Չարագործները վաղ թե ուշ պատժվում են, քանզի ԲՈՒՄԵՐԱՆԳԻ օրենքը ՄԻՇՏ աշխատում է

Չարագործները վաղ թե ուշ պատժվում են, քանզի ԲՈՒՄԵՐԱՆԳԻ օրենքը ՄԻՇՏ աշխատում է։
Չես կարող անընդհատ ուրանալ, տեղավորվել, թիմ փոխել, սողալ, քծնել, քսմսվել, վնասել, քանդել, ավիրել ու մնալ անպատիժ։
Կյանքի հեգնանքով եւ ոչ բարով Բրյուսովում հայտնվածները, ակադեմիական միջավայրը փողոցային բառապաշարով ու կեցվածքով լցնելուց, բուհի նվիրյալների հետ սարսափելի վարվելուց (պարոն Բաբայան🙏🏻 ու …) զատ,
ինչքա՜ն կարող էին խաղացին բուհի հեղինակության հետ։
Շուտով նրանց երգն էլ կերգվի։
Նրանց գործունեության հետեւանքներից ազատվելու ու առողջացման գործընթաց սկսելու գործընթացը շա՜տ բարդ է լինելու։
Այնուամենայնիվ ես վստահ եմ՝ բուհս մաքրվելու է ու բռնելու զարգացման ու առաջընթացի ճանապարհ։
Ու թող միշտ ԲԱՐԻՆ ՀԱՂԹԻ չարին

Արցախցիները երթ են անում դեպի խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց Արցախի բնակիչները բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով: Այս մասին գրում է 168.am-ը:

Բողոքի ակցիան նախաձեռնողներից մեկը, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

«Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասաց Պետրոսյանը:

«Անընդունելի պահանջներ են առաջ քաշվում »Արայիկ Հարությունյանը մեծ հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: Արցախի նախագահի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:

Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը:

Լյուքսեմբուրգի հայ համայնքը ակցիա է անցկացրել ԵԽ-ի առջև՝ պահանջելով կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախպրեսսը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:

Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:

«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ», — հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:

Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Ռեանիմոբիլով երևանյան բժշկական կենտրոն է տեղափոխվում արցախցի 4 ամսական երեխան

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային: Այս մասին հաղորդում է «Արաբկիր» բժշկական համալիրը:

«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի եւ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ:

Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:

Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի եւ այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Երևանն ու Զանգեզուրը հայերին նվիրելը մեծ հանցագործություն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը հերթական անգամ խեղաթյուրել է պատմությունն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Սյունիքը ներկայացրել որպես «ադրբեջանական տարածք», որը ժամանակին խորհրդային իշխանությունները «նվիրել են հայերին»։ 

«Եվ նախկինում կային, և այսօր կան որոշ մարդիկ, որոնք փորձում են տարբեր պատճառներով արդարացնել «Երևանը հայերին նվիրելը», բայց ես գտնում եմ, որ ոչ մի բացատրություն ընդունելի չէ, որովհետև հայերը չբավարարվեցին դրանով»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե «նրանք, ովքեր կարծում էին, որ հայերը դրանով բավարարվելու են, մեծապես սխալվել են»։

«Պատմության հետագա ընթացքը կրկին ցույց տվեց դա։ 1920 թվականին, սովետական իշխանության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ, Ադրբեջանից անջատեցին և Հայաստանին միացրեցին նաև «մեր մյուս պատմական տարածքը»՝ Զանգեզուրը։

Դա հերթական հանցագործությունն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Այդ որոշման նպատակը նույնպես շատ պարզ էր։ Առաջին հերթին, հայ ազգայնականները կարևոր դիրքեր էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա աշխարհագրական առումով Ադրբեջանը Նախիջևանից և Թուրքիայից կտրելուն ուղղված քայլ էր»,- հայտարարել է Ալիևը։

20-ամյա տղան խեղդամահ է արել 37-ամյա ընկերուհուն

Ոստիկանության Կումայրիի բաժնում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.30-ին, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որդեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն:

Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Տղամարդը կրակոցներ է արձակել 25-ամյա կնոջ տան պատուհաններին. Shamshyan.com

Երևանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։ Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա՝ պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին և հանձագործության գործիք-ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։

Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց. երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին. Վահե Հովհաննիսյան

Հայաստանի իշխանությունը կազմված է մեկ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ. թքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։

Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին եւ սպառնացին։
Երեկ երեկոյան Լավրովը մեղադրեց մեզ բանակցություններից խուսափելու մեջ, ու մենք հանգիստ շարունակում ենք ապրել։ Երեկ երեկոյան Լավրովը հասկացրեց, որ խաղաղապահներին Ռուսաստանը կարող է հանել, եւ շարունակում ենք հանգիստ ապրել։ Երեկ երեկոյան Ալիեւը Մակրոնին ասաց, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական 8 գյուղ։ Ենթադրաբար՝ Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղերի մասին է։ Մենք էլի ոչինչ չենք լսում ու հետեւություն չենք անում։

Նման զարգացման պատճառը ակնհայտ է. Հայաստանի իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ։ Թքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։
Սա բերելու է հերթական աղետի։ Միակամ որոշումները ենթադրում են կոպիտ սխալների մեծ ռիսկ։

ՄԵԿ հոգին որոշում է ողջ պետության, մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սա ծայրահեղ սուր խնդիր է։ Մենք ռումբի վրա նստած պետություն ենք։
Կառավարության վերջին նիստում արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայից հետո այժմ առճակատման մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ։ Ոչ դիվանագիտական լեզվով, խողովակներով, դիվանագիտորեն ոչ ճիշտ ընտրված պահին Ռուսաստանի հանդեպ հնչեցված մեղադրանքները, հասկանալի է, անարձագանք չէին մնալու։ Իհարկե, հասարակության տարբեր շերտեր կոգեւորվեն, վերջնականապես «կգիտակցեն, որ մեղավորը ռուսներն են», ու այսպես ձեռք ձեռքի տված՝ կշարունակվի պոպուլիզմի հաղթարշավն ընդդեմ պետականության։

Ինչպես եւ սպասվում էր, չկա ընդդիմության ինստիտուցիոնալ պատասխանը կառավարության ղեկավարին, ու հանրությանը չի տրվում մտորելու համար այլընտրանքային դիրքորոշում։

Սա մի իշխանություն է, որը կարող է սեպտեմբերին Ջերմուկում պատերազմ ունենա եւ շատ մեծ թվով զոհեր, իսկ դեկտեմբերին կուսակցական քեֆ անի նույն վայրում։ Վաղն էլ նույնը կանի Տավուշում, Արարատում եւ այլուր։

Այս ֆոնին ավելի ակներեւ է դառնում իշխանության այլընտրանքի բացակայությունը։ Ստեղծվում է տպավորություն, որ այսօրվա ընդդիմադիր ձեւաչափերի միակ ֆունկցիան նախորդ 30 տարին արդարացնելն է։ Սա էլ է ինչ-որ իմաստով քաղաքական թիկնապահություն։

Հիմա շատ սուր կանգնած է անհատական պատասխանատվության եւ անհատական որոշումների հարցը։ Կոլեկտիվ անպատասխանատվությամբ գնալու ենք նոր աղետի։ Ամեն մեկը պետք է որոշում կայացնի՝ ինքն անո՞ւմ է քայլ, թե՞ համակերպվում է:

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ընդգծել է նա։