Հնդկաստանում կեղծ ալկոհոլ խմելուց հետո 39 մարդ է մահացել

Հնդկաստանում կեղծ ալկոհոլ խմելուց հետո 39 մարդ է մահացել։ Մի քանի տուժածներ տեղափոխվել են Հնդկաստանի Բիհար նահանգի հիվանդանոցներ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին:

Միջադեպը բողոքի ցույցեր է առաջացրել Բիհարի խորհրդարանում, երբ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դեմ են արտահայտվել նահանգում ալկոհոլի լիակատար արգելման պետական կառավարության քաղաքականությանը: Իր հերթին, նահանգապետ Նիտիշ Կումարը կոչ է արել մարդկանց զգոն լինել եւ կեղծ ալկոհոլ չգնել, ինչպես նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել մարդկանց, որոնք զբաղվում են ալկոհոլի արտադրությամբ: Դրանից անմիջապես հետո շրջանի վարչակազմը ստեղծել է պաշտոնյաների խմբեր, որոնք կմտնեն տուժած գյուղերը եւ կհանդիպեն զոհվածների ընտանիքներին ՝ գտնելու նրանց, ովքեր կարող էին վաճառել արգելված ոգելից խմիչքներ:

Գարեգին Սարգսյանը նշանակվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Գարեգին Սարգսյանը։

Սարգսյանը 2018 թվականից եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, 2021 թվականից՝ Կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող։

«Ներկայացրել եմ  տարածաշրջանային վերջին զարգացումները». Սուրեն Պապիկյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։

«Դեսպանին եմ ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։
Մտքեր ենք փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Լին Թրեյսիին ներկայացրել եմ տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը եւ դրա հետեւանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Բարձր եմ գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- նշվում է նախարարի հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյանը Twitter-ում երկու գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2 գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը:

Երկրորդ գրառման մեջ նա նշել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքը. 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից»:

Գևորգ Պապոյանը իրանցի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ որպես ՀՀ խորհրդարանի Հայաստանի-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակ է ուղարկել Իրանի խորհրդարանի իր գործընկերոջը՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին, կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին միավորող Լաչինի միջանցքը՝ շուրջ 120 հազար մարդու փաստացի թողնելով պատանդի կարգավիճակում։

«Ներկայացրել եմ նաև հակամարդկային գործողությունը, որով Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով ապահովող խողովակի փականը՝ զրկելով շուրջ 22 հազար երեխայի ջերմությունից և կրթության իրավունքից»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է պատգամավորը:

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:

Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերն ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։
Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։

Զեկույցը պատրաստվել է անգլերեն, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ լինել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքման ու հաստատման համար։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դոլարի փոխարժեքը աճել է, եվրոն ու ռուբլին էժանացել են 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կազմել է 394.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.51 դրամ (նվազել է 1.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.12 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.13 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-396 դրամով, վաճառվում է 402-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-415 դրամով, վաճառվում է 427-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.33-6.03 դրամով, վաճառվում է 6.20-6.60 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 418-421 դրամով, վաճառվում է 425-426 դրամով:

Ռուբլին գնվում է 5.90-5.95 դրամով, վաճառվում է 6.15-6.20 դրամով:

«Անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկումն անհրաժեշտություն է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ.

«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:
Դրանցից առաջնայինն Արցախի մեր հայրենակիցների համար առաջացած հումանիտար աղետի անմիջական վտանգն է: Բացի այդ, ավելի տևական բնույթի մարտահրավեր են Արցախի բնակչության համար շարունակական անվտանգային սրացած գոյաբանական ռիսկերը: Մյուս բաղադրիչը Արցախի կարգավիճակին առնչվող ռիսկն է:

Հայաստանի մասով անմիջական մարտահրավեր են իր սուվերեն տարածքի շարունակվող բռնազավթումը, նաև Ադրբեջանում տևական ժամանակ պահվող ռազմագերիները: Բացի այդ, սուվերենության հանդեպ լուրջ վտանգ են հանդիսանում Սյունիքի հարավում մեր տարածքների հանդեպ նկրտումները: Մեր տարածաշրջանում շարունակական բնույթ են կրում և ներկայումս էլ ավելի սուր արտահայտություն են ստացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակասական շահերի բախման երևույթները: Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ուղղակիորեն փոխկապակցված է միջազգային ասպարեզում խորը ճգնաժամի և միջազգային համակարգերի տեկտոնիկ բնույթի փոփոխությունների հետ:

Ռացիոնալ, ողջամիտ և կենսական շահ է հանդիսանում տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ տևական խաղաղության ու համագործակցության միջավայրի ապահովումը: Բնական է՝ պետք է հստակ արձանագրվի, որ չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին: Լուրջ մարտահրավեր է այդ առումով ներկայիս խիստ հակասական շահերի համադրումը:

Միևնույն ժամանակ, հայ հասարակությունը բախվում է ներքին պառակտումների և այլ հակասական ու բացասական երևույթների՝ տեղ տալով բարձր էմոցիոնալ ֆոնին: Դժբախտաբար, առկա են նաև անտարբերության երևույթներ և ռացիոնալիզմի պակաս: Արդյունքում ստորադասում ենք պետական շահի գերակայությունները:

Բացի այդ, հայկական աշխարհը ներկայացված է տարբեր ձևաչափերում, որից առաջնայինը սուվերեն պետության շրջանակն է՝ օժտված սուվերենության ու միջազգային հարաբերություններում ներգրավվելու ու գործելու ողջ գործիքակազմով: Այդ առումով, գերակա ու առաջնորդության դերը հենց Հայաստանի Հանրապետությանն է պատկանում:

Միևնույն ժամանակ, Արցախը նույնպես քաղաքական միավոր է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ենթատեքստում, սակայն սահմանափակ ռեսուրսով, ինչի պատճառը, բնականաբար սահմանափակ ստատուսն է, ինչը զրկում է նրան սուվերեն գործիքակազմի լիարժեք օգտագործումից:

Հայկական աշխարհը ներկայացված է նաև աշխարհասփյուռ հայությամբ, որը սակայն պետք չէ դիտարկել որպես մեկ միասնական միավոր: Այն բազմազան է ու բազմաշերտ: Նրանց ընդհանուր հայտարարը այլ պետությունների քաղաքացի լինելու և միաժամանակ հայկական ինքնությունը անհատական, հավաքական, կրթական, կրոնական և այլ ինստիտուցիոնալ միջոցներով պահպանելու մեջ է:

Որպես սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում՝ Հայաստանի ներկայիս առաջնահերթությունը հետևյալ օրհասական մարտահրավերներին դիմագրավելն է:

Այսօրվա դրությամբ առաջին հերթին դա վերաբերում է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկի վերացմանը: Այդ առումով, առաջին անհրաժեշտ գրավականը ներքին դիմադրության, ներքին ռեսուրսի մոբիլիզացման և էմոցիոնալ զսպվածության մակարդակի պահպանումն է: Սա պահանջում է անհատական և հավաքական պատասխանատվություն և քաղաքական առաջնորդում, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով` ընդդիմություն: Հասարակությունը կարիք ունի այլ բովանդակության խոսույթի:

Մյուս գերակա բաղադրիչը բացարձակապես հայկական շահի վրա հիմնված քաղաքականության իրականացումն է: Դա ենթադրում է տարբեր հակառակորդների ու գործընկերների հետ առնչություններում հայկական գերակայությունների կայուն պահպանում և հստակություն, հաշվարկների մեջ շահերի համադրումների և անհամադրելիության կառավարման ապահովում:

Ներկայիս դրությամբ գերակա է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկերի հանդեպ միջազգային իրազեկման բարձրացումը: Դա անհրաժեշտ է համապատասխան միջավայր ձևավորելու համար, որից պետք է բխեն գործնական քայլեր՝ իրավիճակի վրա արդյունավետորեն ազդելու և սպառնալիքները վերացնելու նպատակով: Սա առաջին հերթին Հայաստանի գործառույթն է: Պետք է հստակ գիտակցել, որ որպես սուվերեն պետություն, Հայաստանի թիրախն ու առաջին հասցեատերը համապատասխան պետությունների որոշում ընդունողների մակարդակն է, հենց ամենաբարձր մակարդակը:

Ելնելով իրողություններից, ողջամիտ, ռացիոնալ առաջին հասցեատերը այն պետությունն է, որ ներկայումս իրականացնում է խաղաղապահության գործառույթը: Սակայն դրանով չենք կարող սահմանափակվել, քանզի չենք կարող սահմանափակել մեր գործողությունների շրջանակը: Ողջունելի է, որ արդեն ստացել ենք որոշ մայրաքաղաքների հասցեական արտահայտմամբ դիրքորոշումները: Սրա շրջանակը անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել:

Հաջորդը, սուվերեն գործիք է միջազգային ատյանների օգտագործումը: Այդ առումով, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որը պայմանականորեն ասենք, ներկայիս իրողություններում բարձրագույն մարմին է, հանդիսանում է առաջնային թիրախ: Բացի այդ, ՄԱԿ-ի շրջանակներում առկա են տարբեր այլ համապատասխան հարթակներ, ներառյալ համապատասխան գործակալություններ կամ հատուկ ընթացակարգեր, որոնց մանդատներն առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին: Սա նույնպես պետք է գործադրվի: Ի դեպ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին չի կարելի թույլ տալ լուռ մնալ: Բացի այդ, նույն գործառույթներն անհրաժեշտ է գործարկել այլ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Այս գործառույթները անհրաժեշտ են, ամենից բացի, նաև Արցախում միջազգային ներկայության, այսպես ասած՝ տեղում միջազգային աչքերի ու ականջների ապահովման տեսանկյունից:

Արցախում հումանիտար աղետի խորացումը, էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների խորացող վտանգը առաջ են բերում «անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկման անհրաժեշտությունը: Սա, կարծում եմ, պետք է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում պահել:

