Բացահայտվել է մեքենայի հայելիների հերթական գողությունը

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում:

Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու` իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ կային:

Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին մայրաքաղաքի պարեկների օգնությանը:

Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի մեքենա, կանգնեցրին «Օպելը», առանց շտապելու, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը` մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:

Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեցին Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:
Պարզվեց, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով, ըստ նրա հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները:

Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ ստորաբաժանումների մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության ՊՆ հաղորդագրությունում։

7 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Սայաթ-Նովա հատվածը․ Երևանն Ամանորին է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երևթեկության համար 7 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից շուրջ 2,5 մլն դրամ կաշառք ստանալու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն Կենտրոն վարչական շրջանում առևտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի և Ս. Հ.-ի օգտին ապօրինի անգործության, այն է՝ նրանց կողմից իրականացվող գործունեության հետ կապված իրավախախտումները չարձանագրելու և նրանց պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան գործողություն չկատարելու համար հիշյալ անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիցտեից  հայտնում են, որ մասնավորապես՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու հանգամանքը չարձանագրելու և պատասխանատվության չենթարկելու համար Է. Վ.-ն Ս. Հ.-ից, Հ. Հ.-ից և Լ. Մ.-ից որպես կաշառք պահանջել  և բուքմեյքերական ընկերության` իր կողմից օգտագործվող խաղային հաշվին փոխանցման միջոցով 2022 թվականի հունիսից օգոստոսը ներառյալ պարբերաբար ստացել է 10.000-25.000-ական ՀՀ դրամ կաշառք /ընդհանուր` 135.000 ՀՀ դրամ/:

Բացի այդ, Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնելը չարձանագրելու համար Է. Վ.-ն Ա. Ս.-ից որպես կաշառք յուրաքանչյուր ամիս պահանջել է 1.200 ԱՄՆ դոլար գումար: Արդեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Ս.-ն Է. Վ.-ին առձեռն փոխանցել է խոշոր չափերի` ընդհանուր 2.356.514 ՀՀ դրամին համարժեք 5.800 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Լ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Ս.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Վ. Հ.-ին և Ս. Հ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

 Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի շրջանակում նախատեսվում է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» նպատակի իրագործման համար հաղթող մասնակցին (մասնակիցներին) տրամադրել առավելագույնը 5 մլն դրամ դրամաշնորհ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), որի շրջանակում կարող են կնքվել մեկից ավելի պայմանագրեր։

Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում  ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 60:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.

1)  առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն, 

2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,

3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները, իսկ պատճենների ներկայացման անհնարինության դեպքում՝ փաստացի ապացույցներ ծրագրերի իրականացման մասին՝ նկարներ, տեսանյութեր, հանրային գրառումներ, հրապարակումներ, հոդվածներ և այլն,

 ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ,

հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ։

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 7-ը՝ ժամը 12:00-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։

Հայտերի և կցված բոլոր փաստաթղթերի (ինքնակենսագրականներ, գնային առաջարկներ, պայմանագրեր և այլն) ներկայացման լեզուն հայերենն է:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, որը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am կայքում:

Կազմակերպությունն ընդգրկվում է վերը նշված ցուցակում, եթե՝

1) որպես հաղթող հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Վերոնիկա Խորասանյանին։

Հեռախոս` +374 10 599 641:

Թունավորման մասին շահարկումները տեղին չեն. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, թե` կասկածում է, որ թունավորել են իրեն, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ Սաակաշվիլիի՝ այդ հարցի շուրջ շահարկումները տեղին չեն:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին աջակցության համար։ Ես իսկապես բարձր եմ գնահատում նրանց մասնագիտական ​​աջակցությունը:

Առողջությունս իսկապես վատանում է և հատկապես վատացել է վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Սաակաշվիլին։

Ի դեպ, նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին ասել էր, որ հիմք կա կասկածելու, որ Սաակաշվիլին թունավորված է:

«Փորձագետներն ուղղակիորեն նշում են, որ թունավորումը բնութագրող նշանները` այն տարրերը, որոնք հետազոտության արդյունքում հայտնաբերվում են Միխեիլ Սաակաշվիլիի մարմնում, հիմք են տալիս ասելու, որ Սաակաշվիլին թունավորված է, այլապես նման հիվանդություն չէր զարգանա»,- ասել է փաստաբանը:

Ի դեպ, նույն կասկածն էր հայտնել նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան։

Պարզվում են 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

ՔԿ-ից  հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա: Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հայաստանի ու Լիբանանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը

Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 395 դրամով

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։

Դոլարի առքի նվազագույն գինը 392.50 դրամ է, վաճառքինը՝ 402 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։

Ռուբլու առքի նվազագույն գինը 5.54 դրամ է, վաճառքինը՝ 6.55։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.85 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 395 դրամով, վաճառվում՝ 411 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 419 դրամ է։

Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով մոտ 20 մարդ է զոհվել․  AFP

Երկուշաբթի Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 20 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են Արեւմտյան Ճավա նահանգի Չինաջուր շրջանի բնակիչները։ Տվյալ պահին հայտնի է, որ վնասվել է 7 բնակելի շենք, ինպես նաեւ դպրոցներ, հիվանդանոցներ եւ մի քանի վարչական շենքեր։