Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:

Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության  հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել  է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Սերգեյ Լավրովը ժամանել է Երեւան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Երեւան։ Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ակնկալվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը եւ Կազմակերպության գործունեությունը։

Հիշեցում վարորդներին՝ ավտոմեքենաների տեխզննման պահանջների վերաբերյալ

Համաձայն ՀՀ կառավարության 15․02․2007թ․ թիվ 345-Ն որոշման 1.1 հավելվածի տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերին տիրապետած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները։ Այս մասին հիշեցնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Նշված պայմանը տեխնիկական արատորոշման (անսարքության տեղի որոշում) միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների տեխնոլոգիային ներկայացվող պահանջներից է։

Ուստի՝ Տեսչական մարմնի կողմից տեխնիկական զննության կայաններում ստուգումների և վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում համապատասխան հրահանգավորում չունեցող հսկիչների կողմից իրականացվող տեխնիկական զննման աշխատանքները դիտարկվելու են որպես առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու հիմքով խախտում, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123․43 մասով ենթակա է վարչական պատասխանատվության միջոցի կիրառման։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապահովել Ձեր մասնագետի մասնակցությունը վերը նշված դասընթացներին։

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքին պատկանող հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:

Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 394.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.96 դրամ (աճել է 1.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.54 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (մնացել է անփոփոխ):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-396 դրամով, վաճառվում է 402-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 410-418 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.54-6.36 դրամով, վաճառվում է 6.50-6.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում՝ 402.5 դրամով:

Եվրոն գնվում է 405-407 դրամով, վաճառվում է 411-413 դրամով:

Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.43-6.45 դրամով:

Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ Իրանի դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հարուստ փորձառության հիման վրա երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությունը և վստահեցրել է, որ երկուստեք արդյունավետ աշխատանքի հիման վրա այն կընդլայնվի և նոր որակ ձեռք կբերի:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ականառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Այս համատեքստում դեսպան Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից: Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու համար երաշխավորել են ԱԺ պատգամավորներ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու եւ նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը:

Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի եւ կայացվելիք որոշման վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն նույնպես կալանավորված է։

Գյումրիում տղամարդը բարձրացել է ծառն ու սպառնում է ինքնասպան լինել․ պահանջում է Շիրակի թեմի առաջնորդին. Shamshyan.com

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։

Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլև պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։

Արցախում կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը եւ դրա գովազդը

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոփոխությունների բնույթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Փաթեթի ընդունմամբ՝ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։

Նախատեսվում է արգելել նաև  ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։

Պատգամավորները ընդգծել են փաթեթի շուտափույթ ընդունման կարևորությունը  և առաջարկել են հասարակական մեծ չարիք ներկայացնող երևույթի վտանգը ներկայացնող սոցիալական գովազդներ պատրաստել:

Օրինափաթեթը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական նիստի քննարկմանը:

Աննա Հակոբյանը՝ Լոռու մարզպետի մահացած կնոջ մասին. Երբեք չեմ մոռանա քո խոսքերը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի՝ օրեր առաջ մահացած կնոջ հետ մի լուսանկար է հրապարակել ու գրառում արել:

«Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։

Երբեք չեմ մոռանա քո խոսքերը։ Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետևելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, դաստիարակությանդ պտուղները տեսնես, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի»,- նշել է Աննա Հակոբյանը: