«Թովմասյան» հիմնադրամի միջոցներով Մ.Խորենացու անվան հ.143 դպրոցում բացվել է գերժամանակակից ինժեներական լաբորատորիա

Ս.թ. հունիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի կազմակերպմամբ Dvin Music Hall-ում ներկայացվեց «Երազանքների պահապանները» մյուզիքլը, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ եկամուտը՝ 5,465,280 դրամ ուղղվեց հիմնադրամին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը խոստացել էր, որ գոյացած միջոցներով պետք է Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվեր ինժեներական լաբորատորիա, որը նախատեսված կլիներ ինչպես այդ դպրոցի, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանի մյուս դպրոցահասակ երեխաների համար:

Այսօր արդեն խոստումն իրականություն է դարձել. դպրոցում բացվեց անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով հագեցած դասասենյակ։ Աշակերտներն այս լաբորատորիայում կսովորեն ծրագրավորում, անիմացիա, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և կաշխատեն անօդաչու թռչող սարքերի և կառավարման համակարգերի հետ։
Հանդիսավոր բացմանը դպրոցականները հետաքրքիր և տարբերվող ֆլեշմոբերով, երգ ու պարով դիմավորեցին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին, ով, ողջունելով դպրոցականներին, իր խոսքում նշեց. «Աշխարհում գիտությունը զարգանում է խելահեղ տեմպերով, ամեն օր մարդկությունը նոր քայլ է անում կյանքն ավելի զարգացած տեխնոլոգիաներով հարմար դարձնելու համար: Եվ մենք պարտավոր ենք մեր երեխաներին տալ անհրաժեշտ ամեն բան՝ կյանքին ու աշխարհին համընթաց քայլելու համար: Դպրոցը, դպրոցի տված գիտելիքը շատ կարևոր է երեխայի հետագա ճակատագրի համար, որն ուղիղ պրոյեկտվում է պետության և աշխարհի վրա: Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը գիտությունն է և նմանատիպ լաբորատորիա բացելով հնարավորություն ենք տալիս երեխաներին փոքր տարիքից ծանոթ լինել տեխնոլոգիաներին, համապատասխան մտածողություն ձևավորել և առաջ շարժվել:

Սա համագործակցության մի ձևաչափ է, որը քանիցս ապացուցում է մեր հիմնադրամի որդեգրած կարգախոսը՝ «Միասին մենք կարող ենք»։

Մենք ապացուցեցինք, որ հարյուրավոր երեխաներ, համախմբելով մեկ գաղափարի շուրջ, կարող են բարի գործ անել մյուսների համար» :

Կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Թովմասյան» հիմնադրամը շնորհակակություն է հայտնում գլխավոր գործընկերներ Dvin Music Hall-ին և «Երազանքների պահապանները» մյուզիքլի հեղինակ և ռեժիսոր Դինա Ավետիսյանին, մյուս գործընկերին՝ Toms.am, Coca Cola, Queen Cake, Pink Berry, Mega Toys, բոլոր այն ընկերություններին, որոնք աջակցեցին ծրագրին և, իհարկե, մեր սիրելի հանդիսատեսին:

Հայաստանում ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Զեկույց

2022թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր, ինչը պայմանավորված էր մի շարք արտակարգ իրավիճակներով՝ օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կետրոնում մեկուկես տասնյակից ավելի մարդկանց կյանք խլած ուժգին պայթյունով և դրա հետ կապված հետագա իրադարձություններով, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր ագրեսիայով ու ՀՀ տարածքում շարունակվող բախումներով, ինչպես նաև երկրում ներքաղաքական պայքարի սրացումներով: Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. երրորդ եռամսյակային զեկույցում։

Նշվում է, որ ադրբեջանական ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են դարձել նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել է լրագրողական խմբին և կրակ արձակել այդ ուղղությամբ։
Զեկույցի համաձայն. «Հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են որոշ լրագրողների մուտքն Արցախ, ինչի համար պատշաճ հիմնավորում չի տրվել»։

Դիտարկվող ժամանակահատվածում կոնֆլիկտային միջադեպեր են գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև՝ վերջիններիս կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս։

«Ընդհանուր առմամբ՝ եռամսյակի ընթացքում 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություններին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանց թիվը նվազել է համապատասխանաբար 9-ով և 4-ով։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ ճգնաժամային պայմաններում շարունակում են կրկնվել իրավապահների կողմից ուժի անհիմն կիրառման դեպքերը, պետական գերատեսչությունները հաճախ պատշաճ պատասխան չեն տալիս ԶԼՄ-ների՝ տեղեկություններ տրամադրելու հարցումներին, խնդրահարույց են մնում պաշտոնյա-լրագրող հարաբերությունները։

Այսպիսով, անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 20 խախտում և 2 ֆիզիկական բռնության փաստ, որի արդյունքում տուժել է 3 ԶԼՄ ներկայացուցիչ։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացրած նոր դատական հայցերի թիվը 9 է։

Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները եղել են նաև միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը՝ այդ համատեքստում կարևորելով կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև երկխոսությունը։

Այսուհանդերձ, մտահոգիչ են իշխանությունների՝ առանց լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու քննարկումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնություններ առաջ մղելու փորձերը։ Օրինակ՝ դիտարկվող ժամանակահատվածում այդպես են շրջանառության մեջ դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների երկու օրինագծերը»,- նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում։

Ըստ կոմիտեի, ուշագրավ իրադարձություն էր սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։ Ըստ այդմ՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ապատիկից մինչև 150-ապատիկ:

Եռամսյակի ընթացքում շարունակվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական վեճը՝ կապված ՀՌՀ անցկացված լիցենզավորման մրցույթների արդյունքում կայացված որոշումների հետ։ Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ դատական ատյաններում պարտվելուց հետո ՀՌՀ-ն ստիպված նոր մրցույթներ է հայտարարել հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային և հանրապետական սփռման սլոթերի գործածման լիցենզիաներ տրամադրելու համար։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի, խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը

Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վաղեմի պատմական կապերի և քրիստոնեական նույնակունք արժեքների վրա՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությունը:
ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը:
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։ Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը:

Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային փորձարկումների նախապատրաստությունը

Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային փորձարկումների նախապատրաստությունը, ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խորհրդարանում ունեցած ելույթում, գրել է Bloomberg-ը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Փհենյանում ատոմային կայանքի հինգ տարվա մեջ առաջին պայթյունն անխուսափելի է։ «Մեր գնահատականներով՝ [Հյուսիսային Կորեայի իշխանություններն] արդեն ավարտել են յոթերորդ միջուկային փորձարկման նախապատրաստությունը»,- ասել է Յուն Սոկ Յոլը՝ ավելացնելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կառավարությունը կողմնակից է միջուկային զենքի կանխիչ կիրառմանը։

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան խոստացել են պատժել Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկման համար՝ ընդգծելով, որ դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում կլինի։

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արեւմտյան՝ 2-5 մ / վ: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը կեսօրին `+16 +18:

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2+2 ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+17,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ + 11+15,

Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,

Տավուշում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ + 15+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ + 11+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,

Արարատում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,

Արմավիրում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ + 16+19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 5+8, ցերեկը՝ +19+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ + 15+19

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝– +5+9, ցերեկը՝ – +19+24

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 400.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.26 դրամ (աճել է 0.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454.19 դրամ (նվազել է 0.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.53 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 403-411 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 382-394 դրամով, վաճառվում է 397-414 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.52-6.23 դրամով, վաճառվում է 6.50-6.89 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404-406 դրամով:

Եվրոն գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.30-6.40 դրամով:

Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի’ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ կրթության ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ քննարկվող ոլորտների ռազմավարական առաջնահերթությունների և բարեփոխումների շրջանակներում:

«2021 թ. Կրթության միջազգային օրը նշելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսուցիչներին հերոսներ անվանեց՝ ցույց տալու համավարակի ժամանակ վերջիններիս կողմից իրականացրած աշխատանքը: «COVID-19» համաճարակը, արցախյան վերջին պատերազմը, տարածաշրջանում չվերջացող բռնության ու անվտանգության բազում մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այս ամբողջին դիմակայելու հիմնական ռեսուրսը կրթությունն է, որը նաև մեր հասարակության ժողովրդավարության մակարդակի ցուցիչն է։ Աշխարհն արագ է փոխվում, փոխվում է նաև կրթությունը. մենք հստակ գիտակցում ենք, որ կրթությունն ավելի քան երբևէ կարող է և պետք է լինի հանրային բարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին» և նշել, որ այն միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ և արդեն հաստատվել է կառավարության կողմից և այժմ քննարկվում է ԱԺ-ում. «Ըստ ռազմավարության՝ մենք փորձում ենք Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար հասանելի դարձնել որակյալ և ներառական կրթության, մասնավորապես նախադպրոցական կրթության ծառայությունները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներով և լաբորատորիաներով հագեցած ճկուն և անվտանգ միջավայրեր, որտեղ կարևոր է ոչ միայն գիտելիքի, այլև հմտությունների, արժեքների և վերաբերմունքի տրամադրման ձևաչափը: Կարևոր է նշել, որ նոր կրթական բովանդակությունը հիմնված է կրթական էկոհամակարգի համապարփակ ըմբռնման վրա՝ որպես ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև համակցում և սիներգիա, որպես միասնական ուսումնական միջավայր՝ յուրաքանչյուրի համար սովորելու բազմաթիվ հնարավորություններով»:

