Հայտնաբերվել են խախտումներ. դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան Հ․ Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Պարզվել է, որ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով, որով էլ խախտված են ՀՀՇՆ 30-01-2014թ-ի կետ 307-ի պահանջները, մասնավորապես՝ բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։
Բացի այդ, բենզալցակայանում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում։
Տնտեսավարողի առջև պահանջ է դրվել որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համապատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։
Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը 8 ամսից պետք է զորացրվեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։ Տեղեկությունը հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։
Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։
Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Պեմզաշենում կատարված սպանությունների գործով կալանավորվել է երկու անձ. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու ազգականն է՝ 41 տարեկան
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք Է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:
Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ԵԳԱԾ-ը հայտարարում է Գիտության հանրայնացման եւ հաղորդակցման նախագծերի մրցույթ. վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթ», որի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառների և երիտասարդ գիտնականների գործունեության հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը։
Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել.
գիտության հանրայնացմանը և հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանն ուղղված նախագծերի իրագործման համար,
երիտասարդ գիտնականների և/կամ լրագրողների միջև նոր համագործակցային կապերի հաստատման, ինչպես նաև մատչելի հաղորդակցմանը և տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, մրցույթը նախատեսված է գիտության բոլոր բնագավառների համար։ Մրցույթի հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչները։ Հայտատուն և խմբի անդամները կարող են լինել նույն կամ տարբեր կազմակերպությունների ուսանող(ներ) և/կամ աշխատակից(ներ), ՀԿ-ների դեպքում՝ անդամ(ներ)։
Հայտի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է: Հայտերի գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից: Գնահատվելու է նախագծի հիմնավորումը, նորարական մոտեցումը, ակնկալվող չափելի արդյունքները, նախահաշիվը, համաֆինանսավորման առկայությունը, գիտության հանրայնացման և/կամ լուսաբանման ուղղությամբ խմբի ունեցած փորձը և ձեռքբերումները։
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://tinyurl.com/yt2mxzkp, իսկ մրցույթի հայտը պետք է ներկայացնել այստեղ՝ https://tinyurl.com/3d2bye8u:
Բաքվում հակաիրանական ակցիա է անցկացվել
«Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները բողոքել են Իրանի իշխող ռեժիմի կողմից իրանցի ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման դեմ։Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատություն, արդարություն, ազգային կառավարություն»։ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ստիպել են ցրվել։
Իշխանությունը ներշնչում է հասարակությանը, թե ինքը ցեղասպանվելու մատերիալ է. Լիլիթ Գալստյան
Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է եւ պետականության համար ինքնասպանական։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Օրերս հրապարակվեց մեր աղետալի իրականությունն արձանագրող հանրային կարծքի մի ուսումնասիրության։ Նախ՝ հանրության թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երկրորդ՝ հասարակությունը համատարած հուսահատության եւ հոռետեսության մեջ է, հեռանկարի ամբողջական բացակայությամբ։
Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է եւ պետականության համար ինքնասպանական։
Երբ բանակցողն, առանց քաղաքական պատասխանատվության գիտակցումի, հայտարարում է՝ «այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»։
Այո, հայ ժողովուրդը համատարած հուսահատության մեջ է, եւ ոչ միայն պատերազմում կրած պարտության եւ անդառնալի կորուստների, կամ աշխարհաքաղաքական պատճառովներով։ Այլեւ փակուղային այն իրականության պատճառով, որի մեջ գոյատեւում ենք․ քաղաքական պատանդներ, պետական եւ ազգային ինստիտուտների արժեզրկում, սահմանադրական նորմերի ոտնահարում, օկուպացված սահմաններ, ինքնության կորուստ, համատարած սուտ, անթաքույց կոռուպցիա, սոցիալական անլուծելի խնդիրներ: Նաեւ այն ուղղորդված քաղաքականության արդյունքում, որը մեթոդաբար ներշնչվում է հասարակությանը, թե ինքը «ցեղասպանվելու» մատերիալ է։
Չի կարող մղձավանջի մեջ չհայտնվել մի ժողովուրդ, որի թիվ մեկ դեմքը, թշնամուն համահունչ, Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին՝ Չայզամի է կոչում։ Նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի իշխանություն, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը, հայտարարելով, թե «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետեւ չենք կարող տալ»։
Մեր հաղթանակները մերժածներ, դուք բարոյական եւ քաղաքական իրավունք չունեք նվաստացնել մեր հավաքական արժանապատվությունն ու հեռանկարը:
Դժվար թե չգիտակցեք, որ ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրսների թվում նաեւ տվյալ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրն է, ազգային տեսլականների եւ հաղթանակների շուրջ համախմբումը:
Ի դեպ, ոչ պատահականությամբ, բյուջե 2023-ում Անկախության օրվա տոնակատարություն նախատեսված չէ։
Բայց դուք սեփական իշխանությունն ավելի եք գանահատում, քան ներազգային համերաշխությունը։ Իշխանության եկաք «քաղաքացիական վրեժի եւ քաղաքական վենդետայի, բունտար համայնքապետերին ու ընդդիմադիրներին լռեցնելու, իրավապահ մարմինների դուբինկեքի եւ կրունկների տակ թողնելու խոստումներով»։
Քաղաքական մեծամասնություն, համոզված եմ, հիշում եք այս խոսքերը, գիտակցում, թե ուր եք հասցրել երկիրը եւ որտեղ եք հայտնվելու դուք։
Բայց խոսքս ուղղում եմ մեր հայրենակիցներին։ Մենք պատմականորեն ավելի աղետալի եւ անհույս ժամակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք:
Մերն արժանապատիվ խաղաղությունն է:
Կհաղթահարենք նաեւ հիմա՝ համազգային ներուժով, ազգային նպատակներին նվիրումով, չհանդուրժելով, որ մեջ արթնանա պարտությանը հաշտ, անհայրենիք տեսակը»,- իր ելույթում նշել է պատգամավորը։
«Կա´մ Հայաստան, կա´մ Նիկոլ․ այլընտրանք չկա»․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթն ԱԺ-ում
Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաեւ միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլեւս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է եւ առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Հարգելի հայրենակիցնե՛ր,
Այսօր, քան երբեւէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ եւ այսօր, քան երբեւէ, մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչեւ վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը:
Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաեւ միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլեւս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է եւ առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու:
Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում։
Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները:
Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը։
Ընտրակեղծարարության լուրջ քննադատություններով ՔՊ-ն խոստացավ երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլեւս ընտրությունները չեն կեղծվելու, երբ այլեւս ընտրությունները լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, երբ այլեւս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը:
Բայց այս ամենը ընդամենը ժողովրդին խաբելու, նրանից քվե կորզելու նպատակ էին հետապնդում:
Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝ ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչեւ գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով:
Տեսնում ենք ԿԸՀ-ի եւ ԲԴԽ-ի նախագահների պաշտոններում ընդամենը 1 օր առաջ դեռեւս խիստ կուսակցականացված անձանց ընտրություն։
Դեռ ավելին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր իսկ քվեով հազիվ ծայրը ծայրին հասցրեց, որպեսզի ապահովվի անհրաժեշտ 65 ձայնն ու ինքն ընտրվի նախագահ: Բա էլ ինչ բաստիոն, եթե այդպես չլիներ:
Եվ հիմա էլ այդ նույն ժողովրդավարների կուսակցության վարչության ընտրության ընթացքում արդեն իրենց կողմից բացահայտված ընտրակեղծարարություններ եւ, ընդ որում դրանց կազմակերպման մասին մամուլում հնչում են այնպիսի անուններ, որոնք լսելիս մեղմ ասած, ժպիտ է առաջանում մարդու դեմքին.
— Այդ հնչած անուններն ե՞ն ՔՊ-ում ասիչները, գործ անողները: Եթե այո, ապա ՛՛Ողբամ զքեզ, ՔՊ-ականներ:
Եվ իհարկե, ողբամ զմեզ, հայ ժողովուրդ, եթե մեր երկրում այդ նույն ընտրակեղծարարներն են որոշում կայացնող մեծամասնությունը:
Սիրելի հայ ժողովուրդ,
— Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ:
Այլընտրանք չկա:
Այլեւս Հայաստանը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու, Նիկոլին հեռացնելով երկրի կործանումը կանխելու այլընտրանք չունի:
Դեռ գալու են մեր երկրի նոր արշալույսները, համոզված եղեք»,- իր ելույթում նշել է պատգամավորը։
Նորվեգիայի պաշտպանության նախարարը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին
Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական կայքը։
«Կարեւոր է, որ մենք միավորվենք մեր ռազմական եւ քաղաքացիական աջակցության հարցում, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն, ինչ իրեն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,-նշել է նախարարը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հիմնադրամը ստեղծվել է հակակոռուպցիոն միջոցառումների, ինչպես նաեւ Ուկրաինա բժշկական սարքավորումներ, դրոններ, համազգեստ մատակարարելու համար։
Պենտագոնում կարծում են, որ ձմռան մոտենալուն պես Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դանդաղել
Պենտագոնում կարծում են, որ ՌԴ-ն չի ծրագրում հեռանալ Ուկրաինայի մնացած օկուպացված տարածքներից։ Սակայն ԱՄՆ-ն խոստանում է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին ծանր մարտերում, որոնք կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։
Պենտագոնում նշել են, որ չնայած Խերսոնի ազատագրման հետ կապված Ուկրաինայի զինված ուժերի զգալի հաջողությանը, ռուսական կողմը, կարծես, թե, չի պատրաստվում հեռանալ մնացած օկուպացված տարածքներից։ Դրանց համար ծանր մարտերը կշարունակվեն։
«Ռուսական կողմը, կարծես, թե, չի պատրաստվում հեռանալ մնացած օկուպացված տարածքներից, անկասկած, առջեւում դեռ ծանր մարտեր են սպասվում։ Սակայն Խերսոնի ազատագրումը նշանակալի ձեռքբերում է եւ վկայում է ուկրաինացի ժողովրդի եւ նրա զինված ուժերի խիզախության, վճռականության եւ արիության մասին», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Պենտագոնում կարծում են, որ ձմռան մոտենալուն պես Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դանդաղել։ Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ի աջակցության աճի տեմպերը հաստատ չեն դանդաղի, քանի որ «Ուկրաինային աջակցելը կախված չէ եղանակից, այլ ուկրաինացիների խոսքով նրանից, թե ինչ է իրենց պետք»:
Նորվեգիայի պաշտպանության նախարարը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին
Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական կայքը։
«Կարեւոր է, որ մենք միավորվենք մեր ռազմական եւ քաղաքացիական աջակցության հարցում, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն, ինչ իրեն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,-նշել է նախարարը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հիմնադրամը ստեղծվել է հակակոռուպցիոն միջոցառումների, ինչպես նաեւ Ուկրաինա բժշկական սարքավորումներ, դրոններ, համազգեստ մատակարարելու համար։