Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ խոսնակ

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Մանուել Նոյեր․ Գլխավորն այն է, որ դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Ծանր խաղ էր։ Մենք պայքարեցինք Իսպանիայի հավաքականի հետ եւ շատ բան չկարողացանք մեզ թույլ տալ։ Արժանին պետք է մատուցել մեր պաշտպաններին։
Բարդ էր գոլ խփելը, բայց 0:1 հաշվի ժամանակ էլ հավատում էինք մեր ուժերին։ Գլխավորն այն է, որ դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր»,- Նոյերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

E խմբում երկու տուրից հետո Իսպանիան 4 միավորով առաջատարն է եւ վերջին տուրում կմրցի 3 միավոր վաստակած եւ երկրորդ տեղում գտնվող Ճապոնիայի հետ։ 3 միավոր ունի նաեւ Կոստա Ռիկան, որը վերջին տուրում կխաղա Գերմանիայի հետ (1 միավոր)։

Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

Բնապահպանական ոլորտի հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների ձեռնարկած հերթական միջոցառումը նոյեմբերի 27-ին էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ երեկոյան ժամը հինգի սահմաններում Դսեղի անտառտնտեսության մի հանդամասում նրանք մոտեցել էին բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարող անձանց, որոնք դիմել էին փախուստի:
Հանդամասում ոստիկանները հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով, նաև` լորենու կոճղեր: Անտառահատներն այնքան արագ էին լքել տարածքը, որ մեքենայի սրահում թողել էին ոչ միայն բենզասղոցի պահեստամասեր ու կացին, այլև բջջային երկու հեռախոս:

Դեպքի վայրը պահպանելու նպատակով նշանակվեց ոստիկանական վերակարգ:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ավտոմեքենան և փայտանյութը պատկանում են դսեղցի 25-ամյա մի երիտասարդի: Արդեն առավոտյան նա հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանեց, որ բենզասղոցով ապօրինի հատել էր երկու լորենի, որոնք ընկերոջ հետ մանրացրել և բեռնել էին մեքենան:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել սոցցանցում․

«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար:
Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասաց, որ Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակներս լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը:

Բաժակ նայողն ասաց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը:
Բաժակ նայողն ասաց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:

Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

Հ․Գ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»,- գրել է Մհեր Մկրտչյանը:

«Գոլդեն չոյս»-ի արտադրությունում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ հնդկահավի վետչինա «Միլանո» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։

Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։

Գործով նախնական դատական նիստ հրավիրվել է հունվարի 17-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 49 վթար. 12 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 12 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Էդմոնին ասեք, թող այս մասին էլ մի հատ թվիթ անի»․ Արմեն Աշոտյան

Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։
Իհարկե, միանշանակ է, որ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լուծված, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը վերացել է որպես քաղաքական միավոր, այդ թվում՝ միջազգային քաղաքականության մեջ։
Էդմոնի գրածի զավեշտը ուրիշ տեղ է։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Էդմոնի շեֆ Նիկոլը ունեցել է 3 հանդիպում Ալիեւի հետ ռուսական միջնորդությամբ եւ 5 հանդիպում՝ եվրոպական։
Ահա այդ հանդիպումներում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման վիճակագրությունը։
11.01.2021 — Մոսկվա- ԼՂ հիշատակում չկա։
26․11․2021- Սոչի- ԼՂ հիշատակում կա։
14 December 2021- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։
6 April 2022- Բրյուսել — ԼՂ հիշատակում չկա։
23 May 2022- Բրյուսել — Հիշատակվում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։
31 August 2022 — Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։
06.10.2022- Պրահա — ԼՂ հիշատակում չկա։
31.10.2022- Սոչի- ԼՂ հիշատակում չկա։
Այսինքն հաշվետու ժամանակահատվածում Նիկոլով կայացած 8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործվել է ընդամենը մեկ (!) անգամ։
Փաստորեն, ՌԴ ՊՆ-ն ավելի հետեւողական է այդ հարցում, քան իր համաձայնությունը տվող Նիկոլը։
Հ.Գ. Էդմոնին ասեք, թող այս մասին էլ մի հատ թվիտ անի։

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորնումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը Գլխավոր դատախազությունը փոխանցել է ԱԱԾ-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00-ն, hakob.knajyan@ecsc.am Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում է դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ անձը հաստատող փաստաթղթով ժամը 10:00-ին ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3 Կառավարական տուն 2):