Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 12-ի ցերեկը և 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում նոյեմբերի 12-ի ցերեկը և 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը՝ +13 +15։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+ 12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2 — 5, ցերեկը՝ + 7 + 10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ + 6+ 10,

Լոռիում՝ գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ + 9+ 13,

Տավուշում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 11 + 15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 — 5, ցերեկը՝ +6 + 9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+14,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 13 +16,

Արմավիրում՝ գիշերը -1+ 2, ցերեկը՝ + 12 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1 — 4, ցերեկը՝ +6 + 9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 3+ 7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+ 6, ցերեկը՝ + 10 + 14:

Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած. Արման Թաթոյան

Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել:

«Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։

Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդանց առողջության համար:

Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է:

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը այս խնդիրն օր առաջ լուծելն է: Առանց դրա` ստեղծված պայմաններում, իրական խաղաղություն հնարավոր չէ:

Առկա իրավիճակն էլ պատահականություն չէ. սա ադրբեջանական պետական թշնամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է, որը չունի խաղաղության նպատակ:

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է»,- գրել է նա։

Պետական դավաճանության դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը. Միքայել Համբարձումյան

Պետական դավաճանության դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը, զինված ուժերը, բայց որ պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, դա միանշանակ է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

«ԱԱԾ իմ գործընկերները դիտավորյալ չեն հանրայնացնում այդ դեպքերը, ուղղակի դա մոտեցման ձև է»,- հավելեց նա։

Ըստ Համբարձումյանի, այն որ այս դեպքերը տեղային ազդեցություն կարող էին ունենալ պատերազմի վրա՝ դա փաստ է։

Մոսկվայում նոյեմբերի 12-ին ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել

Շաբաթ առավոտյան Մոսկվայում օդը տաքացել է մինչև 9,6 աստիճան. այս օրն ամենատաքն է օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ, «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը։

Նոյեմբերի 12-ի նախորդ ռեկորդը 9,3 աստիճան էր, որը գրանցվել էր 2010 թվականին:
«Ռեկորդը սահմանվել է։ Արդեն ժամը 10։00-ին ջերմաստիճանը 9,6 աստիճան էր։ Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ», — ասել է նա:

Վիլֆանդի խոսքով՝ նման տաք եղանակը պայմանավորված է Սկանդինավիայից ցիկլոնի մոտեցմամբ։

«Սա հանգեցնում է արևմուտքից և հարավ-արևմուտքից օդային զանգվածների հոսքերի ավելացմանը, դրանք ի սկզբանե տաք են, և նման պայմաններում տեղափոխվում են շատ մեծ արագությամբ, սառչելու ժամանակ չունեն», — ասել է նա:

ՊՆ-ն մարտական հրաձգության դասընթացների մասնակիցների համար գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ

ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Քաղաքացիները մեկնաբանությունները կարող են թողնել հղումով:

Մի շարք հայ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր գործիչներ նամակ են ստացել, որ իրենք դարձել են հաքերների հարձակման զոհ

Տեղեկացնեմ, որ նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 «Մենք Cyberhub.am-ում Artur Papyan-հետ տեղյակ ենք մոտ տաս մարդու մասին։ Որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, նենց որ կարող ա նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։

Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն ա, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում։

Եթե նման նամակ եք ստացել, դիմեք ինձ, կամ Artur Papyan-ին, կամ մեր Cyberhub.am֊ի էջին։ Կամ եթե մեզ չեք վստահում, Ruben Muradyan դիմեք։ Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»,- գրել է նա։

«Հայկազովի» կամուրջի  մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին. կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:

Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է:

ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի:

Նրանց առողջական վիճակի և պատահարի մասին մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ:

Տելեգրամյան ալիքից թմրամիջոց էր ձեռք բերել իրացնելու նպատակով

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալեցին Երևանի 23-ամյա մի բնակչի։
Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, նույն զանգվածով, շուրջ 63 գրամ քաշով, պոլիէթիլենային 3 տոպրակ, էլէկտրական 2 կշեռք, կպչուն ժապավեններ և 342 դատարկ տոպրակներ։
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով և Երևանի տարբեր հատվածներում իրացնելու էր։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակում է։

Ստեփանակերտում 1-ին անգամ Գարեգին Բ-ի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն կկատարվի

Նոյեմբերի 13-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից:

Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

«Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝ նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին: Սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու Արցախի թեմի և մեր Եկեղեցու համար այս կարևոր և ուրախալի խորհրդի կատարմանը»,- նշված է Արցախի թեմի հաղորդագրության մեջ։