Երևանում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան մահ պատճառելու կասկածանքով բաժին են ներկայացրել դստերը․ Shamshyan.com

Երեւանում, նոյեմբերի 23-ին շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Իսկ հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 70-ամյա Զոյա Է․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ մահացածի աչքի տակ հայտնաբերվել է կապտուկ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կապտուկն առաջացել է նշված բնակարանում Զոյա Է․-ի աղջկա՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Մարինա Պ․-ի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով։

Քրեական հետախուզության օպեր լիազորները նշված բնակարանում հայտնաբերել են Մարինա Պ․-ին և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Պաշտպանի միջամտությամբ անձին վճարվել է չվճարված աշխատավարձը

Քաղաքացին դիմել է Պաշտպանին` խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը: Տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։ Գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։

Քաղաքացու դիմումից հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել գործատուի հետ պարզաբանում ստանալու նպատակով և տեղեկացել, որ գործատուն հրաժարվել է աշխատավարձ վճարել, քանի որ դեռևս աշխատավարձի վճարման օրը չէ, այնուհետև հավելել, որ աշխատողը թույլ է տվել խախտում, ուստի աշխատավարձից կատարել է պահումներ։

Պաշտպանի աշխատակազմը գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի օրինակի պատճենը և աշխատավարձից պահումներ կատարելու իրավական հիմքերը։ Գործատուն հրաժարվել է ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային պայմանագիրը բացակայում է։ Արձանագրվել է գործատուի կողմից ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները, ուստի պահանջվել է խախտումների վերացում։
Բողոք ներկայացրած անձը հետադարձ կապի միջոցով տեղեկացրել է, որ գործատուն իրեն հրավիրել է աշխատավայր այնուհետև վճարել չվճարված աշխատավարձը։

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գեղարքունիքում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխան օրորոցում մահացել է

Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմանում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմանում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։
Ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմանում, ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում, 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը բերման է ենթարկվել․ «Սպուտնիկ Արմենիա»

Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել», — նշել են ոստիկանությունից։
Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին:

Հայտարարության մեջ ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված«:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր հայտնել էր պատգամավորի մանդատից հրաժարվելու իր որոշման մասին: Նա նշել էր, որ այս մասին պարզ ու անկեղծ քննարկում է ունեցել գործընկերների հետ, դա իր անձնական որոշումն է:

Մեկ ամիս Արարատ գյուղում ջուրը կմատակարարվի ժամանակացույցի խախտումներով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը բաշխիչ ցանցին միացնելու և ջրաչափերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը.

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով:

Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։

ԱԱ-2022-ի ֆավորիտների տասնյակը առաջին տուրից հետո

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի ավարտից հետո Goal.com-ը ներկայացրել է ֆավորիտների նոր դասակարգումը։

Առաջին տեղում մնացել է Բրազիլիայի հավաքականը։ Եռյակ են մտել Ֆրանսիան ու Իսպանիան։ Արգենտինան երկրորդ տեղից նահանջել է 8-րդ տեղ։ Գերմանիան դուրս է մնացել տասնյակից եւ 16-րդն է։
ԱԱ-2022-ի ֆավորիտների տասնյակ

Բրազիլիա (նախորդ աղյուսակում՝ առաջին տեղ)
Իսպանիա (4)
Ֆրանսիա (5)
Անգլիա (6)
Նիդեռլանդներ (7)
Պորտուգալիա (11)
Բելգիա (9)
Արգենտինա (2)
Շվեյցարիա (14)
Դանիա (8)

Ֆրանսիայի թիմի պաշտպան Լուկաս Էրնանդեսը վիրահատվել է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Լուկաս Էրնանդեսը աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքից հետո հինգշաբթի հաջողությամբ վիրահատվել է Ինսբրուկում պրոֆեսոր Կրիստիան Ֆինկի կողմից ։ Առաջիկա օրերին նա Մյունխենում կսկսի վերականգնողական փուլը»,- նշվում է «Բավարիայի» հաղորդագրությունում։
Էրնանդեսը վնասվածքը ստացել էր Ավստրալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ փոխարինվել 13-րդ րոպեին։ Ֆրանսիան հաղթել էր 4:1 հաշվով։