Կիեւը պետք է ինքը որոշի, թե երբ սկսի բանակցությունները ՌԴ-ի հետ. Շառլ Միշել

Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե երբ վերսկսի բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է France Inter ռադիոկայանի եթերում։

«Ոչ ոք չի կարող Ուկրաինայի փոխարեն որոշել, թե ինչ պայմաններով գնա բանակցությունների, ինչ զիջումներ անի»,- ասել է Միշելը։
Նա ավելացրել է, որ Եվրոպան իր կողմից վճռականորեն սատարում է Կիեւին ֆինանսապես, սպառազինությունների մատակարարմամբ եւ քաղաքական առումներով։ Միշելն ընդգծել է, որ Ուկրաինան ինքն է «իր ճակատագրի տերը», երկիրն ունի սուվերեն իրավունք, թե երբ մտնի բանակցությունների մեջ։

Ռուսական կողմի հետ չեն կարողանում համաձայնություն գալ, Փաշինյանը փորձում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը. քաղաքագետ

Հավանական է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ հոկտեմբերի վերջին սպասվող հանդիպումից հետո նոր հանդիպում լինի Բրյուսելում, իսկ քանի որ հայկական կողմը չի հերքել «Силовики» տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթուղթը, չի բացառվում, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի վերջին Ռուսաստանում սպասվող եռակողմ հանդիպմանը։

«Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է իմանան, որ թղթի վրա դրած ստորագրությունով փորձելու են ամբողջությամբ հանձնել Արցախը Ադրբեջանի քմահաճույքին։ Ընդ որում՝ բացասական պրոցեսներ զարգանում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի շուրջ, այն փաստաթուղը, որը հայկական կողմը ամենայն հավանականությամբ պատրաստվում է ստորագրել ամերիկյան, եվրոպական կողմի միջնորդությամբ, գետնի վրա անվտանգային երաշխիքներ չի պարունակում ո՛չ արցախահայության, ո՛չ էլ Հայաստանի համար։ Մենք շատ ենք մոտենալու մի եզրագծի, երբ դրա ստորագրումից հետո մեզ կարող է պատերազմ սպասվել»,– ասաց Բենիամին Մաթեւոսյանը։
Քաղաքագետը մեջբերելով «Силовики» տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթուղթը, եւ դրան հաջորդած իրադարձությունները, նշեց, որ Հայաստանը ոչ միայն փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, այլեւ փորձում է դուրս գալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից։

««Силовики» ալիքում հրապարակված փաստաթղթից հետո տեսանք, որ պետական լրատվամիջոցների, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մակարդակով Ռուսաստանը հայտարարվել էր ՀՀ թշնամի, որ բոլոր խնդիրները պայմանավորված են Ռուսաստանի գործոնով, որ Ռուսաստանը ձգտում է ադրբեջանական տանկերով ճնշել Հայաստանի ինքիշխանությունը ու ժողովրդավարությունը եւ իբր թե ստեղծել իրավիճակ, որ Հայաստանը մաս կազմի Միութենական պետությանը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչ միայն փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, այլեւ Հայաստանը ամեն կերպ փորձում է դուրս գալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իհարկե, նոյեմբերի 9–ի հայտարարությունը մեր երազանքների հայտարարությունը չէ, բայց այնուամենայնիվ այնտեղ որոշակի անվտանգային էլեմենտներ կան թե՛ Արցախի, թե՛ այլ ավելի գլոբալ խնդիրների հետ կապված, բայց Փաշինյանը ելնելով անձնական շահերից, իսկ դա հետեւյալն է. ըստ ամենայնի՝ ռուսական կողմի հետ չեն կարողանում համաձայնություն գալ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել, դրանից իսկ ելնելով Փաշինյանը փորձում է լիակատար ձեւով փոխել արտաքին քաղաքական վեկտորը»,– ասաց Բենիամին Մաթեւոսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը պնդում է, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կյանքի կոչվի, որովհետեւ Փաշինյանի նկատմամբ վստահություն չկա։

«Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարը լավ գիտի, որ իր անձով են պայմանավորված որոշակի երեւույթներ, որոնք կապված են միջանցքի հետ, քանի որ իր հանդեպ չկա վստահություն, դրա համար էլ ռուսական կողմը պնդում է, որ տեղի ունենա այն ամենը՝ ինչ գրված է նոյեմբերի 9–ի փաստաթղթի մեջ, այսինքն՝ այդ ճանապարհը վերահսկվի ռուսական հատուկ ծառայությունների կողմից, բայց դա միջանցք չէ, դա ճանապարհ է, որով ադրբեջանցիները անցնելիս պետք է վճարեն մաքսատուրք»,– ընդգծեց Մաթեւոսյանը։

Ղազախստանի նախագահը հաստատել է հանրապետության թարմացված Ռազմական դոկտրինը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել է երկրի Ռազմական դոկտրինը փոխելու մասին հրամանագիրը։ Նորացված փաստաթղթի մասին տեղեկացվել է հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։

«Փաստաթղթում արացոլվել են ժամանակակից այն պայմանները եւ գործոնները, որոնք ազդում են ռազմական սպառնալիքների եւ անվտանգության վրա։ Դրանում ներառվել են գործունեության նոր ուղղությունները ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական ոլորտներում, ռազմական ոլորտում նորմատիվ իրավական ակտերի համակարգման եւ ռազմական պլանավորման համակարգի ներդրման միջոցները»,- նշվել է պաշտպանական գերատեսչության հայտարարությունում։

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ թարմացված փաստաթուղթն ընդլայնում է հանրապետության ռազմական պոտենցիալը՝ նոր վտանգներին եւ մարտահրավերներին արձագանքելու առումով։ Բացի այդ, նախատեսված է կատարելագործել հատուկ գործողությունների ուժերը, ինչպես նաեւ ընդլայնել դրանց փոխգործակցությունը պետության այլ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ։ Նշվել է, որ 2021թ. սեպտեմբերի 1-ին Տոկաեւն իր ուղերձում նշել էր Ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, ապա՝ հոկտեմբերին, և այս հարցում անորոշություն կար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի կեսերին թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Չեխիայի մայրաքաղաքում կայացան քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն ընդունվեց, ըստ այդմ Երևանն ու Բաքուն համաձայնել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ դա պետք է լինի հիմք սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար։

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231 նոր դեպք.  Մահ չի գրանցվել

Հայաստանում հոկտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445100–ի։ Այս մասին NEWS.am Medicine-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 3034 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 326167 է:

Ոսկին փոքր-ինչ թանկանում է

Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում է, շուկաները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ գործողություններին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 3,5 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 659,75 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկանում է 1,2 տոկոսով՝ մեկ ունցիան 19,293 դոլար։

«Կապիտուլյացիոն տրամաբանությամբ երկրի անվտանգությանը հարվածներ է հասցվում՝ տարբեր օրինագծերի տեսքով». Դավիթ Ջամալյան

Հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետև Հայաստանի զինապարտ բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն տարեկան 25-օրյա վարժական հավաքի՝ 3-ամսյա վարժանքների փոխարեն։

Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ ՊՆ-ն շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, ըստ որի՝ ժամկետային զինծառայողը կարող է վճարել 24 մլն դրամ, մասնակցել մի քանի ամիս դասընթացների, իսկ դրանից հետո ազատվել պարտադիր ժամկետային զինծառայությունից։
Այստեղ արդյո՞ք չկան հակասություններ, առհասարակ այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծն ու վարած քաղաքականությունը բնորոշեց ընդամենը բեմականացում, իմիտացիա ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։
«Մինչդեռ իրականությունն այլ է, և ամեն ինչ շատ հստակ է՝ կապիտուլյացիոն տրամաբանությամբ՝ երկրի անվտանգությանը հարվածներ է հասցվում տարբեր օրինագծերի տեսքով։ Սա այդ կապիտուլյացիոն տրամաբանությամբ արվող քայլերից մեկն է։ Այն իրենից ընդամենը ներկայացնում է՝ դիմադրություն ցույց տալու, երկիրը պաշտպանելու պատրաստելու իմիտացիա, այլ ոչ թե այդ նպատակին ռեալ ծառայող գործողություն։ Բնականաբար, նշված ժամանակահատվածում հնարավոր չէ պատրաստել քիչ թե շատ պրոֆեսիոնալ, գոնե նվազագույն հմտություններով անձնակազմ։ Սակայն այդպես հայտարարում են և տպավորություն են ստեղծում, իբր երկիրը փորձում են պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ նրա՝ իշխանությունների նպատակը մեծ զոհերի գնով հասարակությանը հոգեբանորեն կոտրելն է, որպեսզի համակերպվի Արցախի, Սյունիքի կորստի հետ այդ աղետի ֆոնին։ Արցախի 44-օրյա աղետը հայ ժողովրդի դիմադրողական պոտենցիալը չի կոտրել, թեպետ որոշ չափով ընկճվածություն կա, բայց լայն առումով կա վերականգնվելու ռեսուրս։

