեռուստատեսության հայտարարությունում:

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը

«2023 թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով»՝ տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստաընկերությունից:

«Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:
Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին՝ շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- նշված է Արցախի Հանրային հեռուստատեսության հայտարարությունում:

«Նորմալ չէ, երբ լրագրողների պարսը հետապնդում է պատգամավորին»․ Նիկոլ Փաշինյան

Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունը դատապարտելի են, սակայն մյուս կողմից էլ՝ որոշ հանգամանքներ եւս նորմալ չեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար սկզբունքային է, որ օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի, սա սկզբունքային հարց է, մյուս կողմից էլ՝ լրագրողների ինքնակարգավորման մարմին պետք է գոյություն ունենա, որը թույլ կտա, որ հենց լրագրողները որոշակի կանոններ սահմանեն: Օրինակ՝ եթե մեկն ինչ-որ տեղում իր ընտանքի անդամի հետ ճաշում է, մենք ինչքա՞ն կարող ենք իր բերանի պարունակությունը, ծամելը դարձնել ուղիղ եթերի առարկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, խոչընդոտ, բայց ուզում եմ, որ շատ հանգամանքներ էլ սովորական չհամարենք։ Կադրեր կան, որոնք ինձ շատ տարօրինակ են թվացել, օրինակ՝ ինչպես է լրագրողների պարսը հետապնդում ԱԺ պատգամավորին։ Դա նորմալ չէ, եւ մարդիկ էլ կարող են էմոցիոնալ վիճակում սխալներ թույլ տալ, որը նույնպես սխալ է։ Բայց մենք պետք է պատճառների եւ հետեւանքների կապը իմանանք»,- նշեց Փաշինյանը։