Երևանում Ford Transit-ը բախվել է Nissan XTrail-ին, անցել մայթով և հայտնվել գերեզմանոցում

Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել գերեզմանոցում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հայաստանում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ

2022 թվականի նոյեմբերի 04-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։

Ըստ այդմ.
«ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, Մանհայմ, Բադեն Վուրթեմբերգ, 68305, Գերմանիա-բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Գրենզախերշտրասե 124, 4070 Բազել (Շվեյցարիայի համար) դեղի H0238B01 սերիայի դեղը արտադրողի կողմից հաստատվել է որպես կեղծված:

«Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից»,- ասված է ԱԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին


Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է սահմանվել

Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է մտցվել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։

«Խերսոն քաղաքում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարվել`միայն նրա համար, որ կարողանանք պաշտպանել մեր քաղաքը»,- պարզաբանել է նա։

Վերջին շրջանում ուկրաինական զորքերը Խերսոնի շրջանում փոքր խմբերով «փորձարկում» են ռուսական զինված ուժերի պաշտպանությունը։ Անցած կիրակի Ստրեմուսովը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել էր, որ Ուկրաինան լայնածավալ հարձակման փորձ է նախապատրաստում։

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ–ն խոստացել էր՝ Սոչիի հայտարարությունում կնշվի իր փաթեթը, բայց դա տեղի չունեցավ. Գրիգորյան. Factor TV

Երբ արդեն հայտնի էր Սոչիի հանդիպման օրը եւ ձեւավորվում էր փաթեթը, Երեւանը փորձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման այսպես ասած՝ ռուսական մոտեցումներին աջակցություն ցույց տալ, մենք նաեւ փորձ ենք արել, որ հայտարարության մեջ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին խոսք կար, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Այս մասին Factor TV-ի   հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ի դեպ, մենք նաեւ խաղաղապահների տեղակայման մասով ուզում էին հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ եւ փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։

Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետը՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ եւ փորձել լուծումներ գտնել»,–  ասել է ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, թե ԼՂ-ի կարգավիճակի հարցով ՌԴ-ն խոսք տվե՞լ է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա, Արմեն Գրիգորյանն ասել է, որ բանակցությունները ոչ թե խոստումների մասին են, այլ մոտեցումների քննարկում են։

«Հայաստանը  ներկայացրել է իր մոտեցումները եւ ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար եւ ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ Այստեղ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարեւոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան»,– ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ասել է, որ առաջիկայում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանին փոխանցված  5 կետերի վերաբերյալ։

«Ադրբեջանն իր այդ կետերի հիման վրա ներկայացրել է ավելի բացված տարբերակ, եւ մենք դրան պատասխանել ենք, շուտով կքննարկենք այդ տարբերակը»,– ասել է նա։

Հարցին, թե Ադրբեջանը պայման դրե՞լ է, որ Հայաստանը համաձայնվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելուն, Ախ քարտուղարն ասել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։

«Կարող ենք կարդալ եւ ենթադրել, որ այդտեղ Ղարաբաղի մասին ինչ–որ խոսք կա, որոշ տողերի տակ, բայց հստակ չէ, դրա համար էլ Հայաստանը բանակցություններում  փորձելու է հստակեցնել այդ հարցը»,– ասել է  Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը մասնագիտական աշխատանք է տարվել, որպեսզի այն դառնա խաղաղության պայմանագրի շրջանակին մոտ։

«Մեզ փոխանցված տարբերակի վրա շատ մեծ ծավալի աշխատանքն կար տարվելու, ինչը մենք կատարել ենք, այս պահին պատրաստ ենք խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակել»,– նշել է նա։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի  պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար։

«Կշարունակենք աշխատել, տեսնենք՝ ՀԱՊԿ–ը ինչ կարող է անել»,– ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու։

«Մենք գիտեինք, որ վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել եւ փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։ Բայց ինչպես մենք հայտարարել ենք՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ գործարք կարմիր գիծ է մեզ համար եւ մենք այդպիսի քայլի չենք գնալու, ինչքան էլ փորձեն մեր հանդեպ ճնշումներ գործադրել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,– ասել է Գրիգորյանը եւ հավելել, որ իրեն կբավարարեր ՌԴ-ի պատասխանը, եթե ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքում չլինեին։

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով։

Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

3 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2101-ը. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Հռոմի պապը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից» եւ հակազդել սպառազինության նոր մրցավազքին, հաղորդում է Reuters-ը։

«Երկու սարսափելի համաշխարհային պատերազմներից, սառը պատերազմից, աղետալի կոնֆլիկտներից հետո մենք շարունակում ենք մնալ անդունդի եզրին, եւ մենք չենք ուզում ընկնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բահրեյնում թագավորական պալատում։

Պոնտիֆիկոսը, որն աջակցում է միջուկային զենքի արգելքին եւ հաճախ է քննադատում զենքի գլոբալ առեւտուրը, հայտարարել է, որ կրոնական առաջնորդները չեն կարող աջակցել պատերազմներին։

Բահրեյնի թագավոր Խամադ բին Իսա Ալ Խալիֆան կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի պատերազմն ու լուրջ երկխոսություն սկսել՝ ի շահ ողջ մարդկության։

Գեղարքունիքի Նորակերտ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «VAZ-2101» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած: