Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

«Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել, մեր սահմանները անառիկ չեն դարձել, քանի դեռ թշնամու առաջ ներսից մեր դարպասները բացողները խստագույն պատժի չեն արժանացել, և  խաղաղություն մուրալը չի դարձել խաղաղություն պարտադրել:

Սուրբ Ծննդյան հուսաբեր խորհուրդը այս դժվարին ժամանակներում թող նոր վճռականություն, կամք ու կորով հաղորդի Հայրենիքի բոլոր նվիրյալներին՝ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում՝ ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ տանելու ՊԱՅՔԱՐԻ ջահը մինչև հաղթական հանգրվան»:

Հայ ժողովրդի վերածնունդը գալու է Արցախից. Հրանտ Բագրատյան

Ձեզ չեն կարողանում օգնել, պատճառները շատ են. հիվանդ իշխանավորներից մինչեւ աշխարհաքաղաքական հիմար խաղերը։

Հայ ժողովրդի վերածնունդը գալու է Արցախից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի արցախցիներ։ Շնորհավորում եմ ձեր Ամանորը։ Մեզ էլ կներեք, որ չենք կարողանում ձեզ օգնել։ Պատճառները շատ են. հիվանդ իշխանավորներից մինչեւ աշխարհաքաղաքական հիմար խաղերը։ Տոկացեք։ Հայ ժողովրդի վերածնունդը (արդեն որերորդ անգամ) գալու է Արցախից»։

Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին

Վատիկանում 96 տարեկանում մահացած Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին, արարողությունը կղեկավարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Հինգշաբթի օրը՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով 12:30-ին) հուղարկավորությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում, որի կարգը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը»,- ճեպազրույցում ասել է Վատիկանի ներկայացուցիչը:

Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին, լիահույս եմ՝ Աստծո օրհնությամբ ու հավատով լցված՝ կհաղթահարենք այս ճգնաժամը ևս. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ.

«Սիրելի´ հայրենակիցներ
Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները:
Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:
ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին:
Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին: Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին:
Թանկագի´ն հայրենակիցներ
Լիահույս եմ՝ Աստծո օրհնությամբ ու հավատով լցված’ կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:
Կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը:
2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս:
Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան:
Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս»: