Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր բեղավոր թշնամին զռռում, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ընդունել Արցախի անկախությունը

Նիկոլիզմով տառապողները և զտարյուն ուսապարկերը վախի մթնոլորտում են հայտնվել այն բանից հետո, երբ ՀՀ -րդ Նախագահ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ միասին եկել էր Հանրապետության հրապարակ։
Ի՞նչու էր Սերժ Սարգսյանը եկել Հանրապետության հրապարակ։ Պատասխաններն ակնհայտ են ՝
Սերժ Սարգսյանը եկել էր հրապարակ, որովհետև հենց նրա և իր զինակից ընկերների շնորհիվ էր Արցախն ազատագրված, որովհետև Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ունեինք անվտանգություն ու խաղաղություն, որովհետև հենց Սերժ Սարգսյանն էր հակառակորդին ծնկած պահում, որովհետև հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր բեղավոր թշնամին զռռում, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ընդունել Արցախի անկախությունը:
Իրական և գործող լափողներն ու թալանչիները խոսում են նախկինների «թալանածից», այն նախկինների, որոնք բանակ էին շենացնում ու զինվորների մարտունակության մասին մտածում, ի տարբերություն այս դավաճանների ոհմակի, որոնք երկրի համար ծանրագույն պահերին տոնածառ տոնածառ են խաղում և ջայլամի քաղականություն վարում:

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ անհնարին է դարձել Սուրբ  Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը  սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղափոխել Արցախ։

Նշենք, որ նախատեսվածի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին, երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին, Ստեփանակերտի Սուրբ  Հակոբ եկեղեցի պետք է բերվեր  Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:

«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ

Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ:

Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Ս. Հակոբավանքում պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, իսկ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Պատարագի սկիզը՝ ժամը 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակիցը դառնալ սրբազան արարողությանը և միասնական աղոթք բարձրացնել հանուն հայրենիքի և հայ ազգի»,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրությունում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

էթնիկ զտման վտանգը բոլորին է պարզ․ Հայաստանի և Արցախի իշխանությունները, Սփյուռքը պետք է բարձրաձայնեն դրա մասին և կիրառեն ամբողջ գործիքակազմը․ Արցախի ՄԻՊ

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև շարունակվում է հաջակցություն Արցախի նստացույցը, որի նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի և Հայաստանի միջև անխափան կապի վերականգնմանը։

Նստացույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց նաև հնչող պահանջներից հիմնականը․ ռուսական խաղաղապահ առաքելությանը, նրա խոսքով, պետք է տրվի միջազգային մանդատ։

«Դրա համար երեկվա մեր ակցիան հատուկ թիրախավորել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 երկրներին, որովհետև այդ երկրները կարևոր դերակատարներ են։ Մեր կողմից փոխանցված նամակներում հստակ այդ պահանջները կան, որ հարցը քննարկման առարկա պետք է դառնա անվտանգության խորհրդի նիստում, և խաղաղապահ առաքելություն իրականացնողներին պետք է տրվի միջազգային մանդատ», — ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի անպատժելիությունը զսպելու այլ տարբերակ ինքը չի տեսնում ։

Արցախի ՄԻՊ-ը նաև համոզմունք հայտնեց՝ ադրբեջանական սադրանքները այս պայմաններում շարունակվելու են․ իհարկե, կարևոր է սեփական կարողություններն ու պաշտպանունակությունը բարձրացնելը, բայց տարածաշրջանում ուժային բալանսը խախտված է։

«Իր քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվությունն առաջին հերթին կրում է պետությունը, բայց 44-օրյա պատերազմից հետո ուժային բալանսը խախտված է, և նաև կան ձևավորված համարժեք միջազգային գործիքներ, որոնք մեզ պետք է օգնեն՝ կոմպենսացնելու այդ խախտված ուժային բալանսի տարբերությունը և, ըստ այդմ էլ, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասաց Ստեփանյանը։

Նա խոսեց նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների անելիքների, Սփյուռքից ակնկալիքների մասին։

Դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումները չեն արգելվի. պարզաբանում է ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ:

 Հայաստանի Հանրապետությունը «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն:

Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից: Ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա անմիջական մոտակայքում կամ հենց ուսումնական հաստատության տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց, որը հնարավոր գործողությունների պարագայում դառնում է առաջնահերթ խոցման թիրախ։ Ուստի երեխաների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք է՝ զերծ մնալ այդ հաստատություններում ռազմական բնույթի կառույցների տեղակայումից։

Ընդ որում, լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին հնարավոր մեղադրանքներ հնչեցնելու նպատակով:

Ինչ վերաբերում է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ապա այս առումով հետևողականորեն ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր առարկայական նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մասնավորապես 2021 թվականից կազմակերպվում են մարզառազմական ճամբարներ, որոնք, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված, 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար։

Արցախում առկա իրավիճակը երեխաների կրթության իրավունքի խախտում է. նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։

Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։

Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ

Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։

Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանն  ընդունել է Լին Թրեյսիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին:

Արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում:

«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ:

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն. խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրենքների փոփոխություններին

Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Այդ թվում.
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից 37 օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը չեղարկելու մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Ռոնալդուն ունի միայն մեկ առաջարկ

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական ակումբներից ոչ մի առաջարկ չի ստացել, հաղորդում է Soccernews.nl-ը։

Առայժմ միակ առաջարկը եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից, որը 2,5 տարվա համար պատրաստ է նրան վճարել 200 միլիոն եվրո աշխատավարձ։
Նոյեմբերին Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկկողմանի համաձայնությամբ խզել էին պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Այս շաբաթ Ռոնալդուն մարզվել էր Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Փաստաբանը նշեց, որ Ալեքսանյանն ազատության մեջ կլինի դեկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։