Գործողությունների ու քայլերի կարևոր թիրախ է միջազգային հանրային կարծիքի ձևավորման և ուշադրություն գրավելու հրամայականը: Այստեղ ևս անհրաժեշտ է արդեն ավելի ընդարձակ ռեսուրսի օգտագործում, ներառյալ ոչ կառավարական ու լրատվական ռեսուրսն ու սփյուռքահայությունը: Թիրախային են առաջին հերթին լայն սփռվածության միջազգային լրատվական գործակալություններն և բոլոր այլ ազդեցիկ հարթակները: Անհրաժեշտ գործառույթ է նաև Արցախի ներկայացուցիչներին` թե ղեկավարությանը, թե` քաղաքացիներին ակտիվորեն պլատֆորմի տրամադրումը միջազգային հանրային դաշտում:

Միգուցե տարբեր երկրների հետ շահերի համադրման հարցում մեր ռեսուրսը ավելի նվազ է (ինչպիսին է մեր տարածաշրջանում նավթագազային գործոնը), սակայն սուվերեն գործիքակազմը մեզ զինում է անհրաժեշտ քաղաքական, իրավական և այլ միջոցներով, որը ակտիվ ու ագրեսիվ գործարկման կարիք ունի անմիջապես: Միևնույն ժամանակ, առանց որևէ էմոցիոնալ պոռթկումների, անհրաժեշտ է նաև մոբիլիզացված պահել դիմադրության և ինքնապաշտպանության մեր կարողությունները:

Այս գործառույթներն իրականացնելիս չափազանց կարևոր է պահպանել մշակված միասնական դիրքորոշումներ ու խոսույթ, որից շեղումները անհրաժեշտ է բացառել: Ի դեպ, քիչ, բայց թիրախային ու մշակված լեզվով խոսելը անհրաժեշտ է, ոչ թե ցանկալի: Հայկական գերակա շահերը պետք է հստակ ներկայացվեն և դրանցից որևէ մեկից որևէ օղակում շեղում չպետք է լինի, հատկապես հանրային խոսքում:

Արցախյան բլոկի հաջորդ գերակա մարտահրավերը վերջինիս կայուն անվտանգության և դրանից բխող ստատուսի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրագործման կամ վերագործարկման հարցն է: Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակն այդ առումով բնական ճանապարհ է խաղաղ հանգուցալուծման համար, սակայն բնականաբար` ոչ երաշխավորված: Այս առումով միջազգային մեխանիզմի առկայությունն անխուսափելի նպատակ է: Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում Հայաստանն է, որ մնում է լիարժեք սուվերեն գործիքակազմին տիրապետողը, և հետևաբար չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Որևէ որոշակիություն այս հարցում դեռևս տեսանելի չէ, քանզի ներկայիս պայմաններում առաջնային խնդիրն ընդհանրապես նման գործընթացի ինչ-որ ձևի մեկնարկման ապահովումն է»:

Մի քանի օր էլ դիմացեք, լուծումներ կգտնենք, բայց մեր հայրենիքը չենք զիջի. Ակցիա՝ Չինաստանի դեսպանատան դիմաց

Շարունակվում են Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնած ակցիաները՝ Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների դեսպանատների մոտ: ԱՄՆ դեսպանատնից ակցիայի մասնակիցները ենթով հասել է Չինաստանի դեսպանատան մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Դիվանագիտական ներկայացուցչությանը նամակ փոխանցելուց առաջ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին․ «Ամու՛ր եղեք՝ անկախ բոլոր զրկանքներից, անկախ բոլոր մարտահրավերներից։ Համոզված եղեք, որ կարմիր գծերը չպետք է որևէ զիջման ենթարկվեն, արժեքները, հայրենիքը, մեր կենսական շահերը չպետք է զիջման ենթարկվեն։ Մի քանի օր էլ դիմացեք, և մենք համոզված ենք, որ հնարավոր լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվազստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու մեր արժեքները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա ներկայացրեց նաև ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից Արցախի՝ այս պահին ունեցած ակնկալիքները։

«Այս պահին մենք հումանիտար աջակցության խնդիր ունենք, և համոզված ենք, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ահաբեկիչներից, ցեղասպանություն իրականացնողներին, ալիևյան ռեժիմի ծառաներից, այլ նաև պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախի Հանրապետություն, և այդ հարցում մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների խիստ և գործնական դիրքորոշումներն ու գործողությունները, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործողությունները»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:

ՀՀ–ի և ԱՄԷ–ի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր ։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարը։
«Հուշագրի շրջանակում ՀՀ կառավարությունը հանձն է առել ապահովել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունն իր հերթին պարտավորվել է պաշտպանել ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները` համաձայն երկրում գործող օրենքների: ԱՄԷ կառավարությունը հանձն է նաև ապահովել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի ու զբաղվածության համապատասխանեցումը երկրում գործող օրենքներին, ընթացակարգերին, և կանոնակարգերին։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել համակարգող հանձնաժողով, որը 6 ամսվա ընթացքում կապահովի, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ մեկնելը ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից:

Հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կողմերի իրավասու մարմինները կստորագրեն նաև իրականացման ընթացակարգերը: