Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը ԵՄ-ում «կեղծավոր» են համարել

Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը ԵՄ-ում «կեղծավոր» են համարել։

«Ռուսական զորքերի դուրսբերումը խաղաղության եւ անվտանգության վերականգնման միակ լուրջ տարբերակն է։ Միակողմանի հրադադարի մասին հայտարարությունը նույնքան կեղծ եւ կեղծավոր է, որքան անօրինական եւ անհեթեթ անեքսիաները եւ դրանց ուղեկցող հանրաքվեները»,- Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի միջեւ ռազմական շփման գծի ողջ երկայնքով։

«Հաշվի առնելով Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի կոչը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչեւ 24:00-ն Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել: 2023 թվականի հունվարի 7-ին»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Ուկրաինան մերժել է հրադադարի առաջարկը՝ հայտարարելով, որ զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան «իր ուժերը դուրս չի բերել օկուպացված հողերից»։ «Նրանք հիմա ուզում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես քող, թեեւ կարճ ժամանակով, որպեսզի դադարեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում եւ տեխնիկան, զինամթերքը ու մոբիլիզացված զորքերը մոտեցնեն մեր դիրքերին»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առաջարկած հրադադարը «մի քիչ թթվածին ստանալու փորձ է»:

Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է 2/3-ով՝ հասնելով 8 տարվա նվազագույնի

Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է 2/3-ով՝ հասնելով 8 տարվա նվազագույնի
6 հունվարի, 2023 13:51
Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ կանխատեսումների համաձայն՝ եռամսյակային շահույթը կնվազի երկու-երրորդով՝ հասնելով մինչև ութ տարվա նվազագույնին։ Պատճառը թուլացող գլոբալ տնտեսությունն է, որը բացասաբար է ազդել հիշողության չիպերի գների վրա և սահմանափակել էլեկտրոնային սարքերի պահանջարկը, որոնց արտադրությամբ զբաղվում է ընկերությունը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին իր շահույթը, հավանաբար, կնվազի 69%-ով՝ մինչև 4,3 տրլն վոն (3,37 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա 13,87 տրլն վոնի դիմաց (11,5 մլրդ դոլար): Սա Samsung-ի եռամսյակային ամենափոքր շահույթն է 2014 թ․ երրորդ եռամսյակից ի վեր։

«Samsung-ի բոլոր բիզնեսների համար դժվար ժամանակներ են եղել, հատկապես չիպերի ու բջջային սարքերի համար»,- ասել է BNK Investment & Securities ընկերության վերլուծաբան Լի Մին Հին:

Եռամսյակային հասույթը, ըստ ընկերության կանխատեսումների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կնվազի 9%-ով: Շուկայական արժեքով Ասիայի չորրորդ խոշորագույն ընկերությունը եկամուտների մասին մանրամասն ինֆորմացիա կհրապարակի հունվարի 31-ին:

Գործակալությունը նշում է, որ համաշխարհային տոկոսադրույքների և կենսապահովման ծախսերի աճը նվազեցրել է սմարթֆոնների և այլ սարքերի նկատմամբ պահանջարկը, որոնք արտադրում է Samsung-ը, ինչպես նաև կիսահաղորդիչների պահանջարկը, որոնք ընկերությունը մատակարարում է այնպիսի մրցակիցներին, ինչպիսին է Apple Inc.-ն է։

«Հիշողության չիպերի բիզնեսի համար չորրորդ եռամսյակի պահանջարկի անկումն սպասվածից ավելի մեծ էր, քանի որ հաճախորդները ճշգրտել են իրենց պահեստային պաշարները՝ ֆինանսական ծախսերն էլ ավելի կրճատելու համար…»,- ասվում է Samsung-ի հայտարարությունում:

Ընկերությունը նաև պարզաբանել է, որ չորրորդ եռամսյակում նվազել է նաև բջջային սարքերի բիզնեսի շահույթը, քանի որ սմարթֆոնների վաճառքն ու եկամուտը նվազել են թույլ պահանջարկի պատճառով, որն առաջացել է մակրոտնտեսական երկարատև խնդիրների հետևանքով։

«Հիշողության չիպերի գները եռամսյակի ընթացքում իջել են 20%-ով, իսկ ծալվող էկրանով բարձրակարգ հեռախոսները լավ չեն վաճառվել»,- բացատրել է BNK Investment ընկերության վերլուծաբան Լի Մին Հին՝ հավելելով, որ Samsung-ի էկրանների բիզնեսը տուժել է եռամսյակի ընթացքում իր հաճախորդներից Apple-ի՝ Չինաստանում գտնվող iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանում արտադրության ուշացումների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, առնվազն երեք վերլուծաբաններ կանխատեսել են, որ ընթացիկ եռամսյակում Samsung-ի շահույթը կրկին կնվազի, ինչի հետևանքով հնարավոր է, որ չիպերի բիզնեսի վնասներ կրի, քանի որ շուկայում չիպերի առատությունը կհանգեցնի դրանց գների հետագա անկմանը:

