ՌԴ-ն մնում է մեր երկրի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցը․ քննարկում

Այս տարի հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները դարձան 30 տարեկան։ Մեր հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք ի վիճակի չեն ստվերելու ռազմաքաղաքական բարձր հարաբերությությունները, որոնք կան։ Այս մասին «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ իրողություններ և հեռանկարներ»» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:
Ամփոփելով 2022 թվականին հայ-ռուսական հարաբերությունները Սաֆարյանը կարևորեց Բիշկեկում «ԵԱՏՄ բիշկեկյան համաժողովի» շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպում, որը ևս մեկ անգամ հաստատեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային բնույթը։
«Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունները 10 ամսվա ընթացքում, ինչպես արձանագրվեց վերնոնշյալ հանդիպման ընթացքում, անցած տարվա համեմատ ավել է 67%-ով։ Սա ցնցող թիվ է, որը ստիպում է խոսել այն մասին, որ դեռ կա չօգտագործված պոտենցիալ։ Դեռ էլի կա հնարավորություն՝ խորացնելու և զարգացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները և դա ծառայեցնել մեր երկրի ու մեր ժողովրդի շահերին», — նշեց Սաֆարյանը։
Ահռելի զարգացման ներուժ կա եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ոլորտում, որը կարող է ծառայել մեր երկրում ոչ միայն երկրի տնտեսական հարստացմանը, այլ նաև առկա սոցիալ-տնտեսական առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։
«Ռուսաստանի ուղղությամբ՝ հայ-ռուսական առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հարևան Ադրբեջանի, որը նույնպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, առևտրատնտեսական համագործակցությունը՝ չնայած 8-9 միլիոն բնկչությանը, նույնպես 3 մլրդ դոլար է։ Սա խոսում է նար մասին, որ մեր տնտեսությունը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկաները։ Քանզի միայն ԵԱՏՄ շուկաներն են երաշխավորում պատրաստի արտադրանքի ավելացման և սպառման հնարավորությունները։ Միայն պատրաստի ապրանքն է ստեղծում հավելյալ արժեք։ Այսինքն՝ հումքի և պատրաստի արժեքի միջև տարբերությունն է դառնում օգուտը, որն էլ ապահովում է տնտեսության զարգացում, հարստացում, բարգավաճում, սոցիալական խնդիրների լուծում։ Այս հավելյալ արժեքի ստեղծման ճանապարհին Հայաստանն իր հայացքը ուղղել է դեպի Ռուսաստան և չի սխալվել, որովհետև ռուսաստանյան շուկան վերջին երեք տարում գնում և կլանում է Հայաստանից դուրս եկող ամբողջ պատրաստի ապրանքը», — շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարաբերություններին, Սաֆարյանը նշեց՝ ամենասերտ դաշնակիցներն ենք։ Երկրի ներսում ունենք վիճաբանություն՝ կատարու՞մ է արդյոք Ռուսաստանն այն բոլոր պարտականությունները, որոնք մենք ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակցից։
«Արձանագրում ենք, որ ինչպես եղել, այնպես 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը մնում է մեր երկրի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից և նրա ներկայությունը Հայաստանում երաշխավորում է մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կայունությունը մեր հարևանների հետ հարաբերություններում։ Առկա հարցերը չպետք է խրտնեցնեն, այլ ընդհակառակը՝ մեզ պետք է մղի էլ ավելի ազնիվ, անկեղծ, սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։Պետք է ի վիճակի լինենք ունենալ այնպիսի երկխոսություն, որտեղ Ռուսաստանին հետաքրքիր լինի Հայաստանը։ Ռուսաստանը Հայասատսնի խոշորագույն տնտեսական գործընկերն է։ Ռուսական ներդրումները Հասյատանում ամենամեծն են աշխարհում։ Ռուսական աշխատաշուկան ամենամեծն ու առայժմ անփոխարինելին է մեր աշխատանքային միգրանտների համար։ Ռուս տուրիստներն ամենամեծ սեգմետն են Հայաստանի տուրիստական բիզնեսում։ Այսինքն՝ Հայաստան ժամանող բոլոր զբոսաշրջիկների մոտ 40%-ը ռուսներ են և Ռուսաստանի քաղաքացիներ։ Նաեւ նոր երևույթ է Հայաստանում․ 51․00-ից 130․000 ՌԴ քաղաքացիներ տարբեր պատճառներով տեղափոխվել են Հայաստան՝ իրենց գործունեությունը շարունակելու», — հավելեց Սաֆարյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ կարեւորելով հայ-ռուսական հարաբերությունների հնարավորինս անաչառ դիտարկումը՝ նշեց, որ այն ժամանակները, երբ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացվում էին միայն վարդագույն ակնոցներով վաղուց անցել են։ Դա բավականին լուրջ վնաս է հասցնում պրակտիկ քաղաքականությանն ու հարաբերություններին ոչ միայն երկու երկրների միջեւ, այլև որոշակի տրամադրություններ են ձևավորում, թե մեր հասարակությունում, թե Ռուսաստանի հասարակությունում, թե գեոքաղաքական առումով լուրջ տարակուսանքներ են առաջացնում։
«Պետք է ռեալ գնահատենք՝ ինչ միջավայրում է տնտեսական աճը ձևավորվել։ Բոլորս հասկանում ենք, որ 2022 թվականը բացառիկ տարի էր Ռուսատանի համար, քանի որ ՌԴ-ն պատերազմական գործողությունների մեջ մտավ Ուկրաինայի հետ։ Հետագայում այդ ամենը տրանսֆորմացվեց փաստացի Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի ֆորմատ։ Լուրջ տրանսֆորմացիաների ենթարկվեցին ֆինանսական շուկաները։ Այդ սանկցիոն ռեժիմի պայմաններում սահմանափակումներ մտցվեցին, ֆինանսական հոսքերն իրենց հեշտ ուղին սկսեցին փնտրել։ Հայաստանի բիզնեսի ու տնտեսության համար բավականին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին համաշխարհային այս կոլաբսի մեջ։ Վակուումը լցնելու հնարավորություններ ստեղծվեցին։ Այժմ բավականին լուրջ դեր են սկսում խաղալ ԵԱՏՄ շրջանակում գործող օրենքները և հնարավորությունները։ Մենք պետք է բավականին սթափ գնահատենք, թե տնտեսական աճը, թե ապրանքաշրջանառությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ Հայաստանյան տնտեսական աճի վրա զգալիորեն ազդեցությունի ունի նաև այդ ռելոկացիա երևույթը, որի արդյունքում տրասֆերը Ռուսաստանից կրկնապատկվել է», — ասաց Հակոբյանը։
Հակոբյանը նաև նշեց, որ հիմա Հայաստանում տուրիզմի մի յուրահատուկ ձև է զարգանում՝ բանկայինը։ Մարդիկ Ռուսաստանից գալիս են մեր երկիր բանկային քարտեր հանելու, որպեսզի կարողանան արտաքին աշխարհի հետ շփվել։ Դրա արդյունքում մեր բանկերն այս տարի բավականին լուրջ աճ ունեն։ Մեր բանկային համակարգը հիմա գերտաքացված է, որովհետև այդ գումարները որոնք նստել են բանկային հաշիվներին սպառում չունեն այդքան։ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ այդ ծավալները սպառել։ Դրա հետևանքով է, որ վալյուտային կուրսերն այսպիսին են։
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին որպես ռազմավարական դաշնակիցներ, կարծում եմ՝ 2022 թվականը ամենապրոբլոմատիկ տարիներից է եղել, որը արտացոլվում է նաև որոշ սոցհարցումներում։ Բավականին լուրջ անկումներ կան Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Այդ վստահությունը 35-37 % է դարձել։ Ռուսաֆոբիան զգալի աճել է։ Մինչդեռ 5 կամ 10 տարի առաջ Ռուսաստանի ռեյտինգը կարող էր պակաս լինել 70%ից։ Սա պետք է մտահոգի Ռուսաստանին, Ռուսաստանի շահագրգիռ, ակտիվ հանրությանը։ Սկզբից պարտվում են սովորաբար հանրային դաշտում։ Ամեն բան սկսվում է հասարակական տրամադրություններից։ Այս տենդենցը պայմանավորված է 2020 թվականի պատեազմի արդունքներով։ Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը բավականին լուրջ հաղթանակ տարավ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ։ Երկար տարիներ հայ հասարակությունը ռուսական գործոնի կարևորությունը պայմանավորում էր անվտանգային խնդիրներով։ Տարիների հայ հասարակության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն է և ցանկացած պարագայում Ռուսաստանի հետ համագործակցելը կարող է լինել մեր հաջողության գրավականը։ Պատերազմի արդյունքում ոչ միայն արձանագրվել է նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն ակտը, այլ նաև հետագայում Ռուսաստանը թույլ է տվել, որպեսզի մեր տարածաշրջան իր բավականին ակտիվ ռեսուրսներով մտնի նաև Թուրքիան ու այստեղ հիմա աննախադեպ ազդեցություն ունենա», — հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին՝ Հակոբյանը նշեց, որ դրանք իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Ֆունկցիոնալ առումով ՀԱՊԿ-ը բավականին քիչ օգուտ կարող է տալ, բայց այնտեղ չլինելը կարող է բավականաչափ վտանգավոր լինել Հայսատանի համար։ Բայց նաեւ այս վարքագծով աշխատելը կարող է ևս վտանգավոր լինել, որովհետև ՀԱՊԿ-ի առջև ի սկզբանե դնում են խնդիրներ՝ իմանալով, որ այդ ձևաչափում չեն լուծվելու, ապա պրոբլոմ ես դառնում ՀԱՊԿ-ի համար։
«Այժմ էլ այն պրոցեները, որոնք տեղի են ունենում, չենք կարող դրական գնահատել հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այժմյան գլխավոր թրենդներից մեկն այն է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում՝ Լաչինի միջանցքի դեբլոկադայի առումով։ Հայ-ռուսական հարաբերությունների մեջ առաջին անգամ Հայաստանն արգելափակեց մի քանի սիմվոլիկ մարդկանց մուտքը Հայաստան։ Այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյան, Զատուլին։ Չենք կարող համարել, որ սա լավ հարաբերություններից է գալիս։ Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք շարունակում են կրել ռազմավարական բնույթ։ Չեն կարող այլ բնույթ կրել, քանի դեռ նույն Ռուսատանի համար այս տարածաշրջանը հետաքրքիր է, քանի դեռ տարածաշրջանի որոշ երկրներում իրադարձությունները համարում է գերկարևոր իր համար։ Ռուսաստանն այստեղ ունենալով իր գեոքաղաքական կամ ռեգիոնալ շահերը, այնուամենայնիվ փորձում է բազիսային ներդրումներ անել, առանց շատ մեծ նշանակություն տալով, թե ով է այդ պահին իշխանության», — իր խոսքը եզրափակեց Հակոբյանը։
Իր հերթին Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց, որ դրանք կարևոր են մեր պետության համար։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մեծ պայմանագրի 25-ամյակը նշում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական պրոցեսների ֆոնին, երբ փետրվարից այս կողմ շատ հարցերում, նույնիսկ արցախյան հարցի շուրջ, մեր տարածաշրջանի հետ կապված նախկինում ձևավորված ստատուս քվոն փոխվեց։ Այսօր մենք տեսնում ենք, որ հիբրիդային այս պատերազմը բավականին լուրջ ձևով ազդում է նաև մեր տարածաշրջանի վրա։
«Մենք տեսանք լարվածություն, թե Արցախում, թե Հայաստանի սահմաններին։ Հակառակորդի ագրեսին մեր տարածքերի հանդեպ էլ ավելի խորացավ։ Հիբրիդային այս պատերազմի ֆոնին բավականին բարդացել են Ռուսաստանի քայլերը և քաղաքականությունը մեր տարածաշրանում։ Չէի ասի, որ ուշադրության կենտրոնում չէ, բայց Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հիմնականում ուղղված է դեպի Ուկրաինա։ Բոլոր ռեսուսներն ու ջանքերն ուղղված են այն կողմ։ Բարդություններին զուգահեռ, չպետք է մոռանալ, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահները։ Այսօր լայնամասշտաբ պատերազմ չէ։ Եղած խնդիրներով հանդերձ՝ ի վերջո չունենալով մանդատ, կանգնած են ռուս խաղաղապահներրը։ Դե ֆակտո նրանք Արցախում են։ Մանդատի մի մասն է նաև՝ ինչ անել, կամ ինչ չանելը, ինչի իրավունք ունեն նրանք, ինչի իրավունք չունեն։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ապագայում հավելյալ վտանգների ֆոնին ինչպես իրենք կարող են գործել։ Այս ամենին զուգահեռ, եթե կա հնարավորություն, եթե կան ցանկացող պետություններ, որոնք կարող են իրենց հավելյալ ներդրումն ունենալ թող հանդես գան և մասնակցեն։ Բոլոր պետությունները, որոնք իրենց շահերն ունեն այս տարածաշրջանում, պետք է առաջին հերթին հասկանան, որ տեղում կան արդեն ռուս զինվորականներ։ Կարևոր է ֆիքսել, որ մտահոգություն կա նաև ռուսական կողմի մոտ», — նշեց Մելիքյանը։
Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Ծովինար Կոստանյանը, նշեց, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, աշխարհաքաղաքական նոր իրողությունները, Արեւմուտք-Ռուսաստան այս սուր հակամարտությունն ուղղակիորեն ազդեցությունն ունեն նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այստեղ առաջնահերթ ու կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, նաեւ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը։ «Այս ֆոնին առաջանում են նոր վտանգներ, որոնց պետք է դիմակայի Հայաստանը։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը պարբերաբար քննարկումներ է կազմակերպում, որպեսզի փորձագետներն ուղիղ երկխոսության հնարավորություն ունենան հասարակության՝ մասնավորապես ակտիվ երիտասարդության հետ, որոնց համար միևնույն չէ, թե ինչ ապագա է սպասվում մեր երկրին։ Այսօր մեր հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև անվտանգության երաշխավորը։ Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհ են անցել հայ-ռուսական հարաբերությունները և ինչպես պետք է ապագայում էլ ավելի զարգացնել դրանք, քանզի այդ հարաբերություններից է կախված մեր երկրի անվտանգությունը», — ընդգծեց Կոստանյանը։
Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պայմաններում գործող թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից, Հայաստանից ու արտերկրից

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Տիգրանակետի Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետին

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Կ․ Պոլսո Հայոց Պատրիարքության Տիգրանակետի Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վարդգես Էրկուն Այըքին։

Հանդիպմանը պարոն Այըքը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ 2022 թվականի մայիսին կրկին վերաբացվել է Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ ներկայացնելով եկեղեցու հովանու ներքո գործող փոքրաթիվ համայնքի գործունեությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու բարեմաղթանքներն է բերել պարոն Այըքին՝ նվիրյալ ծառայության համար, գոհունակություն հայտնելով, որ պատրիարք հոր և հավատավոր զավակների ջանքերով նախանձախնդրորեն նորոգվում ու պահպանվում են հայոց եկեղեցիները և մշակութային ժառանգությունը։

Մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել, որի պայմաններում Հայաստանի իշխանությունը հիմնականում բավարարվում է Արցախի հումանիտար վիճակի բարձրաձայնմամբ․ Աբրահամյան

Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում, սակայն որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու այն առաջին պլան բերելը, նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղիղ ենթակայությամբ գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ բնապահպանական պահանջներից բացի, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակումը պայմանավորված է նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք չտրամադրելու հանգամանքով

Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում։

Այն, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ միջանցքի փակելը ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքով և Հայաստանն ու Արցախը կապող հաղորդակցության միջոցները պետք է ունենան միևնույն ռեժիմը, սա ևս հայտնի փաստ է։

Այստեղ որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու առաջին պլան բերելը։

Մեղրիի թեման օրակարգից դուրս չէր էլ եկել, սակայն հատկապես Իրանի կոշտ հայտարարություններից, հակազդեցությունից հետո մի տեսակ երկրորդ պլան էր անցել։

Մյուս կողմից, Ադրբեջանն անընդհատ նշում է, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունը մի քանի ուղղություններ է ենթադրում, այդ թվում՝ երկաթգծային կապի միջոցով։

Եթե սրան գումարում ենք Թուրքիայից հնչող հայտարարություններն՝ ամեն գնով միջանցք ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Արցախից օկուպացված հարավային հատվածներում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրքական տեխնիկան մասնակի կամ ամբողջական Ադրբեջանի վերահսկողության տարածքներում թողնելը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Մի խոսքով, թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել, որի պայմաններում Հայաստանի իշխանությունը հիմնականում բավարարվում է Արցախի հումանիտար վիճակի բարձրաձայնմամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը

83 տարեկանում մահացել է Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության հիմնադիրը

83 տարեկանում մահացել է Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության հիմնադիր Խոսե Մարիա Սիսոնը, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցությանը:

Պրոֆեսոր Սիսոնը մահացել է Նիդեռլանդներում, որտեղ ապրում էր մեկուսի՝ 1987 թ. խաղաղ բանակցությունների ձախողումից հետո, երբ տասնյակ հազարավոր կյանքեր խլած ապստամբությունը հասավ իր գագաթնակետին:
«Սիսոնը․․․մահացել է Ֆիլիպինների ժամանակով ժամը 20:40-ին Ուտրեխտի հիվանդանոցում երկու շաբաթ անցկացնելուց հետո»,-հայտնել է կուսակցությունը՝ չնշելով մահվան պատճառը:

Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրա մահը կարող է հանգեցնել երկրում բռնության վերջնական դադարեցմանը՝ Սիսոնին անվանելով «ամենամեծ գայթաքարը» խաղաղության ճանապարհին:

Սիսոնը հույս ուներ տապալել երկրի կառավարությունը եւ հաստատել մաոիստական ռեժիմ, որը վերջ կդնի Ֆիլիպիններում «ԱՄՆ իմպերիալիզմին»։

Շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն  այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու  պետք է սովորենք   այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ  բացթողումները  շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը

Պետնախարը  նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:

Քննարկվել է  պարենային ապրանքների և դեղորայքի  շուկաներում ներկա իրավիճակը։  Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի  դիտարկումները  և  արձագանքել  անհիմն գնաճի դրսևորումներին։

Ներկայացվել է նաև հանրապետությունում  դրամաշրջանառության և  մասնավորապես, կանխիկ  գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարսրը պատասխանատուներին  հանձնարարել է  հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։

Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով  վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։  Նշվել է, որ  համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված   բացակայությունները հարգելի համարելու համար։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել  են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Վերականգնվելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը՝ մեր պատմության վրա․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև ․

«Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը: Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով:

Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանաում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից:

Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով իրապես կհաղթանակենք»։

Արցախում դեղամիջոցների գներն անհիմն բարձրացրել են. վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ

Քաղաքացու դիմումի եւ Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Սոցցանցերում դիտարկումների եւ Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:
«Խնդրում եւ հորդորում ենք անբարեխիղճ եւ անամոթ վարքագիծ դրսեւորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաեւ օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։