Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առանձին հատվածներում դեկտեմբերի 7-ին սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վ։

Երեւանում առանձին վայրերում հնարավոր են թույլ տեղումներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 + 1, վաղը ցերեկը՝ + 4 + 6։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2 + 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ -1 + 2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1 + 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2 + 1,

Լոռիում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,

Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -1 +3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7 ,

Արմավիրում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի նախալձեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2+1,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 1+5:

«Օրենքով գող» Պզոն հիվանդանոցից ազատ է արձակվել. ArmLur.am

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, հիվանդանոցից ազատ է արձակվել: Armlur.am-ը:

Նշվում է, որ օրեր առաջ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք: Բերման ենթարկվածների մեջ է եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է գող կարգվեր:

Արմեն Ղազարյանը կալանավորվել էր եւ ահա դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել եւ կալանավորման որոշումը վերացվել է:

Հայաստանի գրեթե բոլոր հատվածներն ադրբեջանական ներխուժման վտանգի տակ են․ Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկմանը հորդորեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիայի դրսևորումները չբնութագրել որպես «սահմանային լարվածություն»։

«Կան ակնհայտորեն օկուպացիայի ենթակա և օկուպացված առանձին տարածքներ, ադրբեջանական ռազմական ներխուժում, և Հայաստանի գրեթե բոլոր հատվածներն այդ ներխուժման վտանգի տակ են»,- ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր լարվածությանը, պահպանվող լարված մթնոլորտին, ապա դրա մեղավորն, ինչպես նշեց Արծվիկ Մինասյանը, Հայաստանի գործող իշխանությունն է՝ իր վարքագծով։

«Հայաստանի իշխանությունը, ըստ էության, մեր հիիմնական ռազմավարական դաշնակիցների՝ հետ հարաբերություններում ներառել է բացահայտ անվստահության մթնոլորտ, փաստերի առաջ կանգնեցնելու վարքագիծ է դրսևորել․ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ մեր այն դաշնակիցների հետ, որոնք աշխարհով մեկ պատրաստ են հայ ժողովուրդների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ հանդես գալ, ինչպես Ֆրանսիայի Սենատն արեց»,- նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն առաջարկում էր Ադրբեջանի գործողությունները դատապարտող այնպիսի հայտարարություն ընդունել, որն իր շեշտադրումներով և ուղերձներով ավելի թույլ չպետք է լինի և ավելի նվազ պահանջներ չառաջադրի, քան Ֆրանսիան է առաջադրել Ադրբեջանի հարցով, այնինչ իշխող ուժը պատճառաբանում էր, թե դրանով ավելի «կբարկացնեն» Ադրբեջանին։

«Սա աբսուրդ է։ Այսինքն, չօգտագործես քո ժողովրդի ապրելու իրավունքի բանաձևը, ինչ է, թե Ադրբեջանն ավելի՞ կլարվի։ Հակառակը, այսպիսի վարքագծով մենք զրկում ենք այլ երկրներին՝ մեզ աջակցելու հնարավորությունից»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Mitsubishi Pajero-ն «Մեգամոլ»-ի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան երիտասարդին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայից իջնող 20-25 տարեկան տղա հետիոտնի։ Գրում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենարկվածի ինքնությունը։

Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի երկրորդ առաջարկն ընդունելի չէ. Աղաջանյան

Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի կողմից երկրորդ անգամ արված առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, ընդունելի չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Առաջարկը, որը ստացել ենք մենք, հնարավոր փաստաթղթի մշակման գործնական ընթացք է։ Այսինքն` ի սկզբանե ադրբեջանական կողմից մենք առաջարկներ էինք ստացել, ինչին ի պատասխան նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակն ենք ուղարկել` մեր առաջարկները։ Վերջին շրջանում որևէ նման հայտարարություն, որ չեն ընդունում մեր առաջարկները, չի եղել»,–ասաց Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից խաղաղության բանակցությունների երրորդ փաթեթին կողմ կամ դեմ լինելուն, ապա Աղաջանյանը նշեց` քանի դեռ տեքստն աշխատանքային փուլում է, որևէ դիրքորոշում` այն ընդունելի է, թե ոչ, վաղ է ասել։ Նա միայն հիշեցրեց, որ խոսքը գնում է նույն փաստաթղթային հիմքի շուրջ աշխատանքների մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը, և հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի վերջը։

