Դուբայում դեկտեմբերի 15-ից մեկնարկում է ամենամյա շոփինգի փառատոնը

Դուբայում դեկտեմբերի 15-ից մեկնարկում է Դուբայի ամենամյա շոփինգի փառատոնը (Dubai Shopping Festival), որը կտեւի մինչեւ 2023 թվականի հունվարի 29-ը։

Ընդհանուր առմամբ այցելուներին սպասվում է ժամանցով, հայտնի կատարողների համերգներով, իսպառ վաճառքներով, հյուրանոցային զեղչերով, գաստրոնոմիական բացահայտումներով եւ խաղարկություններով հագեցած 46 օր։
Այս տարի DSF ծրագրում կներառվեն Etisalat MOTB հայտնի առեւտրային հարթակը Burj Park-ում, ամենաերկարատև DSF Drones լուսային շոուն եւ Dubai Lights գրավիչ ցուցահանդեսը:

«Դուբայի 28-րդ շոփինգ փառատոնը եւս մեկ առիթ է ամբողջ աշխարհի ճանապարհորդների համար այցելել Դուբայ եւ մասնակցել իր տեսակով ամենաերկարատեւ փառատոնին։ Այս տարի բոլորին հրավիրում ենք վայելելու տարատեսակ ժամանց, գաստրոնոմիա, գնումներ եւ հանգիստ: Մեր գործընկերների եւ մանրածախ վաճառողների հետ համագործակցությամբ՝ մենք անհամբեր սպասում ենք եւս մեկ անմոռանալի սեզոնի», — ասել է Դուբայի Փառատոնների կառավարման եւ մանրածախ առեւտրի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ահմեդ Ալ Հաջան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Visit Dubai կայքը կամ @CelebrateDubai եւ @StyledbyDubai սոցցանցերի էջերը։

Պետք է հիշենք անցյալը, որ չկրկնվի նման ողբերգություն. ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Ֆրանսիացի խորհրդարանականները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»:

Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար․ Ռոբերտ Քոչարյան

Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաեւ նշել է. «Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։
Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։

Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ:

Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել. քաղաքագետ

Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաև ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: Բացատրեմ, թե ինչ է կատարվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Այսպես կոչված Խաղաղության Պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական և արևմտյան:

Ըստ արևմտյան տարբերակի Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, դրա հետևանքներին այս պահին չեմ անդրադառնում, և ռուսական, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում:

Ինչում է աֆերիստությունը կայանում: Պրագայում, Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մոտ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ինչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:

Դրա համար էր Նիկոլը ասում, որ հույս ունի, որ Մոսկվան իր խոսքի տերը կլինի, այնինչ ինքն այնտեղ ասելու է, այն, ինչն ասել է Պրագայում: Դա նկատի ուներ Պուտինը, որ ասում էր, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, իսկ ինքն ընդամենը միջնորդ է:

Արդյունքում Նիկոլը գալու է Հայաստան ու ասելու, որ ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, հեսա, տեսեք, հրապարակային կերպով հայտարարել եմ, իսկ Մոսկվան չպահեց իր խոսքը ու թուրք-ռուսական դավադրություն կա Հայաստանի դեմ, իսկ ինքն ինչ է կարող անել::

Հ.Գ. Դրա համար էր Պուտինը դիմում հայ ժողովրդին ու ասում, դուք եք որոշում կայացնում, դեռ ժամանակ ունեք: Հայաստանի ժողովուրդը պետք է ասի, որ համաձայն չեն Արցախի հարցը հիմա քննարկել, ինքը դա կպաշտպանի, իսկ եթե ոչ, կհարգի երկու կողմերի որոշումը:

Իմաստը, Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև, հետագայում, մոռացեք Սյունիքի մասին: Սյունիքի մասին էլ ես եմ ավելացնում: Մի քանի շաբաթ կա դրա համար, ընդամենը:

«Բարի լոյս Երեւանէն». Կարո Փայլանը Հայաստանում է

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա Երևանից լուսանկարներ է հրապարակել.

«Բարի լոյս Երեւանէն», — գրել է Փայլանը։

Հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով «ՎՏԲ Հայաստան բանկի», «Արդշինբանկի», «Հայբիզնեսբանկի» և «ԱԿԲԱ բանկի» միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։

Բարաք Օբաման փորձում է օգնել դեմոկրատներին հաղթել միջանկյալ ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման փորձում է անել այն, ինչը չի կարողացել անել նախագահական երկու ժամկետում. օգնել դեմոկրատներին հաջողության հասնել համազգային միջանկյալ ընտրություններում, երբ նրանք արդեն զբաղեցնում են Սպիտակ տունը, գրել է AP-ը։

Ուրբաթ օրը Օբաման սկսում է ճամփորդությունը «մարտադաշտ» հանդիսացող նահանգներում՝ Ջորջիայում, Միչիգանում եւ Վիսքոնսինում, իսկ հաջորդ շաբաթ կմեկնի Նեւադա եւ Փենսիլվանիա։
Երթուղին ընտրվել է այն ժամանակ, երբ Բայդենը եւ դոմոկրատները փորձելու են կանխել հանրապետականների ուժեղ գրոհը՝ ուղղված այն բանին, որպեսզի կոտրեն դեմոկրատների մեծամասնությանը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում եւ նահանգապետերի կարեւոր պաշտոններ զբաղեցնեն 2024թ. նախագահական ընտրություններին ընդառաջ։

Կուսակցական ստրատեգների կարծիքով՝ Օբաման մեծ ազդեցություն ունի անգամ տնտեսական անորոշության ժամանակ։

«Այսօր Օբաման հազվադեպ տեղ է զբաղեցնում մեր քաղաքականությունում»,- ասել է Դեւիդ Աքսելրոդը, որն օգնել է ձեւավորել Օբամայի ընտրարշավները՝ սկսած Սենատից (Իլինոյսում), վերջացրած նախագահական ընտրություներով։«Ակնհայտ է, որ դեմոկրատները, ինչպես նաեւ անկախ ընտրողները հավանում են նրան»։

Աքսելրոդը եւ ուրիշներ նշել են, որ ոչ Բայդենը, ոչ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեն կարող հավակնել դրան, անգամ չնայած այն բանին, որ երկուսն էլ ակտիվացրել են իրենց ընտրարշավը նոյեմբերի 8-ի նախօրեին։

«Բարաք Օբաման մեր կուսակցության լավագույն պատվիրակն է, եւ նա շատ պոպուլյար է երկրում»,- ասել է Հարավային Կարոլինայից դեմոկրատ, հայտնի մեկնաբան Բաքարի Սելերսը։

Օբաման պաշտոնից հեռացել է 2017թ. հունվարին հավանության 59 տոկոս վարկանիշով։ Մեկ տարի հետո, ըստ «Գելափի», նրա վարկանիշը հասել էր 63 տոկոսի։

Դա զգալիորեն ավելի բարձր է նրա 2010թ. վարկանիշից, երբ դեմոկրատները կորցրին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը միջանկյալ ընտրություններում։ Չորս տարի հետո Հանրապետական կուսակցությունը վերականգնեց վերահսկողությունը Սենատում։

Բայդենը հինգշաբթի մեկնել է Սիրակուզի (Նյու Յորք)։ «Դեմոկրատները կառուցում են ավելի լավ Ամերիկա բոլորի համար՝ այնպիսի տնտեսությամբ, որի ժամանակ բոլորը հաջողակ են»,- ասել է Բայդենը՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը։

Դեմոկրատ Լիզ Սմիթը կարծում է, որ Օբաման ավելի լավ է պատրաստված ամերիկացիներին ավելի լավ տնտեսոթյուն ունենալը փաստարկելու համար, որոնք դեռ չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը եւ արդյոք քվեարկելու են առհասարակ։

«Եթե սա հանրաքվե է դեմոկրատների եւ տնտեսության մասին, ապա մենք վրիպել ենք»,- ասել է Սմիթը՝ խոստովանելով, որ ոչ մի գործող կուսակցություն չի ցանկանում առաջադրվել կայուն գնաճի պայմաններում։ «Բայց դուք պետք է ընտրություն կատարեք երկու կուսակցությունների միջեւ, բյուրեղացնեք տարաձայնությունները»։

Օբաման դա արել է 2008 եւ 2012թթ. նախագահական ընտրություններում՝ «հաղթելով շատ սպիտակ ընտրողների աշխատավորական դասից»։

Նա չկարողացավ կրկնել դա միջանկյալ ընտրություններում, բայց այս անգամ նա նախագահ չէ։ Սմիթը եւ Աքսելրոդն ասել են, որ դա նշանակում է, որ Օբաման կարող է այնպես հմուտ ներկայանալ, որպեսզի պաշտպանի դեմոկրատների ձեռքբերումները՝ գնաճի կրճատման մասին օրենքից մինչեւ կորոնավիրոսւի համավարակի դեմ պայքարի միջոցների փաթեթ, որը շատ դեմոկրատներ խուսափել են գովազդել, որովհետեւ հանրապետականներն այն քննադատում են գնաճի պատճառով։

Թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում:
Ծրագիրը կազմված է ներկայացումներից ու վարպետության դասերից, որոնք ներառում են մեծահասակ և մանկապատանեկան տարիքային խմբերի հանդիսատեսին:

Թայվանը բանակցությունների կոչ է արել Չինաստանին

ինաստանը պետք է դադարեցնի «Թայվանի դեմ իր հարվածները եւ պահպանի խաղաղությունն ու կայունությունը»։ Այս մասին հայտարարել է Թայվանի մայրցամաքային հարցերի խորհրդի ղեկավար Չիու Թայ Սանը, գրում է Reuters-ը։

«Պեկինը պետք է դադարեցնի դաժան հարվածները, քանի որ դա միայն խորացնում է անջրպետը երկու կողմերի միջեւ եւ ուժեղացնում լարվածությունը տարածաշրջանում»,-ասել է նա։
«Մենք կոչ ենք անում մայրցամաքային Չինաստանին վայր դնել զենքերը եւ պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Խաղաղության բանալին խնդիրների լուծման ուժային մոտեցումից հրաժարվելն է»,-հավելել է նա։

Նա հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է աստիճանաբար թուլացնել իր ճանապարհորդական սահմանափակումները, որոնք սահմանվել էին COVID-19 համավարակը վերահսկելու համար։

Տ. Դավիթ քահանա Սահակյանը կարգալույծ է հռչակվել. Նա ամուսնալուծվել է ու լքել հոգևոր ծառայության վայրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակայան ավազանի անունով։