Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով, հայտարարել է Արցախի Հանրապետության դատախազությունը։

«Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն:
Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դրանք մշտապես մնում են անարձագանք:

Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց: Այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում, այլև իր բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսում է հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները»,- նշված է հաղորդագրությունում:

Հայաստանում նաև ջրային պարեկներ են լինելու ․ Քննարկում է տեղի ունեցել

Հայաստանում ջրային պարեկային ծառայության ներդրման հարցն են քննարկում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների անվտանգության ուղղությամբ միջոցառումները: Պարեկային ծառայությունում ներդրվելու է հերթական նորարարությունը:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկում: Ներկա էին արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և այլք։ Նրանք ապագա պարեկներին ներկայացրին նոր ստեղծվող ծառայության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Մանրամասնեցին նաև ջրային պարեկների գործառությունները, ինչպես նաև ջրային պարեկ դառնալու կարգը։
«Ներկայումս քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը: Մշակվել է համապատասխան հայեցակարգ: Ջրային պարեկային ծառայությունը լինելու է մասնագիտացված ծառայություն՝ պարեկային ծառայության կազմում: Պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն»,-նշեց արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի գործընկերների հետ։ Ուսումնառությունից հետո պարեկային ծառայությունը կհամալրվի համապատասխան հմտություններով օժտված մասնագետներով, որոնք էլ Սևանա լճում կիրականացնեն ջրային պարեկություն:

«Ըստ էության, ջրային պարեկությունը ենթադրում է ՀՀ ջրային տարածքների, հիմնականում՝ Սևանի ամբողջական ծածկվածությունը: Խոսքը ոստիկանական ծածկվածության մասին է, ինչը ենթադրում է, որ տվյալ տարածքներում լիարժեք ապահովվելու է հասարակական կարգ և հասարակական անվտանգություն, ինչպես նաև իրականացվելու է հանցավորության դեմ պատշաճ պայքար»,-ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:
Ըստ ծրագրի՝ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում կգործեն ջրային պարեկների խմբեր:

«Այս պահին հայտերի ընդունման փուլում ենք և այդ շրջանակում կրթահամալիրում փորձեցինք սովորողներին հաղորդակից դարձնել այդ ամբողջ գործընթացին, ներկայացնել այն բոլոր մանրամասները, որոնք նրանց հետաքրքրում են և անհրաժեշտ են վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից: Կարծում եմ, որ կունենանք բավական թվով դիմորդներ»,-ներկայացրեց արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ջրային պարեկային ծառայության համար դիմորդները կանցնեն առանձնահատուկ վերապատրաստումներ, որոնց շնորհիվ ձեռք կբերեն բարձր պատրաստվածություն և մասնագիտացված ծառայության համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:

«Ջրային պարեկության ծառայության գործարկումը բարդ փուլային-անցումային շրջան է նախատեսում՝ սկսած անձնակազմի ընտրությունից: Անձնակազմը ընտրվելու է գործող պարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողներից, ինչպես նաև այս պահին կրթահամալիրում սովորողներից: Ջրային պարեկների շարքերում պետք է լինեն հատուկ ընտրված, համապատասխան ծառայողներ: Ծառայությունն իր մեջ ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու և սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ»,-նշեց ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Այսպիսով, սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:

ՖԻՖԱ-ն արգելել է գարեջրի վաճառքը Կատարում Աշխարհի առաջնության մարզադաշտերում

ՖԻՖԱ-ն արգելել է ալկոհոլի վաճառքը Կատարում Աշխարհի առաջնության մարզադաշտերում՝ ազդեցիկ թագավորական ընտանիքի ճնշման տակ հայտնվելուց հետո, գրում է Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի թագավորական ընտանիքը ճնշում է գործադրում ՖԻՖԱ-ի վրա՝ մրցաշարի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Աշխարհի առաջնության բոլոր մարզադաշտերում ալկոհոլի վաճառքն ամբողջությամբ արգելելու համար:

Ընդունող երկիրը, որտեղ ալկոհոլի վաճառքը սովորաբար սահմանափակվում է լիցենզավորված հյուրանոցներում և ռեստորաններում խմող օտարերկրացիների կամ իրենց տներում հատուկ թույլտվություններ ունեցող ոչ մուսուլման բնակիչների համար, զգալի ճնշում է գործադրել ՖԻՖԱ-ի վրա՝ դադարեցնելու գարեջրի վաճառքը աշխարհի առաջնության ութ մարզադաշտերում:

Այժմյան արգելքը նշանակում է, որ Budweiser-ը՝ մրցաշարի խոշորագույն հովանավորներից մեկը, չի կարողանա իր գարեջուրը վաճառել երկրպագուներին խաղերի ժամանակ և կարող է խզել ՖԻՖԱ-ի հետ բազմամիլիոնանոց պայմանագիրը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Աշխարհի գավաթի մասնակիցները կարող են ալկոհոլ գնել հյուրանոցներում և ռեստորաններում, որոշ ժամերի՝ երկրպագուների համար նախատեսված գոտիներում, բայց ոչ և մարզադաշտերի ներսում: Պաշտոնական վայրերում գարեջուրը երկրպագուների համար կսահմանափակվի չորս բաժակով, որպեսզի նրանք չհարբեն: Յուրաքանչյուր ոք, ով կհարբի, կարող է տեղափոխվել հատուկ գոտի՝ սթափվելու համար։

Կոնստանտին Զատուլինի մուտքն արգելելու հարցով Հայաստանը չի պատասխանում Ռուսաստանին․ 168․am

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, ով դեռևս անհայտ ընթացակարգով Հայաստանում հայտարարված է անցանկալի անձ, ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, առաջիկայում այցելելու է Հայաստան:

Առավոտից տարածվող տեղեկությունների համաձայն, Զատուլինն ընդգրկված է նոյեմբերի 22–ին Հայաստանի Հանրապետություն այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում:
168.am-ի հետ զրույցում Կոնստանտին Զատուլինն ասել է, որ այդ մասին ինքը ոչինչ չգիտի:

«Ես չունեմ ոչ մի հրավեր՝ մասնակցելու այն պատվիրակությանը, որի հետ մեկնելու է ՌԴ նախագահը»,- ասել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իր օրակարգում ՀՀ այց չունի:

Կոնստանտին Զատուլինը հաղորդել է, որ հայկական կողմից որևէ պարզաբանում չի ստացել իր անձը ՀՀ-ում անցանկալի համարելու որոշման առնչությամբ, որը նրան ուղղվել էր ՀՀ ԱԺ-ի կողմից:

«Դեռ հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին և ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը այդ կապակցությամբ՝ հստակ հարցեր ուղղելով հայկական կողմին: Այդ հարցերին մինչ այս պահը պատասխան չկա»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնենք՝ «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստից առաջ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր, հոկտեմբերի 25-ի կեսօրին այս որոշման մասին հաղորդել էր «Հայկական ժամանակը»։ Նույն օրը Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին, որում ասվում էր, թե Զատուլինի հրապարակային հայտարարությունները վնասում են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Նամակն ուղարկվել էր ՀՀ ԱԺ արտաքին կապերի կառավարման վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անունից:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում և մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փակ կլինի Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը

Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Եթե միջազգային հանրությունն Ադրբեջանում տիրող իրավիճակը շտկելու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում փաստաթղթեր է հրապարակել՝ վկայող Ալիևի ռեժիմի բռնատիրական դրսևորումների մասին և ընդգծել՝ Փաշինյանի պնդումները, թե Ադրբեջանը պետք է երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, մեր հասարակությանը մոլորեցնելու փորձեր են։

«Երբ կլինիկական անբարոյականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։
Հայտնի է, որ թե՛ միջազգային բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե՛ ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե՛ ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկը։

Ադրբեջանի քաղաքացիների տարրական քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների, խոշտանգումների, քաղաքական ձերբակալիւթյունների եւ սպանությունների, բռնատիրական ռեժիմին բնորոշ այլ վայրագությունների տասնյակ, հարյուրավոր դեպքեր են արձանագրվում ամեն տարի:

Հիմա հարցերս.

1. Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու։

2. Եթե միջազգային հանրությունը շատ լավ գիտի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ու այն շտկելու գործուն քայլեր ու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները։

Կցում եմ ասածս ապացուցող տասնյակ զեկույցներից եւ փաստաթղթերից ընդամենը մի քանիսի սքրինշոթերը։

Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի երաշխավորումն է, ճանաչումը եւ ապահովումը։

Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Տարեցներին հայտնաբերել են ծառից կախված․ թիվ 1 տուն-ինտերնատի 2 բնակիչ ինքնասպանություն են գործել. Mediahub.am

Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։

Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը։

«Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել»,-ասել է Մակարյանը։

Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե եւ Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որեւէ խնդրով իրեն երբեւէ չեն դիմել:

Հոկտեմբերին մամուլում հայտնվել է միայն 80-մայա Պերճ Գ.-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինիս մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ. «Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։

Եղիշե պապիկի ինքնասպանության մասին տեղեկությունը MediaHub-ին փոխանցել են տուն-ինտերնատի հավաստի աղբյուրները: Մակարյանն ասել է, որ վերջինս ինքնասպան է եղել մոտ 3 ամիս առաջ, հանգամանքները դեռեւս պարզ չեն:

Հիշեցնենք, որ «Թիվ 1 տուն-ինտերնատի» բնակիչները տնօրենի ժ/պ Մակարյանի նշանակումից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վերականգնել նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքը: Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների բոյկոտի պատճառներից մեկն էլ այն էր, որ, ըստ նրանց, Կառավարությունը ներքին շրջանառության մեջ էր դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում էին:

Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Shamshyan.com

Քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են սպիտակ ներկ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։