ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Թորամանյան փողոցում գտնվող վագոն-տնակին և հարակից քարե օժանդակ շինությանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Երեւանում Նոր տարվան են պատրաստվում. ո՞ր փողոցը փակ կլինի նոյեմբերի 20-ին

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երեւանում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»: Միջազգային փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքում նոյեմբերի սկզբից սկսել են Ամանորի տոնական ձեւավորման աշխատանքները:

Ձեր հողի՝ Արցախի համար բոցաշունչ ելույթներ եք ունենում, սակայն Ձեզ մռայլ օրեր են սպասվում

2019թ.-ին՝ Մոսկվայում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսի ընդմիջմանը մի խումբ կանգնած հայերիս մոտեցավ Վլադիմիր Ժիրինովսկին՝ սրճեցինք և զրուցեցինք 5 րոպեից ոչ ավել։
Ասաց, լավ է, որ Ձեր հողի՝ Արցախի համար բոցաշունչ ելույթներ եք ունենում(երիտասարդներով ադրբեջանցիներին քարը քարի վրա չէինք թողել) և դեռևս խոսում եք հաղթողի դիրքերից, սակայն Ձեզ մռայլ օրեր են սպասվում։
Ասացի, մոտավորապես մենք էլ ենք դա կանխատեսում , բայց Ձեր կարծիքով կոնկրետ ի՞նչ։
Ասաց, որ ՀՀ-ում իշխանության են եկել փողոցային և անհայրենիք “марионет-եր և безпределщик-եր, ովքեր վաճառելու են Արցախը և Հայաստանը։
Ասացի, Աստված չանի, որին ի պատասխան ասաց, Աստված մեղավոր չէ, որ մարդիկ հիմար են, լավ մնացեք։
Ժիրինովսկին չկա, բայց նրա խոսքերը երբեք իմ ականջներից դուրս չեն գալիս։

Մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը

«Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:

Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջբոլորդ, լույս ճառագում:

Հանգչե՛ս խաղաղությամբ: 

Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00֊ին՝ նույն վայրից»,– ասվում է մարզպետարանի հայտարարության մեջ։

Լենինգրադի մարզում գազատար է պայթել

Վսեւոլժսկ քաղաքում (Լենինգրադի մարզ) գազատարի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, իր Telegram-ալիքում հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն, փոխանցում է РБК-ն։

«Հրշեջներն ու փրկարարները վերացնում են Բեռնգարդովկայի եւ Կովալեւոյի միջեւ գտնվող գազատարի վրա պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհը»,- ասել է նա:

Նրա խոսքով, բնակչությանը սպառնացող եւ դեպի բնակելի թաղամասեր կրակի տարածման վտանգ չկա։ Պայթյունի պատճառները պարզվում են, հավելել է նա։

Բերնգարդովկա միկրոշրջանը եւ Կովալեւո գյուղը մտնում են Վսեւոլոժսկ քաղաքային բնակավայրի մեջ:

«Նախնական տեղեկություններով՝ Վսեւոլոժսկի մերձակայքում գտնվող գազալցակայանում հրդեհը մարվում է երկու փրկարարական խմբերի կողմից»,- РБК-ին հայտնել են մարզային վարչությունից։

ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ է անվանել ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումը

Դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումն աննախադեպ եւ սադրիչ է, նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը։

«Դա անհամատեղելի է մի կազմակերպության նախագահի կարգավիճակի հետ, որին որպես ինքնիշխան եւ անկախ պետություններ մասնակցում են 57 երկրներ՝ լիակատար հավասարության պայմաններում։ Խախտվել են ԵԱՀԿ-ի կանոնակարգերը եւ նրա դիրեկտիվ մարմինների որոշումները, մասնավորապես՝ Պորտուում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշումը (2002 թ.) գործող նախագահության աշխատանքի սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ նոյեմբերի 18-ին նման գործողությունների անթույլատրելիության մասին հարցում է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։

«Համոզված ենք, որ բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները կիսում են ռուսական կողմի դիրքորոշումը նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ եւ դրանց սկզբունքային գնահատական կտան»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ը։

ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Նախօրեին՝ նոյեմբերի 18-ին, մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լուկաշ Յասինին, հայտնել էին, որ Վարշավան թույլ չի տա ռուսական պատվիրակությանը մասնակցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին։

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում նոյեմբերի 19-ի ցերեկը եւ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +3 +5 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 + 13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +10 + 12,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 12 + 14,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +8 + 12,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 16 + 20,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 18 + 22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +8 + 12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 13 + 15,

Արարատում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 15 + 18,

Արմավիրում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 14 + 17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +15 + 18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 15 + 17,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 18 + 21,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +13 +17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 17 + 20։

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի

Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Укринформ»-ը։

«Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը միայն կվատթարացնի իրավիճակը»,-ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։

Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղությա ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

18-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու տղամարդու

«Միքայելյան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 18-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա հիվանդանոցում հայտնել էր՝ Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները մարմնական վնասվածքները ստացել էին ժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը դանակահարել էր նրանց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին:

18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին:

Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբաններն ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական. գրում է aliq.ge-ն։

Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Վրաստանն ու Հայաստանը պահպանում են բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները: Վասաձեն նշում է, որ հարաբերություններն այն մակարդակին են, որում էլ հենց կարող էին լինել:

Նրա խոսքով, երկու երկրներն ամեն ինչ պետք անեն ներկա հարաբերությունները պահպանելու՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին:

«Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է: Մենք տեսնում ենք նաև, որ Վրաստանը ևս ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործընթացում. բազմիցս առաջարկել է լինել հարթակ հայ և ադրբեջանցի գործընկերների համար, ինչին արձագանքել են թե հայկական, թե ադրբեջանական կողմերը»,- ասում է Վասաձեն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրաց-հայկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն, ներուժ կա այն ավելի խորացնելու: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի դերի մասին՝ Զաքարեիշվիլին ասում է, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել, չնայած, որ այս գործընթացում արդեն խառնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Կոնֆլիկտաբանը նաև նկատում է՝ Վրաստանի դերը կոնֆլիկտի լուծման հարցում մի փոքր ուշացած է, բայց այդուհանդերձ, որոշ դեպքերում կարող է միջամտել, օրինակ՝ ծառայել որպես երկխոսության հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Վրաստանի և Հայաստանի միջև պետք է էլ ավելի զարգանա տնտեսությունը, առևտրային ու տրանսպորտային հարաբերությունները»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։