Մսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար

Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։

Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։

«Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես այդպիսի միս»,- ասել է Ավետիսյանը։

Իսկ գործող օրենսդրության խախտման դեպքում կարգախախտը կարող է տուգանվել 20-50 հազար դրամ, իսկ տնտեսվարող սուբյեկտը՝ 50-100 հազար դրամ։

Պաշտոնյայի խոսքով՝ նշված միջոցները բավարար չեն։

«Ամեն ամիս մենք հայտնաբերում ենք բազմաթիվ խախտումներ։ Միայն սեպտեմբերին դադարեցվել է 14 հազար 500 կիլոգրամ մսի իրացումը։ Իրավապահ մարմինները գնում են կարգախախտների հետքերով։ Արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր»,- տեղեկացրել է տեսչական մարմնի ներկայացուցիչը։

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները․

չի ապահովվել արտադրական շինությունների լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
սարքավորումները, գործիքները չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում,

արտադրամասն ապահովված չի եղել աշխատակիցների համար հանդերձարաններով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով,

արտադրամասում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, ինչպես նաև կոշիկներ, սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր,

պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

22-ամյա դանակահարված երիտասարդը հրաժարվում էր հաղորդում տալ, բայց ոստիկանները 2 շաբաթ անց գտան դանակահարողին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.54-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի. ախտորոշումը` «կրծքավանդակի կտրած-ծակած վերք»:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով երիտասարդին խփել էր անհայտ անձը: Երիտասարդը հրաժարվեց հաղորդում տալ, և անհայտ անձի ինքնությունն արագ պարզել չհաջողվեց:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Կենտրոնականի քրեական հետախույզների տևական աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ դեկտեմբերի 24-ին: Պարզվեց, որ երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա Բաբաջանյան փողոցում հայտնաբերվեց, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք. Ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ ու անցնել Արցախ

Երևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտյան ավտոթերով դեպքի Լաչինի միջանցք մեկնող քաղաքացիներին արդեն այնտեղ են։

«Տարբեր նախագծեր ենք իրականացրել և իրականացնում Արցախում։ Գիտակցում էինք, որ ճանապարհը փակ է, բայց փորձելու ենք անցակետերի ներկայացոuցիչներին ներկայացնել մեր պահանջը, մոտեցումները, խնդրանքը որպեսզի կարողանանք անցնել ու հասնել Ստեփանակերտ»,- Factor.am-ի ուղիղ եթերում ասաց նախաձեռնության անդամ Սամվել Մովսիսյանը՝ հավելելով, որ ուզում են տարբեր անցակետերի ներկայացուցիների հետ բանակցելով՝ պետք է շարժվել առաջ։

«Մենք ոչ մի կռիվ, ոչ մի բախումներ չենք ունենալու ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ։ Միասին բանակցելու ենք հայ ոստիկանների հետ՝ ներկայացնելու, թե ինչ նախաձեռնություն է, ինչու համար ենք գնում Արցախ։ Դրանից հետո շարունակելու ենք ռուս գործընկերներին ներկայացնել մեր խնդրանքը, պահանջը։ Մեր այցի կարևոր նպատակն է՝ մեր այցելությամբ քաջալերել Արցախում ապրող երեխաներին, մեր եղբայրներին ու քույրերին, վաղը կամ մյուս օրը հետ ենք վերադառնում»,- ասաց նա։

Արդեն առաջին անցակետում ոստիկանն ասաց. «Ձեր մտահոգությունը մեր նույն մտահոգությունն է, հասկանում ենք ձեր մտահոգությունը»։ Այնուհետև ասաց, որ նախաձեռնության անդամների պահանջը կզեկուցի վերադասին։

«Գնում ենք բոլորով, մի փոքր հեռավորության վրա կանգնում ենք, մի քանի հոգի մոտենում են խաղաղապահներին ու բանակցում ենք»,- նախաձեռնության անդամների որոշումը ոստիկանին փոխանցեց Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Նոր Խարբերդ համայնքի խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքի վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 460-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ նույն մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար:

2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:25-ին քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Նոր Խարբերդ համայնքի շենքերից մեկի մոտ նռնակով հարձակվել են իր որդու վրա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ նկատել են նույն համայնքի 35-ամյա բնակչի, ում ձեռքին եղել է նռնակ: Բանակցության արդյունքում տղամարդը մարտական նռնակը հանձնել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված հագուստի խանութի 35-ամյա նախկին սեփականատերը նռնակը ձեռքին մտել է խանութ, սպառնացել, որ այն կպայթեցնի և պահանջել վերոհիշյալ քաղաքացու որդուն խանութից դուրս գալ: Վերջինս անմիջապես հեռացել է, որից հետո լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հիշյալ խանութի պատուհանների ապակիները կոտրված են, պատերի վրա առկա են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ: Հայտնաբերվել և վերցվել են նռնակի բեկորներ:

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Նույն օրը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 9:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծի սեփական տներ, Թումանյան 98, 2, 7, 17 և սեփական տներ, Թամանյան, Թորգոմի, Չարենցի, Ս. Դավթի 20-50 զույգ, Տերյան, Աբրահամյան, «Սոսե» մանկապարտեզ, «Կարավայ» ՍՊԸ:

Եռակողմ հանդիպում չի լինի, բայց Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինի, բայց երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ընդգծել է նա:

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները, «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը  կարգավորելու համար», — ասել է փոխնախարարը։

Ըստ Գալուզինի՝  փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ. գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում 7 տարեկան երեխա է մահացել, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն․ ArmLur

ArmLur.am-ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 1֊ի սահմաններում Գրիգոր Լուսավրիչ հիվադանոցում 7 տարեկան տղա երեխա է մահացել։

Մահացած տղայի հարազատները կոտրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիները, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն, սակայն բժիշկները կանխել են։

Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու. Տիգրան Աբրահամյան

Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքը, ի թիվս մեծ թվով հարցերի, նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հազար մարդ է ապրում, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։

«Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը՝ բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամի մասին, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հազար մարդ էր հավաքվել

Եթե վառելիքի խնդիր չլիներ, անկասկած, մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։

Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։

Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։

Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից», — Facebook-ում գրել է Աբրահամյանը։