Ժ. Անդրեասյանը խոսել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, բարեկեցությանը, ինչպես նաև մասնագիտության գրավչությանը բարձրացմանն ուղղված նախագծերից՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն քննարկել վերհանված հարցերը:

Համաժողովի ընթացքում անցկացվելու են պանելային և խմբային քննարկումներ ու աշխատաժողովներ Հայաստանում կրթության ոլորտի տարբեսր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Դրանց նպատակն է ներկայացնել աշակերտների, ուսուցիչների և պրակտիկ գործունեություն իրականացնող մասնագետների փորձը՝ բացահայտելով կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր եզրերը և առաջնահերթ ոլորտները:

Հավելենք, որ համաժողովում ներկայացված են Երևանի պետական համալսարանը, Հայ կրթական հիմնադրամը (AEF), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը», Դիլիջանի միջազգային դպրոցը և այլ կրթական կառույցներ:

Ես դա գնահատում եմ,որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ իր մուտքի արգելքը։
«Դա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում  ՀՀ-ին»,- նշեց պատգամավորը։

Պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են. Սեյրան Օհանյան

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են, երբ բանակցողը նույնն է եւ գտնվում է թե ներքին, թե միջազգային հարթակում պարտադրանքի, ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ճնշումներն այն ուղղությամբ են, որ վերջնականապես կատարվի Ադրբեջանի ու Թուրքիայի կամքը՝ միջանցք բացվի ՀՀ տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է: Տակլու փոխարեն պետք է ամրապնդել պաշտպանությունը: Իսկ եթե մարտական գործողությունների հավանականությունը մշտապես գոյություն ունի, պետք է ամրապնդել քո քառզմավարական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, ամբողջ պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռելսերի վրա եւ իրականացնել այդ պաշտպանությունը», — ընդգծեց Օհանյանը:

Հոկտեմբերի 21-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսը

Հոկտեմբերի 21-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսը հետեւյալ թեմայով՝
«Եվրոպայի 2023 թվականի տեսլականը»։
Ուրախ եմ, որ բազմաթիվ շրջանավարտներից մասնակցելու եւ Եվրոպացի գործընկերների հետ Եվրոպայի հնարավոր զարգացումներն ուրվագծելու հնարավորություն էր տրվել նաեւ ինձ։
Թվայնացումից մինչեւ էներգետիկ անվտանգություն եւ այլ օրակարգային հիմնախնդիրներ քննարկելուց զատ՝ ես օգտագործեցի այս կոնֆերանսը որպես հերթական կարեւոր հարթակ՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, բազմաթիվ գերիների, այն կտտանքների ու խոշտանգումների մասին, որոնց նրանք ենթարկվում են, ինչպես նաեւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հակաժողովրդավարական ամենաթողության մասին։
Ես իմ ելույթում Եվրոպային կոչ արեցի Ադրբեջանի հասցեին ուղղված քննադական ելույթներից անցում կատարել հստակ գործողությունների։
Ելույթում եւ մասնավոր զրույցների ու քննարկումների ժամանակ հստակ հարցադրում հնչեց՝ արդյո՞ք Եվրոպական քաղաքական վերնախավը պատրաստ է և կարո՞ղ է ադրբեջանական ագրեսիայի շարունակության դեպքում կիրառել սանկցիաներ և՜ Ալիևի, և՜ Ադրբեջանի դեմ։ Հակառակ դեպքում մնացյալ ամեն բան՝ ելույթներ, սատարման խոսքեր, պարզապես հավատ չի ներշնչում։ Խոսելով Եվրոպական կարգավորման պլանի մասին՝ որը, ըստ մամուլի հրապարակումների, ենթադրում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ, ես վերահաստատեցի, որ այն պարզապես անընդունելի է հայ ժողովրդի համար։
Հայ հասարակության աչքերում Եվրոպական քաղաքական այս ծրագիրը չի կարող հավանության արժանանալ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ Արցախի կարգավիճակի քննարկման, կամ առնվազն հետաձգման։
Որպես վերջաբան՝ ես հույս հայտնեցի, որ Եվրոպան, վերջապես, խոսքը գործ դարձնելով, կբռնի ագրեսոր եւ արյունարբու Ադրբեջանի ձեռքը՝ վերջ տալով հայերի՝ հայ լինելու համար հալածվելուն, եւ հանուն արդարության ու խաղաղության վերականգման։
Հայաստանի հանրապեսական կուսակցությունը, ունենալով միջազգային լայն կապեր եվրոպական տարբեր կառույցների հետ՝ այդ թվում Ռոբերտ Շումանի ինստիտուտի, շարունակում է ներկայացնել Հայաստանի ազգային ու պետական շահերը։