Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Իրանի արտաքին գերծերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ լուծման կարևորությունը: Այս մասին հայտնում է khabarfoori.com կայքը:

Արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք կատարումը կարող է վերջակետ լինել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։

Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է զերծ մնալ անհարկի լարվածությունից՝ Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի՝ կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն կոչ են արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակել է «քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա»՝ ընդդեմ «հայկական կողմի հանքերի անօրինական շահագործման»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հուսով է, որ մոտ ապագայում այնտեղ կվերականգնվեն լիարժեք տրանսպորտային կապերը։

Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել. Shamshyan.com

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։

«Վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել պարեկները»,– ասված է կայքում։

Կայքի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գորիս, Քաջարան, Ապարան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում. 7 մարզերում մառախուղ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է:

Գորիս, Քաջարան, Ապարան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց):

Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝

արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում.
արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն.
առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առանձին հատվածներում դեկտեմբերի 21-ին սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ արեւմտյան, 2-5 մ/վ։ Ինչպես Երեւանում առանձին վայրերում հնարավոր են թույլ տեղումներ, կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3 + 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-3,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3 + 1,

Լոռիում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -3 + 1,

Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-2,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0 + 2,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0 + 2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0 + 2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2 + 1,

Արցախում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 1 + 5։

ՄԻՊ-ը կոչով դիմել է միջազգային դերակատարներին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու համար

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։

Ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները և կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա:

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Երբ խոսքն Արցախի մասին է, ՀՀ իշխանությունը սկսում է խոսել փողի մասին․ Գեղամ Մանուկյան

Երբ խոսքն Արցախի մասին է, ՀՀ իշխանությունը սկսում է խոսել փողի մասին։ Դուք անընդհատ ասում եք՝ «մենք նրանց փող ենք տվել»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա կոչ արեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն արցախցի է, «չիջնել նման մակարդակի»։

«Գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի վերածեք, գոնե դուք՝ ծնունդով արցախցի։ Ինչ խոսում եք՝ փող եք ասում։ Փողը տալիս եք, որովհետեւ Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, տալիս եք, որ մարդիկ լուռ մնան»,-ասաց Մանուկյանը։

Ալյուրի պաշարները բավարար են, հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան. Քննարկում Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը:

Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են և փորձ է արվում դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել:

Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:

Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:

Փողոցային առևտուրն անթույլատրելի է. Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում, օրինակ` ծառատեսակներ:

Նույն օրենքով՝ սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված համապատասխան վայրերում՝ Իրացման ցանցում:

Փոշին, կեղտը, մեքենաների արտանետումները բազմաշերտ աղտոտվածության աղբյուր են և, սննդամթերքի անվտանգության տեսակետից, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող՝ կենդանական ծագման, սննդամթերքի (ձուկ, հավ, միս, մսամթերք, կաթնամթերք և այլն) վաճառքը փողոցում լրջագույն վտանգ է մարդու առողջության և կյանքի համար:

Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և մեկնարկվող գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։

Խստացված վերահսկողություն է իրականացվում նաև կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Առանց Ձև 5 անասնաբուժական փաստաթղթի տեղափոխվող և վաճառվող միս-մսեղիքը ենթակա է առգրավման և ոչնչացման:

Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում. Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը խոսել է դեպքի մասին

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։

MediaHub.am-ը տեղեկությունը ճշտեց ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքեց այդ տեղեկությունը:

— Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։

-Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։

-Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։

-Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։

-Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։

-Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում։ Վրույրն էլ սկզբում ասում էր, որ մեղավոր չէ, բայց հետո մեղքն ընդունեց։

-Ձեզ հետ առերեսում եղե՞լ է, հանդիպե՞լ եք Արկադիին կամ Վրույրին։

-Չէ, չի եղել, բայց կուզեի, գուցե հետագայում լինի. հիմա ոչինչ ասել չեմ կարող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։