Նրա խոսքով` Ադրբեջանը 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է պայմանագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին։

Եթե Հայաստանն այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդը ինքնորոշման գործընթացով անցնելու էր չէ՞, հայ–ադրբեջանական սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի. Մարիա Կարապետյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի, այդ սահմանը գոյություն ունի 1991թ-ից, երբ երկու երկրներն անկախացել են և այդ սահմանը Ալմա Աթայի հռչակարգրով վերահաստատվել է։ Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Դիցուք երևակայեք Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդը ինքնորոշման գործըթնացով անցնելու էր չէ՞։ ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրրի հետ , Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ այս հակամատության մեջ որևէ դերակատարում է ունեցել , սա տարածքային վեճ չէ և Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ»,- ասաց Կարապետյանը։

Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու և Տավուշի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի,

Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառում զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառում զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Ադրբեջանական Minval-ի փոխանցմամբ՝ զինծառայող Ազիմամեդով Նահիդ Մահիր օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

Կրեմլում այժմ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների հեռանկարներ չեն տեսնում. Պեսկով

Ռուսաստանը համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններին, որ իրավիճակի լուծման արդյունքը պետք է լինի արդարացի եւ երկարաժամկետ խաղաղությունը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այն, որ կատարվողի արդյունքը պետք է դառնա արդարացի, երկարաժամկետ խաղաղությունը, դրան կարելի է համաձայնել։ Բայց ինչ վերաբերում է ին-որ բանակցությունների հեռանկարներին, ապա մենք դրանք չենք տեսնում ներկա պահին։ Մենք քանիցս այդ մասին ասել ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Pfizer-ը և BioNTech-ը հայց են ներկայացրել ընդդեմ Moderna-ի

Ամերիկյան Pfizer Inc. և նրա գերմանական գործընկեր BioNTech SE-ն հայց են ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան՝ պահանջելով, որ իրենց մրցակից ամերիկյան Moderna Inc. ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտոնագրային փաստաթղթերն անվավեր պահանջել:Այս մասին հայտնում է dw.com-ը:

Ինչպես տեղեկացրել է Pfizer Inc.-ի ներկայացուցիչը, իրենց ընկերությունը, ինչպես նաև BioNTech-ը, վստահ են իրենց մտավոր սեփականության պատկանելության հարցում և «ակտիվ կպաշտպանեն» Moderna Inc-ի պահանջներից:

Moderna Inc.-ում այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չեն արվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna Inc.ընկերությունն օգոստոսի 26-ին հայտարարել էր Pfizer Inc.-ի և BioNTech SE-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին: Ընկերությունը պնդում էր, որ Pfizer Inc.-ը և BioNTech SE-ն Comirnaty պատվաստանյութի մշակման հարցում կիրառել են մշակումներ, որոնք Moderna Inc.-ը համարում է իր արտոնագրված սեփականությունը:

Հայցերը ներկայացվել են Բոստոնում Մասաչուսեթսի շրջանային դատարանում և Դյուսելդորֆի բարձրագույն շրջանային դատարանում։

Moderna Inc.-ի դիրքորոշման համաձայն՝ Comirnaty հակակորոնավիրուսային պատվաստանյութը, որը մշակվել է Pfizer Inc.-ի և BioNTech SE-ի կողմից, խախտում է Moderna Inc.-ի արտոնագրերը mRNA պատվաստանյութերի «հիմնական տեխնոլոգիայի» վերաբերյալ:

Pfizer Inc.-ը և BioNTech SE-ն, արձագանքելով Moderna Inc.-ի հայցին, ասել են, որ իրենք են մշակել իրենց պատվաստանյութը: Նրանք ստեղծված իրավիճակը որակել են «ռեվիզիոնիստական պատմություն»:

Բոլոր երեք ընկերությունները ներգրավված են պատվաստանյութերի վերաբերյալ այլ ընկերությունների հետ արտոնագրային վեճերում: