Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախկինում Գարեգին Նժդեհի-Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:

ԱԱԾ նախկին տնօրենն ուշագրավ փաստեր է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ուշագրավ փաստեր է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. ««Որոշված է: Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին: Գիրքը կազմված է լինելու երեք բաժնից: Առաջինում միության գործունեության մասին հրապարակումներն են, երկրորդ մասը կազմում է «Անտեսանելի ճակատի մարտիկները» գլուխը, երրորդում զետեղվելու են միության հիմնադիրների, խորհրդի անդամների հուշերը:
Այսօրվանից գիրքն իր առանձին էջերով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը: Ու քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է` հայոց նորօրյա պատմության մեջ իր դաժան հետքը թողած տարեթիվը, որոշեցինք գրքի հանրային ներկայացումը սկսել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ հուշերից ստորև բերվելիք հատվածով:

«Հոկտեմբերի 27». փաստարկված նկատառումներ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ հայտնի ոճրագործությունը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում էր ՀՀ զինվորական դատախազության վարույթում։ Ձևավորված քննչական խմբի կազմ գործուղվեց նաև մեր քննչականի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից, ով իր հմտությամբ, փորձառությամբ, օպերատիվ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելով` անմիջապես ակտիվ ներգրավվեց և մասնակցություն ունեցավ գործի քննությանը։ Այդ ժամանակահատվածում ակնհայտ էր, որ ծառայությունը գործում էր խիստ լարված, հանցագործությունը բացահայտելու համար քննիչներին օժանդակելու, նրանց հանձնարարություններն արդյունավետ կատարելու նպատակադրվածությամբ։ Հետաքրքիր է, որ առ այսօր այդ քրեական գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվում է: Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե ի՛բր, հանցագործության պատվիրատուների մասով նոր տվյալներ են ստացվել և լինելու են բացահայտումներ, սակայն իմ կարծիքով նման հայտարարությունների հեղինակներն ավելի շուտ հետապնդում են քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, լարվածության մեջ նրանց պահելու, հանրության ոչ գիտակից մասի մոտ անհարկի կասկած կամ կեղծ համոզմունք ձևավորելու նպատակ։ Իսկ նման հետևության հանգելու համար բավարար է նշել հետևյալ էական փաստերը՝

քննչական և օպերատիվ խումբն առաջին իսկ պահից փաստացի գտնվել է Գագիկ Ջհանգիրյանի ուղղակի վերահսկողության ներքո: Նա օժտված է եղել գործն ամբողջ ծավալով բացահայտելու բոլոր հնարավորություններով։ Գ. Ջհանգիրյանը ոչ միայն բարձրակարգ իրավաբան-գիտնական է, այլև ունի քննչական և դատախազական աշխատանքի ահռելի փորձառություն։ Բացի այդ՝ անձնապես կապ ունենալով Վազգեն Սարգսյանի ու նրա մերձավոր թիմի հետ` նա բնականաբար ունեցել է նաև անձնական շահագրգռություն սպանության պատվիրատուներին բացահայտելու համար, հետևաբար տրամաբանորեն բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները բանեցնելով` ջանք է դրել լրիվ ծավալով բացահայտման ուղղությամբ,

քննչական խմբում հիմնականում ընդգրկված են եղել Գ. Ջհանգիրյանի բացարձակ վստահությունը վայելող քննիչներ, ովքեր և՛ս եռանդով աշխատել են հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար,

նման հանցագործությունները հիմնականում բացահայտվում են տաք հետքերով, հատկապես, երբ հանցագործությունը կատարած անձինք բռնվում են նույն պահին և նրանց հետ սկսում են ակտիվ աշխատել օպերատիվ-քննչական խմբերը, դատախազները,

կան ականատեսների, նրանց թվում՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի վկայությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել իր համաձայնությունն ուժային եղանակով վնասազերծել՝ սպանել ԱԺ ներխուժած ահաբեկիչներին,բառացի ասելով, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ամբողջ ծավալով գործը բացահայտել,

ի վերջո փաստ է, որ 23 տարի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում խմբի ղեկավար, հիմնական դերակատար, հետևաբար ամենաինֆորմացված անձ Նաիրի Հունանյանի կյանքը պահպանվել է և այսօր էլ շարունակում է պատիժը կրել։ Նրա և խմբի մյուս անդամների նկամամբ որևէ մեղմ, արտառոց վերաբերմունք չի դրսևորվել,

եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ քաղաքական կամ որևէ այլ իրավիճակով պայմանավորված` քննիչներին այն ժամանակ չի հաջողվել բացահայտել հանցագործության պատվիրատուներին, նրանց խոչընդոտել են, ապա ինչո՞ւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո կամ այս չորս տարիների ընթացքում ի հայտ չեկավ որևէ լուրջ փաստարկ և համոզիչ նոր տվյալ, հեղափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնելով` ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը կամ նրա նախկին քննիչները չեն հայտարարում, որ գործի քննության ժամանակ ունեցել են խնդիրներ, ինչ-ինչ տվյալներ, սակայն իրենց խոչընդոտել են, թույլ չեն տվել ճշմարտությունը բացահայտել, ինչո՞ւ այս ընթացքում չօգնեցին քննության բացահայտմանը, եթե, իհարկե, ունեն փաստեր,

հարկ է հաշվի առնել նաև, որ Վազգեն Սարգյանի եղբայր Արամ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո առ այսօր սերտ համագործակցության մեջ է գործող իշխանության հետ: Այսինքն` դեպքի եղելությունն առ այսօր պարզելու համար տիրապետել ու տիրապետում է բավարար լծակների:

Հետևաբար, եթե նույնիսկ այսուհետ ի հայտ գան նոր փաստեր, տվյալներ, վկայություններ, դրանք պետք է մանրամասն ստուգել ու նոր գնահատել, հանրայնացնել, քանի որ մեծ է այդ կերպ հաշվեհարդար տեսնելու, երկրում քաղաքական իրավիճակն էլ ավելի լարելու և ապակայունացնելու ռիսկը:

Ի դեպ, վերոնշյալ նկատառումներս չշահարկելու, այլ կերպ չմեկնաբանելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ… (շարունակելի)»:

Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է զոհված զինծառայողի 10 մարմին. ՊՆ խոսնակ

Ադրբեջանն այսօր հայկական կողմին փոխանցել է զոհված զինծառայողի 10 մարմին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։
Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Սեպտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Գայանե Փայտյանի հոգեհանգիստը կկայանա վաղը

Հայտնի լրագրող, հաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում:

Գայանե Փայտյանի քույրը՝ Մարիաննա Փայտյանը տեղեկացնում է. «Սիրելի ընկերներ,

Ցավոք, այս անգամ հրաշք չեղավ, քույրս` հենարանս, թիկունքս, երկրորդ մայրս հեռացավ երկրային կյանքից:

Քրոջս հոգեհանգիստը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում` 17:00-20:00: Հասցե` Ֆուչիկի 27/34 (Մալայան կլինիկայի դիմաց):

Հուղարկավորությունը հոկտեմբերի 29-ին է` ժամը 14:00-ին` նույն վայրից»։

Կրակոց՝ Եղվարդում. կրակողը Նաիրի համայնքի ղեկավարի խորհրդականն է եղել. Shamshyan.com

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանում բնակվող 70-ամյա Գրիգոր Թ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի եվրոպական արտադրության դուռը, ինչի հետևանքով իրենց պատճառվել է մոտ 90 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Եղվարդ քաղաքում բնակվող 36-ամյա Էդգար Նիկոլյանը, ում հետ ոստիկանները տարել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին՝ ներկայացնելով նաև «ԻԺ» որսորդական ողորկափող հրացանը։
Կայքի տեղեկություններով՝ Է. Նիկոլյանը Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի խորհրդականն է։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը դուրս է եկել խմբակցության կազմից

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Իսրայելն ու Թուրքիան կվերսկսեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Իսրայելը եւ Թուրքիան վերսկսում են պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Անկարայում աշխատանքային այցի ժամանակ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

«Մենք երախտապարտ ենք Թուրքիային կարեւոր կենսական համագործակցության համար, որը կյանքեր է (իսրայելցիների) փրկում։ Ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր, ես հանձնարարել եմ իմ աշխատակիցներին սկսել աշխատանքային հարաբերությունները վերսկսելու ընթացակարգերը»,- թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գանցը։ Իսրայելցի նախարարի խոսքը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Հավաստիացնում եմ՝ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում. Արցախի ԱԺ նախագահ

Հոկտեմբերի 30-ի ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է Հայրենիքի ճակատագրով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի ԱԺ նիստում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին տեղի կունենա արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Ուղիղ հեռարձակմամբ նիստը հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ։ Նիստից հետո ելույթները շարունակվելու են հրապարակում՝ հանրահավաքի ընթացքում։ Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,-ասաց Թովմասյանը:

Ինչու՞ եք զարմանում,երբ Փաշինյանի ռեժիմը հակառուսական քարոզ է իրականացնում. Շարմազանով 

Ինչու՞ եք զարմանում,երբ Փաշինյանի ռեժիմը հակառուսական քարոզ է իրականացնում։
Ռուսները թող մտահոգվեն նախ եւ առաջ։
Իրենք էին ասում՝ «он -не предатель».
Կապիտուլյացիայից հետո Հայաստանում իշխանություն գոյություն չուներ,Փաշինյանը բունկերում էր,թիմն էլ նենց էր թաքնվել,որ ծպտունները չէր լսվում։
Այն ժամանակ սրանց միակ հուսը Ռուսաստանն էր:
Նույնիսկ ամենաթունդ հակառուսները դարձել էին Պուտինին ցիտողներ։
ՔՊ-ի կարկառուն էակներն ասում էին՝ Պուտինն ասում է,որ Նիկոլը դավաճան չէ։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ռուսական «դաբրոյի» շնորհիվ՝ խոստանալով խելոք ամեն ինչ անել։
Հիշու՞մ եք ,ինչպե՞ս էր Նիկոլը մի նախադասության մեջ մի քանի անգամ «սպասիբոներ» շռայլում «Լադիմիր Լադիմիրովիչին»,ու նաեւ «տպավորվում նրա խնդիրներ լուծելու օպերատիվությամբ»։
Իսկ երբ Ուկրաինայում իրավիճակը բարդացավ,սկսեց «խաղեր տալ» Արեւմուտքի հետ։
Այդպես են գործում բոլոր պոպուլիստներն ու իզմեր չունեցողները։
Նրանք ունեն մի արժեք՝ աթոռ։
Դրանց նմանների հետ գործընկերություն անելն էլ միշտ հանգեցնելու է «կոտրած տաշտակի»։
Այնպես որ,հարգելի ռուս գործընկերներ՝ մի զարմացեք։
Ինչպես ասում է իմաստուն հայ ժողովուրդը՝ օձն իր տաքացնողին է կծում։

Դոլարն ու եվրոն էժանանում են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 396.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 398.17 դրամ (նվազել է 2.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 458.62 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 391-398 դրամով, վաճառվում է 401-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 385-392 դրամով, վաճառվում է 401-411 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.46-6.20 դրամով, վաճառվում է 6.40-6.73 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 401-403 դրամով:

Եվրոն գնվում է 390-397 դրամով, վաճառվում է 401-403 դրամով:

Ռուբլին գնվում է 6.15-6.20 դրամով, վաճառվում է 6.30-6.35 դրամով: