Գեղանիստում կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը. Այն չի ապահովվել կրծողների և միջատների ներթափանցումից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները.

չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից.

արտադրական շինություններում պահվել են սարքավորումների ընթացիկ լվացման ու ախտահանման հետ կապ չունեցող, չօգտագործվող նյութեր և պարագաներ.

սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող ջուրը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին.

իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ.

սանիտարական անձնագիր չի ունեցել նաև արտադրմասի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Բժիշկները ենթադրաբար Միխեիլ Սաակաշվիլու մոտ տուբերկուլոզ եւ դեմենցիա են ախտորոշել. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մոտ բժիշկները ենթադրաբար տուբերկուլոզ եւ դեմենցիա են ախտորոշել։ Երեքշաբթի վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալությանն այս մասին ասել է փաստաբան Շալվա Խաչապուրիդզեն։

«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է եւ դրանք դեռ վերջնական չեն, դա միայն ենթադրություն է, ինչպես նաեւ Միխեիլ Սաակաշվիլու 34 հնարավոր հիվանդությունները»- ասել է փաստաբանը։

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում, որից հետո տեղափոխել է Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։

Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։ Ձերբակալությունը նա համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքը՝ կեղծ։

«Նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին, պետք է իմանան՝ ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»․ Ալիևը նոր սպառնալիքներ է հնչեցրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել։

Նախ նա հայտարարել է, թե ադրբեջանական բանակն արդեն ցուցաբերել է «իր ուժն ու պրոֆեսիոնալիզմը», և տարածաշրջանում «հիմնական ազդեցությունը», «գլխավոր խոսքն» «Ադրբեջանինն է»։
«Եթե հարկ լինի, մենք ևս մեկ անգամ ի ցույց կդնենք դա և կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաև նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»,- հավելել է Ալիևը։

Երվանդ Քոչար փողոցում միջադեպի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամաբ, քարերով հարվածել են մի քանի երիտասարդների և հնչեցրել հայհոյանքներ: Նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին՝ երիտասարդները նստել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում ավտոմեքենան վարել են ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել, սակայն ավտոմեքենան հարվածել է մայթեզրին առկա քարին և կանգնել:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ 33-ամյա տղամարդը և ուղևորներից մեկը՝ 21-ամյա երիտասարդը, անմիջապես ձերբակալվել են և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ մյուսները դիմել են փախուստի:

Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը փորձել է դիմել փախուստի և ավտոմեքենայի մեջ կծել է ոստիկանների ձեռքերը՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի մասնակիցները ծեծի են ենթարկել 4 երիտասարդի, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկին, իսկ մեկ այլ մասնակից իր մոտ եղած ատրճանակից կրակել է քննությամբ չպարզված ուղղությամբ, ապա քարերով վնասել երիտասարդներից մեկին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան:

33-ամյա տղամարդը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հանդիպել են դեպքի վայրին հարակից թաղամասի 60-ամյա բնակչին և ուսումնասիրել նրա բջջային հեռախոսում առկա տեսագրությունները, սակայն այդ ընթացքում վերջինս մոտեցել է նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ 50-ամյա տղամարդու, ով հայհոյանքներ է հնչեցրել տեսագրությունները ոստիկաններին տալու կապակցությամբ, որից հետո 60-ամյա տղամարդը բջջային հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, որպեսզի ոստիկանները հնարավորություն չունենան ուսումնասիրել դրանում առկա տեսագրությունները:

Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին՝ նախաքննությունը նույն վարույթում շարունակելու նպատակով:

Հիշյալ երկու տղամարդիկ նույնպես ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մենք «արդար» խաղաղություն ենք ուզում․ Ալիևը կրկին նախապայմաններով է խոսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նախապայմաններ է հնչեցրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։

Նա հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։
«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, սակայն՝ «արդար» խաղաղություն։ Մեր առաջադրած սկզբունքներն «արդար» են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմաններով»,- հայտարարել է Ալիևը։

Նա հավելել է՝ եթե Հայաստանը «բարի կամք դրսևորի», ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի, հակառակ դեպքում չի ստորագրվի։

«Թե ինչ կլինի հետագայում, կյանքը ցույց կտա»,- ասել է Ալիևը։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը․ Այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Շուշիի բռնազավթման 2-րդ տարելիցի կապակյցությամբ ուղերձով է հանդես եկել․

«2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923թ֊ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900֊ականների սկզբին, այնպես էլ 2020թ֊ին թուրք֊ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր֊մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք֊ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»։

Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները:

Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները՝ ըստ ցուցաբերած արդյունքների՝

70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,

80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,

90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով:

Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները:

Սահմանվել է, որ դրույքաչափի փոփոխությունը և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվում են՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը:

2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝

30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը),

40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը),

50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):

Նշենք նաև, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը:

2023 թվականից սկսած՝ ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Դիլիջան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 14:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի փողոցի և 1-ին նրբանցքի, Իվանովի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գյումրիում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել ձիու նկատմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», — ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Եղանակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը, մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7 + 10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7 + 9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 10 + 13,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5 + 9,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 7 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 8 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5 + 9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 14,

Արարատում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6 + 8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8 + 12,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 12 + 14։