Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»:
Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել էՀՀ ԱԱԾ-ի կողմից։
Փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն ի դեմս ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի, մոռանալով իրենց բուն պարտականությունները, այն է ՝ երկրի արտաքին ևներքին բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման եւ արդարության վերականգնման պարտավորությունը, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»:
Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի:
Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները, դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից կատարելության:
Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ։
ՀՀԿ Գործադիր մարմին

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5–ին (վիդեո)

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5–ին։ Այս մասին հայտնում են Կառավարության ֆեյսբուքյան էջում։

Հանրապետության հրապարակում Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երեւանում դեկտեմբերի 11-ին: Այն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն Գրիգոր Կյոկչյանի սանն է:

Ինչու՞ էր իրանցի ֆուտբոլիստը բռնել հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից

Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը պատմել է, թե ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշի կոկորդից՝ տոնելով Ուելսի դեմ խաղում իրանցիների խփած 2-րդ գոլը։

«Ամեն ինչ նորմալ է։ Պարզապես մենք նրան շատ ենք սիրում»,- Ազմունի խոսքերն է փոխանցում Sport24-ը։

Ուելսի նկատմամբ հաղթանակն իրանցիների համար առաջինն էր ԱԱ-2022-ում։ Մրցաշարի առաջին խաղում Կեյրուշի թիմը 2-6 հաշվով զիջել էր Անգլիայի ընտրանուն։ Խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Ազմունի թիմը պահպանում է խմբից դուրս գալու շանսերը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր և զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Գյումրիի «Լոֆթ» ժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 13:50-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում:

ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին: Այրվել է գրասենյակային գույքը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 10 քմ)։

Եղանակը Հայաստանում. լեռնային շրջաններում թաց ձյուն է սպասվում

Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երեւանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին՝ մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է մինչեւ 6 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը 10-ից 12 աստիճան տաքություն

Շիրակում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 5 + 8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 4 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 7 + 10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 3 + 6,

Լոռիում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 8 + 13,

Տավուշում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 10 + 15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 8 + 12,

Արարատում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 14,

Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 6 + 10,

Արցախում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 9 + 12։

Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է. բժիշկների կողմից բուժման և ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել. ԱՆ

Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում եւ բժիշկների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես տեղեկացրել էինք, Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ. ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, (https://moj.am/article/3339), որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։

ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։

Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»:

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 250 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր

Նոյեմբերի 25-ին` ժամը 21:35-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր համայնքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։
Դեպքի վայր մեկնած Շուշիի շրջանային ԱԻ և ոստիկանության բաժինների ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 36-ամյա բնակիչ Ս. Մովսիսյանը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին իր կողմից շահագործվող «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։

ՃՏՊ հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ս.Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է։

Իտալիայում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 13-ի

Առնվազն 13 մարդ անհետ կորել է շաբաթ առավոտյան իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով, հայտնում է RaiNews24 լրատվական ալիքը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կազամիչոլայում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ բնակելի տուն, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ծառայողները:
Իսկիայի քաղաքապետը կղզում տեղի ունեցածն անվանել է ողբերգություն:

Իսկիայի մեկ այլ՝ Լակկո Ամենո քաղաքում նույնպես լուրջ իրավիճակ է ստեղծվել: Քաղաքապետ Ջակոմո Պասկալի խոսքով՝ ցեխահոսքերը ավերել են մոտ մեկ տասնյակ շենք, 20-30 մարդ այժմ մեկուսացված է իրենց տներում։

Նշվում է, որ Իտալիայի վարչապետը մշտական կապի մեջ է Կամպանիայի տարածաշրջանային իշխանությունների և քաղաքացիական պաշտպանության ծառայության հետ:

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 1321 մարդ

Ռուսաստանի Դաշնությունում այսօր COVID-19-ով հոսպիտալացվել է 1321 մարդ՝ 5,3%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 5088 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ, հոսպիտալացումների թիվը կազմել է 1321 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 5,3 տոկոսով։ Ապաքինվել է 5088 մարդ, կամ նոյեմբերի 25-ի համեմատ՝ 4,7 տոկոսով պակաս», — ասված է հաղորդագրությունում։
Մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 6088 նոր դեպք, մահացել է 53 մարդ:

Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարարը. մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովը

Հայաստան ժամանած ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է:
«Ավանդույթ դարձած հայ-ռուսական համատեղ ֆորումի անցկացումն ամրապնդում է երկկողմ գործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում, որոնց զարգացմանն է նվիրված հայ-ռուսական այս ֆորումը։ Վերջին տարիներին մենք լուրջ հաջողություններ ունենք չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ: Բարեփոխումների առանցքում պացիենտն է, ամեն բան արվում է նրանց առողջության, կյանքի որակի բարձացման ուղղությամբ»,- համաժողովի բացմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:
«Բարձր եմ գնահատում այս ֆորումի անցկացումը, որը կնպաստի հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում ծրագրերի ընդլայանմանն ու զարգացմանը։ Կարևորում ենք հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի ապրելիության բարձրացմանը»,- ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։

facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button