Սիրելի՛ արցախցիներ, մեր Սուրբ Եկեղեցին ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ․ Գարեգին Բ

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ մատուցված պատարագին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացյալ հայությանը։

«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։

Փրկչի Ծննդյամբ մարդկության կյանքում հնչող նորոգության հրավերի անտեսումը, Աստվածորդու պատվիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակության մեջ, ընտանիքներում գժտությունների ու անհանդուրժողության, ազգերի ու պետությունների միջև հակամարտության ու թշնամանքի: Հիրավի, առաքյալի խոսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռ. 6.23):

Սիրելիներ, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ։

Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։

Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին։

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունը իրենց աստվածապատվեր առաքելությանը և հավատավոր հոտին։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով.

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Թուրքիայի գերագույն դատարանը քրդամետ կուսակցության միջոցները ժամանակավորապես սառեցնելու որոշում է կայացրել

Թուրքիայի գերագույն դատարանը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության միջոցները ժամանակավորապես սառեցնելու որոշում է կայացրել, հայտնում է AP-ն։

Որոշումն ընդունվել է շաբաթներ անց այն բանից, երբ գլխավոր դատախազը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ խնդրելով արգելափակել բանկային հաշիվները, որոնցից ֆինանսների նախարարությունը միջոցներ է փոխանցում ԺԴԿ-ին:
Դատախազը փորձում է փակել կուսակցությունը ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով, ինչը դիտվում է որպես ընտրություններից առաջ ընդդիմության նկատմամբ ուժեղացված ճնշումների մաս:

Սահմանադրական դատարանը մեկ ամիս ժամանակ է տվել ԺԴԿ-ին՝ դատախազի պահանջի դեմ փաստարկներ ներկայացնելու համար։

Ֆինանսների նախարարությունը ֆինանսական օգնություն է տրամադրում խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններին, եւ ըստ մամուլի հրապարակումների, այս տարի ԺԴԿ-ն 539 միլիոն թուրքական լիրա (մոտ 29 միլիոն դոլար) պետք է ստանար։

Դատախազությունը ԺԴԿ-ին մեղադրում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ իբր պայմանավորվածության մեջ: Հաջորդ շաբաթ նա պետք է կուսակցությունը փակելու միջնորդությամբ հանդես գա։

ԺԴԿ-ի մամուլի քարտուղար Էբրու Գյունայը քննադատել է դատարանի որոշումը՝ մեղադրելով այն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Թուրքիայի ժողովուրդների կամքն օգտագործելու» քարոզարշավում որպես «գործիք» օգտագործելու մեջ։

ԺԴԿ-ի տասնյակ ընտրված պատգամավորներ եւ քաղաքապետներ, ներառյալ նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը եւ Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաեւ հազարավոր կուսակցականներ, ձերբակալվել են ահաբեկչության մեղադրանքով: Միեւնույն ժամանակ, 2019 թվականի տեղական ընտրություններում քվեարկված մի քանի ԺԴԿ քաղաքապետներ փոխարինվել են պետության կողմից նշանակված հոգաբարձուներով:

Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

Սեպտեմբերյան մարտերից դուրս մեզ հայտնի 68 կորստից մարտական են 2-ը։ Կորուստներից առնվազն 30-ը պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ պահեստազորի 1 գնդապետ և 4 փոխգնդապետ։
Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։ Covid-19-ից մահացել է 1 մայոր։

Մեր հայտնաբերած 149 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 140-ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։

Ադրբեջանի ԶՈւ 2022թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան պատերազմի կորուստները).

Ամիս Մարտական Ոչ մարտական Անհայտ
Հունվար 1 9 –
Փետրվար – 1 –
Մարտ – 2 –
Ապրիլ – – –
Մայիս – 4 –
Հունիս – 10 –
Հուլիս – 6 –
Օգոստոս 1 9 –
Սեպտեմբեր 81 3 –
Հոկտեմբեր – 5 –
Նոյեմբեր – 7 –
Դեկտեմբեր – 10 –
Ընդհանուր 83 66 –
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։

Հավելենք, որ 2021 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին։

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա լուսանկարներ է նաեւ հրապարակել Ստեփանակերտի Մայր Տաճարում մատուցված պատարագից, որին ներկա են գտնվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:

Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,- գրել է Վարդանյանը:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:

Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:

Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: