Աշոցքի, Արթիկի, Լոռիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Աշոցքի, Արթիկի, Լոռիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Saxo Bank-ը 2023 թվականի համար «ցնցող» կանխատեսում է արել

Դանիական Saxo Bank-ի վերլուծաբանները ներկայացրել են 2023 թվականի համար տասը «ցնցող կանխատեսումներ»։

Saxo Bank-ի ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենի կարծիքով՝ «ներկա կանխատեսումը վիճարկում է ցանկացած ենթադրություն մինչհամավարակային եւ մինչ գնաճի դինամիկային վերադարձի մասին։ Դա անհնար է, քանի որ մենք մտել ենք ռազմական տնտեսության փուլ, երբ աշխարհի յուրաքանչյուր խոշոր տերություն փորձում է, դրանից զատ, ամրապնդել իր ազգային անվտանգությունը բոլոր ճակատներում՝ լինի ռազմական ոլորտը, մատակարարումների շղթան, էներգետիկ, թե ֆինանսական անվտանգությունը»։
Բանկն իր նախորդ կանխատեսման մեջ նախազգուշացրել էր, որ 2022թ. տեղի է ունենալու սառը պատերազմի նոր պտույտ։

Դանիական վերլուծաբանական բանկը եկել է այն եզրակացության, որ մարտական գործողությունները եւ հակամարտության սրումն Ուկրաինայում «վերադարձրել են ռազմական տնտեսության մասշտաբը», ընդ որում՝ այնպիսի մասշտաբներով, որոնք չեն եղել 1945-ից հետո։

Առաջին «ցնցող» կանխատեսումը Եվրոպայում միասնական զինված ուժերի ստեղծումն է ոչ միայն պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու, այլեւ ԱՄՆ-ի վրա ավելի քիչ հենվելու համար։

«2023թ. ակնհայտ կդառնա, որ Եվրոպան կարիք ունի կարգի բերելու իր պաշտպանական հնարավորությունները եւ ավելի քիչ հենվելու ԱՄՆ-ի ավելի փոփոխական դարձող քաղաքական ցիկլերի վրա, որոնք բարձրացնում են այն վտանգը, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել նախկին պարտավորություններից։ ԵՄ բոլոր անդամները պայմանավորվում են մինչեւ 2028թ. սկսել հավաեվրոպական զորքերի ստեղծումը, որոնք ինքնուրույն կապահովեն անվտանգությունը ցամաքում, ջրում, երկնքում եւ տիեզերքում»։ Saxo Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ ԵՄ-ը 10 տրլն եվրո կհատկացնի առաջիկա 20 տարիներին։

Երկրորդ կանխատեսումն այն է, որ Բրիտանիան 2023թ. կարող է հրաժարվել «Բրեքսիթից», ընդ որում՝ հարցը կլուծվի հանրաքվեի անցկացմամբ։ Վերլուծաբանները կանխատեսել են, որ 2023թ. երկրորդ կեսին Բրիտանիայում կարող է իշխանության գալ Լեյբորիստական կուսակցությունը, որն էլ կդառնա հանրաքվեի նախաձեռնողը։

«Ռեցեսիայի, գնաճի եւ դրանց առաջացրած հանրային դժգոհության ճնշման տակ երկրում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ,- նշել է բանկի վերլուծաբան Ջեսիկա Ամիրը։- Շատերը նշում են, որ բրիտանացիների ավելի երիտասարդ սերնդի մեծ մասը՝ 18-24 տարեկանների մոտ 80 տոկոսը, հանդես է եկել ԵՄ-ի կազմում երկրի մնալու օգտին։ Այն դեպքում, երբ երկրի 65 տարեկանից բարձր բնակիչների երկու երրորդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին»։

Կանխատեսումների համաձայն՝ քաղաքական ցնցում կարող է լինել նաեւ Ֆրանսիայում։ Մի կողմից՝ ձախ ուժերի, մյուս կողմից՝ Մարին լը Պենի գլխավորած աջ ուժերի ազդեցության մեծացման ֆոնին՝ նախագահ Մակրոնը «անսպասելի կհայտարարի հրաժարականի մասին»։

Չի բացառվում, սակայն, որ Մակրոնը կարող է հեռանալ մեծ քաղաքականությունից միայն ժամանակավորապես՝ առաջին պլան վերադառնալով այնպես, ինչպես դա արեց Շառլ դը Գոլը 1958թ.։

Բացի այդ, Saxo Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ «ռազմական տնտեսության» մարտահրավերները կզգացվեն ոչ միայն քաղաքականությունում, այլեւ տնտեսությունում։ Էներգակիրների գնի բարձրացման ֆոնին ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները եւ «տեխնոֆիլ-միլիարդատերերը» կստեղծեն բազմամիլիարդանոց նախագիծ՝ ուղղված էներգետիկայի նոր հնարավորությունների ուսումնասիրմանը։

«Էներգետիկայի վրա իր ազդեցությամբ այդ նախագիծը կհամեմատվի ատոմային էներգիայի ուսումնասիրման եւ միջուկային ռումբի ստեղծման «Մանհեթենի նախագծի» հետ, իսկ ներդրումները նոր նախագծում կկազմեն մոտ 1 տրլն դոլար»,- նշել են վերլուծաբանները։

Դանիական բանկի կարծիքով՝ գնաճային ճնշումը եւ աշխարհաքաղաքական անկայունությունը կշարունակեն ազդեցություն գործել ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլեւ ֆինանսական շուկայի վրա։ Այս համատեքստում պետությունները կորդեգրեն ավելի պահպանողական քաղաքականություն՝ նվազեցնելով ներդրումներն ավելի բարդ ֆինանսական գործիքներում, եւ միջոցներ կներդնեն այնպիսի ավանդական ակտիվներում, ինչպիսին է ոսկին։

Այս մետաղի բարձր պահանջարկը 2023թ., Saxo Bank-ի կարծիքով, կհանգեցնի այն բանին, որ դրա գինը կբարձրանա՝ մեկ ունցիայի ներկայիս 1,8 հազար դոլարից հասնելով 3 հազարի։

Saxo Bank-ի եւս մեկ կանխատեսումը վերաբերում է այն բանին, որ համենայն դեպս մեկ երկրում կընդունվի մսի արտադրությունից հրաժարվելու որոշում։

«Նայելով 2022թ. էներգետիկ շոկին՝ շատերը կարծում են, որ երկրները կհրաժարվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրենց պարտավորություններից,- նշել է Saxo Bank-ի վերլուծաբան Չարու Չանանան։- Բայց դրան չի կարելի համաձայնել լրիվ չափով, հատկապես Եվրոպայի առումով։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը վերաբերում է ոչ միայն էներգետիկային, այլեւ պարենային ճյուղի աշխատանքին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ մինչեւ 2050թ. ածխածնային զրոյական արտանետումների նպատակների կատարման համար մսի սպառումը պետք է կրճատվի՝ մեկ մարդու համար տարեկան միջինը 24 կիլոգրամի հասնելով, իսկ այժմ, ՏՀԶԿ-ի հաշվարկներով, այն կազմում է տարեկան մոտ 70 կիլոգրամ»։

Saxo Bank-ի վերլուծաբանները եկել են այն եզրահանգման, որ հաջորդ տարի աշխարհի առնվազն մեկ երկրում որոշում կընդունեն դուրս գալ կլիմայի փոփոխությունների դեմ պայքրաի առաջնագիծ եւ բարձր հարկեր կմտցնեն մսի արտադրությունում՝ սկսած 2025-ից, իսկ մինչեւ 2030թ. լրիվ կհրաժարվեն մսի հայրենական արտադրությունից՝ զարգացնելով բուսական անալոգների տեխնոլոգիան եւ արտադրությունը, ինչը ավելի մարդասիրական է եւ ավելի քիչ ջերմոցային արտանետումներ է արձակում։

Երեկ Մոսկվայում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը․ Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման վերաբերյալ։
Նիստի արդյունքների և երկաթուղու կառուցման հեռանկյարների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր հարց ուղղեց իշխող խմբակցության պատգամավորներից Սարգիս Խանդանյանը։

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ»,- այս առնչությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց՝ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, երկաթուղին ու ճանապարհները ՀՀ օրենսդրության ներքո պետք է գործեն։

«Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, և այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանահրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Դեմոկրատները Ջորջիայում ընտրությունների երկրորդ փուլից հետո ապահովել են մեծամասնությունը Սենատում

Դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը առաջ է անցել հայտնի ֆուտբոլիստ, հանրապետական Հերշել Ուոքերից Ջորջիայում Սենատի ընտրությունների երկրորդ փուլում՝ կարեւոր հաղթանակ բերելով Ջո Բայդենին ու նրա կուսակցությանը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ընտրաթերթիկների հաշվարկի ավարտից հետո բապտիստ քահանա Ուորնոքը ստացել է ընտրողների ձայների 50,6 տոկոսը, այն դեպքում, երբ Ուոքերի ձայները 49,4 տոկոս էին։
Ուորնոքի հաղթանակը դեմոկրատներին մեծամասնություն է ապահովում Սենատում երկու տարի հետո, երբ տեղերը պալատում հավասար կիսվել էին, եւ ձայների հավասարության դեպքում վճռական ձայնը պատկանում էր փոխնախագահ Քամալա Հարիսին։

Ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը պահանջվում էր նահանգի օրենքին համապատասխան, քանի որ մեկ թեկնածուն չէր հավաքել ձայների մեծամասնությունը նոյեմբերի ընտրությունների ժամանակ։

Դեմոկրատները 51 տեղ են ստացել 100 տեղանոց Սենատում, դա նշանակում է, որ նրանք կարող են խզել պալատում հանրապետականների հետ իշխանությունը բաժանելու համաձայնագիրը եւ հստակ մեծամասնություն ապահովել կոմիտեներում։

Նրանք նաեւ կարող են իրենց թույլ տալ մեկ ձայն կորցնել այնպիսի հարցերում, ինչպիսին է գործադիր իշխանության պաշտոններում թեկնածուների եւ դատավորների հաստատումը։

Լրացուցիչ տեղը կարող է նաեւ կարեւոր նշանակություն ունենալ 2024թ. մեծամասնությունը պահպանելու դեմոկրատների հետագա ջանքերում, երբ ընտրությունների քարտեզը զգալիորեն նպաստավոր կլինի հանրապետականների համար։

Գերմանիայում  ձերբակալել են դավադիրների հետ կապ ունեցող ԱԳհ կուսակցության նախկին պատգամավորին․ Welt

Գերմանիայում ձերբակալվել է բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության նախկին պատգամավորը, որը դավադիրների բացահայտված խմբի կողմից երկրում ծրագրված իշխանության զավթումից հետո պետք է դառնար արդարադատության նախարար, հայտնում է Welt-ը եւ Zeit-ը։

«Խուզարկված օբյեկտների թվում են եղել նաեւ ԱԳհ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինքեմանի բնակելի տարածքները: Welt-ի թղթակիցները նկատել են, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատը առավոտյան 6-ի սահմաններում մեքենայով մոտեցել Բեռլինի Վանզե բնակելի թաղամասի թաունհաուսին եւ հարվածելով կոտրել մուտքի դուռը: Մալզակ-Վինկեմանը ձերբակալվել է եւ տեղափոխվել Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության պահակախմբի ուղեկցությամբ:
Մեկ այլ հրատարակության՝ Zeit-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ նոր կառավարությունում Մալզակ-Վինկեմանը արդարադատության նախարարի պաշտոնը պետք է ստանձներ։

Մալզակ-Վինկեմանը գերմանացի իրավաբան է, դատավոր եւ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի քաղաքական գործիչ: 2017-2021 թվականներին նա Գերմանիայի 19-րդ գումարման Բունդեսթագի պատգամավոր էր։

Դիմել են «Տոլիկին», որպեսզի նա որոշակի առավելություն տրամադրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձանց. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից «Տոլիկ» մականունով հայտնի անձին, վերջինիս՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, դիմել են՝ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից պարտք-գումարները ստանալու նպատակով:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից հիշյալ անձը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու, այն է՝ պարտք-գումարը վերադարձնելու նպատակով, օգտվելով իր կարգավիճակից և իրականացնելով համապատասխան գործողություններ, ստանձնել է վեճերի լուծումը` դրա դիմաց ստանալով անօրինական օգուտ:

Պարզվել է նաև, որ պատիժը կրելու ընթացքում «Տոլիկ» մականվամբ հիշյալ դատապարտյալին են դիմել, որպեսզի վերջինս, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր կարգավիճակից օգտվելով, որոշակի առավելություն տրամադրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձանց:

Հարուցված քրեական հետապնդման հիման վրա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերին:

Եվս մեկ դատապարտյալի մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասին (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:45-ին, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում շուրջ 651 միլիոն է

COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 7-ի դրությամբ կազմել Է 650 միլիոն 974 հազար 122: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 649 հազար 964-ի: COVID-19-ով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ մինչ հիմա հայտնաբերվել Է 100 միլիոն 962 հազար 660 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 1 միլիոն 107 հազար 794-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել Է 44 միլիոն 674 հազար 874-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 530 հազար 638 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Ֆրանսիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 38 միլիոն 184 հազար 81 դեպք, մահացել Է 159 հազար 362 մարդ:
Ըստ Worldometer հարթակի,՝ Հայաստանում մինչ դեկտեմբերի 7-ը գրանցվել է COVID-19-ով վարակվելու 445 հազար 828 դեպք, մահացածների թիվը կազմում է 8 հազար 712, առողջացածներինը ՝ 434 հազար 979:

Ամբողջ աշխարհում COVID-19-ից դեկտեմբերի 7-ի դրությամբ առողջացել է է 627 միլիոն 677 հազար 652 մարդ:

Գյումրին հինգ տարի անց առանց տնակների կլինի. փոխվարչապետ

Առաջիկա 5 տարիների ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Ցավում եմ, որ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր և կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը հնարավորինս շուտ վերացվեն: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների հարցը մեծ մասով կարող ենք համարել լուծված: Մի քանի քաղաքացիներ, որոնք Չքաձոր համայնքի 28 բնակիչներ են, իրենց դիմումի համաձայն նախընտրել են, որ իրենց բնկարնային ապահովման խնդիրը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման եւ համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում: 2023-ի ավարտին արդեն կարող ենք փաստել, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային ապահովման հարցը ամբողջությամբ լուծված կլինի: Իհարկե, կան նեւ դատական գործեր:
Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,- ասաց փոխվարչապետը։

Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին քաղաքը տնակներից ձերբազատելու նոր ծրագիր է մեկնարկելու. «Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով՝ նախ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են»,– ասաց պաշտոնյան:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին հայտնեց, որ տնակներում բնակվող ընտանիքներից 36–ն առաջիկայում բնակարաններ կստանան Գյումրու Մուշ-2 թաղամասում, իսկ հաջորդ տարի բնակարանամուտ կտոնեն ևս 66 ընտանիքներ։ Քաղաքապետի խոսքով` կլինեն նաև սոցիալական բնակարաններ:

Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:

Telegram-ում այսուհետ օգտահաշիվ կարելի է բացել առանց SIM քարտի՝ անանուն համարով․ իսկ ինչպե՞ս գնել անանուն համար

Telegram-ը ներկայացրել է խոշոր թարմացում, որը հնարավորություն է տալիս նոր օգտահաշիվ գրանցել առանց այն կոնկրետ հեռախոսահամարի կցելու։

«Այսօր գաղտնիության նոր դարաշրջան է սկսվում. Telegram-ի օգտահաշիվն այժմ կարող է գրանցվել առանց SIM քարտի՝ օգտագործելով բլոկչեյնի վրա հիմնված անանուն համարներ: Նման համարներ կարելի է գնել Fragment հարթակում»,- իրենց բլոգում գրել են Telegram-ի մշակողները։

Ամենամատչելի անանուն համարն այժմ հարթակում վաճառվում է 4 TON կրիպտոարժույթով (սովորաբար արժեն 9 TON ), որը կազմում է մոտ 450 ռուբլի: Այնուամենայնիվ, այն առաջարկվում է աճուրդի ձևաչափով, ուստի իրական արժեքը ավելի բարձր կարող է լինել։ Եթե ​​անանուն համարն այլևս անհրաժեշտ չէ, այն կարելի է հետո վաճառվել աճուրդով:

Այս թարմացման շրջանակում Telegram-ն իրականացրել է բազմաթիվ այլ նորամուծություններ։ Ավելացել է ակտիվ սպամի դեմ ֆիլտր և բոլոր չատերն ավտոմատ ջնջելու գործառույթ, էմոջիների նոր հավաքածուներ և նոր ինտերակտիվ էմոջիներ: Emoji-ի որոնումը հասանելի է դարձել նաև Telegram-ի iOS օգտատերերին, իսկ Android տարբերակում հայտնվել է «Հիշողության օգտագործման» մենյուի թարմացված բաժին. այժմ հնարավոր է տեսնել, թե չատերից յուրաքանչյուրը որքան տեղ է զբաղեցնում սարքում:

Ինչպե՞ս գնել անանուն համար
Fragment կայքում մոտ 990 ռուբլով (9 TON) հնարավոր է գնել պատահական անանուն համար +888 XXXX XXXX, որի սեփականությունն իրացվում է NFT-ի միջոցով։ Մեկ անգամ վճարելով՝ համարը կլինի գնորդի սեփականությունը, քանի դեռ այն չի վաճառել աճուրդով։ Նոր անանուն համարով հնարավոր է գրանցվել Telegram-ում առանց SIM քարտի կամ նոր համարը կցել Telegram-ի ընթացիկ օգտահաշվին։

Նախ պետք է Tonkeeper-ում ստեղծել (այդ մասին կարդացեք այստեղ) դրամապանակ, որպեսզի հնարավոր լինի գնել TON կրիպտոարժույթ,
Fragment-ում կցել Tonkeeper դրամապանակը՝ սեղմելով Connect TON կոճակը, (դրամապանակում կարող եք գնել TON կրիպտոարժույթ Android-ի կամ iOS-ի առանձին բջջային հավելվածի միջոցով)։
Վերադառնում եք Fragment, կայքի վերին ձախ անկյունում սեղմում Numbers կոճակը,
Ընտրում ձեր ուզածը՝ մասնակցել աճուրդին և գնել եզակի վիրտուալ համար կամ գնել պատահական համար 9 TON-ով ( մոտ $16): Եթե ​ընտրում եք ​երկրորդը, ապա այնուհետև պետք է սեղմել Buy instantly for 9 TON,
Սեղմում եք «Unlock this number for 9 TON» հրահանգը,
Բացված Buy Random Number պատուհանում սեղում եք Buy now with Tonkeeper,
Tonkeeper հավելվածում սեղմում եք «Հաստատել»,
Այս քայլից հետո արդեն համարը ձերն է, ինչում կարող եք համոզվել վերադառնալով My Assets էջ։
Ինչպե՞ս կցել անանուն համարը Telegram-ի ընթացիկ հաշվին
Մտնում եք Telegram կարգավորումների պրոֆիլի փոփոխության բաժին և սեղմում «Փոխել համարը» կոճակը։
Ապա մուտքագրում ձեր գնած վիրտուալ համարը. մեսենջերը «Երկիր» կետում կնշի, որ այն անանուն է։
Մտնում եք Fragment-ի էջի My Assets բաժին, գտնում ձեր գնած վիրտուալ համարը և սեղմում Get Login Code կոճակը:
Telegram-ում մուտքագրում եք կոդը, որը գրված է Fragment-ում։ Եվ վերջ։