Առավոտյան 5-ին ավարտվել է ռուսական զորքի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականներն ավարտել են Խերսոնի ուղղությամբ զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ, զինծառայողների և տեխնիկայի կորուստներ չկան, հայտնում է interfax.ru-ն։

«Խերսոնի ուղղությամբ այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5-ին ավարտվել է ռուսական զորքերի տեղափոխումը Դնեպր գետի ձախ ափ»,- ուրբաթ ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Աջ ափին ոչ մի զինտեխնիկա և զենք չի մնացել, բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի կազմավորումներն ու զորամասերը գրավել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական գծեր ու դիրքեր։

«Բոլոր խաղաղ բնակիչներին, ովքեր ցանկանում էին լքել Խերսոնի շրջանի աջափնյա հատվածը, օգնություն է ցուցաբերվել տարհանման հարցում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 18-ին հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զորքերի (ուժերի) միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ չեն բացառվում Խերսոնի հարցով բարդ որոշումներ։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։

Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել. 200 հազար դրամ կաշառք է պահանջել հանգուցյալի որդուց

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:

«Մասնավորապես` 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ.-ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5×5 քմ-ն, որից հետո, հայտնաբերված խախտման կապակցությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու փոխարեն, զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ.-ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար նրանից պահանջել կաշառք: Արդյունքում` Բ. Հ.-ն 2022թ. մայիսի 12-ին Է. Պ.-ի կնոջ կողմից կատարված բանկային փոխանցմամբ Է.Պ.-ից որպես կաշառք ստացել է 200.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ ձեռնպահ է մնացել իր գործառութային պարտականությունները կատարելուց:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել այն կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշած է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Շորթում, անձի առեւանգում, ընտանեկան բռնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության, խարդախության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 2, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքն անզգուշությամբ վնասելու, վստահված գույքը հափշտակելու և ֆիզիկական ներգործության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 15-ին տեղի կունենա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ը, hakob.knajyan@ecsc.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ ժամը 14.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)

«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները և պլանները որևէ փոփոխություն չեն կրել․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։
Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը.

Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային Ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ անցած լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ մեր խմբակցության մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային Ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել:

«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել»։

Կրեմլում Խերսոնից հեռանալը նվաստացուցիչ չեն համարում

Կրեմլում Խերսոնից հեռանալը եւ Դնեպրի ձախ ափ զորքերի վերատեղաբաշխումը նվաստացուցիչ չեն համարում, լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ընդգծել է, որ դրանից տարածաշրջանի կարգավիճակը չի փոխվել։ «Դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Օրենսդրորեն այդ սուբյեկտը ամրագրված է, սահմանված։ Այստեղ չկան փոփոխություններ եւ չեն կարող լինել», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է ողջ Խերսոնի մարզը համարել իր տարածքը եւ արդյոք իրավաբանորեն գրանցելու է աջափնյա մասի կարգավիճակը։

Նա նաեւ լրագրողներին առաջարկել է դիմել Պաշտպանության նախարարություն Խերսոնի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը չորեքշաբթի հայտարարել էր, որ որոշում է կայացվել Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին՝ զինվորականների կյանքը եւ մարտունակությունը պահպանելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սուրովիկինին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները Խերսոնի ուղղությամբ զորքերը Դնեպրի աջ ափից ձախ ափ անվտանգ տեղափոխելու համար։

Պատրաստվե՞նք, թե՞ էլի հավատանք հրաշքների, սրանց օրոք. Սեւակ Հակոբյան

Պատրաստվե՞նք, թե՞ էլի հավատանք հրաշքների, սրանց օրոք

19․09․2020թ․ — Իլհամ Ալիևը հարցազրույց է տալիս հեռուստաընկերություններին ու ասում է․ «Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։ Այդտեղ նաև բացահայտում է, որ Դուշանբեում Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել՝ սահմանին չկրակել, մինչև ներսում իր քաղաքական հակառակորդների հարցերը լուծի։ Իսկ Փաշինյանն էլ, ըստ նրա, խոստացել է կառուցողական լինել։
25․09․2020թ․ — Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արցախի խորհրդարանական պատվիրակությանը և հայտարարում․ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտման ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

26․09․2020թ․ — Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»։

27․09․2020թ․ առավոտյան սկսվում է պատերազմը։ Փաշինյանի հարցազրույցը եթեր չի գնում այլևս, «Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունացման» թեման սառեցվում է։

2 ՏԱՐԻ ԱՆՑ

10․11․2022 – Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում 30 րոպեանոց հայտարարություն է կարդում և մեղադրում Ադրբեջանին երկկողմ ու եռակողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ, ասում է՝ Ադրբեջանը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, գերիներին վերադարձնելու, կոմունիկացիաները բացելու և մյուս բոլոր պայմանավորվածությունները խախտում է, ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին, Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

11․11․2022թ․ — Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն պատասխանով է հանդես գալիս՝ նշելով, թե Հայաստանի վարչապետը փորձում է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում նոյեմբերի 8-ին ունեցած ելույթը խեղաթյուրել և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու տպավորություն ստեղծել․ «Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։ Նաև հայտնում են 30 տարի Ադրբեջանի ճնշված լինելու մասին։

11․11․2022թ․ — Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում և արձագանքում Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր մենք գտնվում ենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ հայրենի հողերում։ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը համատեղ հռչակագրերով, որոնք ընդունվել են հոկտեմբերին Պրահայում ու Սոչիում։ Սա ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում»,- հայտարարում է նա՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած պայմանավորվածությունները չկատարելու մեջ։

11․11․2022թ․ — Նիկոլ Փաշինյանը Թվիթերում արձագանքում է Իլհամ Ալիևին․ «Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանը։

Բավականին տարօրինակ է, որ նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։

11․11․2022թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հարցազրույց է տալու Հ1-ին։

Կարծես, մեկին մեկ բռնում է, շուտով կլսենք Փաշինյանի ելույթը, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Բայց, ապագա կա՛ ապագա, ժողովուրդ ջան։

Եղանակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-5 մ/վ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7 + 12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7 + 10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 10 + 12,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4 + 9,

Լոռիում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ + 7 + 11,

Տավուշում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 10 + 14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5 + 9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 10 + 14,

Արարատում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 13 + 16,

Արմավիրում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 13 + 16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5 + 8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 7 + 11,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 11 + 15։

Հիմա Արևմուտքը ոչ թե հետքրիստոնեական է, այլ հակաքրիստոնեական է. Ստեփան Դանիելյան

Շատ դժվար է հրաժարվել կաղապարներից, առավել ևս այն հասարակությունների համար, որոնք համաշխարհային զարգացումների հետ դիսոնանսի մեջ են գտնվում, չեն հասկանում ինչ է շուրջ բոլորը կատարվում. դրա արդյունքը շատ ծանր գին է ունենում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանի պաշտոնական ընդդիմությունը, գտնվելով գաղափարական ու բարոյահոգեբանական նոկդաունի մեջ, փորձում է խաղարկել եկեղեցու խաղաքարտը, փորձելով հոգևորականներին մտցնել քաղաքականության մեջ, օգտագործել դեռևս առկա կաղապարներն ու էմոցիոնալ արդյունք ունենալ զանգվածների վրա:
Նախ «քրիստոնական աշխարհի» մասին: Չկա այլևս նման աշխարհ ու մեր առաջին քրիստոնեական ազգ լինելը որպես բրենդ չի աշխատում ու դա ոչ մեկին «ծախել» չի ստացվի:

1789-ի ֆրանսիական հեղափոխությունից հետո «քրիստոնեական աշխարհն» այլևս քրիստոնեական չի, դա հետքրիստոնեական աշխարհ է, որտեղ կրոնը յուրաքանչյուրի անձնական գործն է: Կրոնը դուրս է մղվել քաղաքականությունից, այն այլևս բարոյականության, փոխհարաբերությունների կանոնների, իշխանության լեգիտիմության համար նորմատիվային դեր չի կատարում:

Բայց դա դեռ առաջին քայլն էր: Հիմա Արևմուտքը ոչ թե հետքրիստոնեական է, այլ հակաքրիստոնեական է՝ ոչնչացվում են եկեղեցիները, հանվում են խաչերը, պետական մակարդակով նվաստացվում են քրիստոնեական արժեքները:

Ինչու է դա արվում:

Շատ պարզ պատճառով, քրիստոնեական պատվիրանները խանգարում են նոր համաշխարհային էլիտային կառուցել այնպիսի նոր աշխարհ, որտեղ չլինի միջին խավ, չլինեն անկյունաքարային արժեքներ, որոնք կխանգարեն ջարդել ավանդական հարաբերություններն ու կառուցել նորը՝ ինչպես որ իրենք դա պատկերացնում են:

Այդ զարգացումը 1789-ի ֆրանսիական հեղափոխության, հետագայում մարքսիզմի, իսկ հիմա ֆրեյդոմարքսիզմի տրամաբանական շարունակությունն է: Վերջինս այսօրվա Ամերիկայի Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքն է:

Դա Հայաստանում չեն ըմբռնում: Հանգիստ թողեք եկեղեցին, մի բզբզեք, դրանով ավելի եք թուլացնում այդ կառույցի հիմքերը, փոխարենը ոչինչ չստանալով: Եթե չեք կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, քաղաքական մտքեր գեներացնել, չգիտեք հասարակության հետ շփման ձևը, եկեղեցին էլ չի կարողանա ձեզ օգնել այդ գործում:

Թողեք եկեղեցին հեռու մնա քաղաքականությունից, զբաղվի իրեն վերապահված գործերով, որոնք այդպես էլ չի կարողանում լիարժեք իրականացնել: Մի ազգային ինստիտուտ է դեռ մնացել, այդ էլ եք փարձում վերջնականապես հեղինակազրկել:

Նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ նեռի հետ համապարտ պատասխան եք տալու

Օրեր առաջ Վարանդայում զորամասի բացման առիթով Ալիևը ցույց տվեց Ադրբեջանի նոր քարտեզը՝ Մեղրիի միջանցքով…
Խոսքս ուղղում եմ բոլոր «տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներին,ովքեր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո շարունակեցին օգնել նեռին մնալ իշխանության. նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի համար նեռի հետ համապարտ պատասխան եք տալու, բոլորդ անուններ ունեք ու բոլորիդ ճանաչում եմ…