«Այսօր դիմադրություն ցույց տալու կամք շատերն ունեն, և այսօր իշխանությանը հարկավոր է ունենալ մեծածավալ աղետի ֆոն, որպեսզի աղետաբեր պայմանագրերը ստորագրելիս դիմադրություն չլինի։ Երբ իշխանությունը բաղկացած լիներ բացառապես հայրենասերներից, ապա երկրի պաշտպանության համար ձեռնարկվելիք քայլերն այլ տրամաբանություն կունենային։ Ի վերջո, տարիներ շարունակ կա մոբիլիզացիոն ռեսուրսը տեղին կիրառելու մշակված սցենարներ, իսկ այժմ քաոտիկ ինչ-որ բան են ընտրում։ Այս ամենը պարզապես նպատակ ունի երկրի եղած պաշտպանողականությունը թուլացնելու։ Թերի պատրաստված և մեծ թվով մարդիկ առաջնագծում լրացուցիչ խնդիրներ են ստեղծում։ Այս ամենի փոխարեն, պետք է պատրաստեին պրոֆեսիոնալներ լրահամալրման հարցերով, առաջին հերթին՝ մոբիլիզացնեին ռազմական մասնագիտություններ ունեցողներին»,- հավելեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Արցախում իրավիճակը լարված էր, Նիկոլ Փաշինյանը 720 մլն դրամ հատկացրեց իրեն պահպանելուն։ Ըստ որոշ հաշվարկների, իրանական հայտնի անօդաչուներն էժան են՝ 5-10 հազար դոլար, մոտավոր հաշվարկով, 720 մլն դրամով կարելի էր ձեռք բերել իրանական մոտ 144 անօդաչուներ։

«Ավերորդ համեստություն թող չլինի, բայց լուրջ կերպով տիրապետում եմ ադրբեջանական և թուրքական հոգեբանությանը, ըստ որի, եթե իմանում են, որ իրենց դիմաց պատրաստված դիմադրություն ցույց տալու ունակ հակառակորդ է՝ ագրեսիայի չեն դիմում։ Այսինքն՝ այդ 144 անօդաչուներն անգամ ունակ կլինեին կանխելու սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումը։ Եթե թուրքը գիտի, որ մենք դիմադրելու ռեսուրս ունենք, հարված չի հասցնում։ Այնպես որ, շատ քայլեր կան, որոնք իշխանությունը կարող է իրականացնել և նույնիսկ այս իրավիճակում հաղթանակ ապահովել, բայց քանի որ չի անում, իրավիճակն այսպիսին է լինում»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Էրդողանն ասել է, որ վերջին մեկ ամսում հինգ անգամ բանակցել է ռուս գործընկերոջ հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում հինգ անգամ բանակցել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։

«20 տարվա ընթացքում, ինչպես վարչապետ, այնպես էլ նախագահ եղած ժամանակ, մենք մշտապես հաղորդակցվում ենք համաշխարհային ղեկավարների հետ։ Միայն վերջին մեկ ամսում մենք պարոն Պուտինի հետ հաղորդակցվել ենք հինգ անգամ։ Նույնը՝ նաեւ պարոն Զելենսկու հետ։ Մյուս կողմից՝ մենք վարում ենք հեռախոսային դիվանագիտություն ԱՄՆ նախագահի հետ»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

Սեպտեմբերի 27-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սեպտեմբերի 27-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 1977 թ. ծնված Սամվել Դավթյանը, մահացել է: