Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում. Արցախի ՊՆ

Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան ասել է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին:
Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։

Նրա պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:

Ռեկտորները գիտեին երեւանյան երեք բուհերի միավորման պլանների մասին. Վահրամ Դումանյան

Այո, քննարկվում է Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական եւ սոցիալական գիտությունների պետական համալսարանի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի եւ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միավորման մասին որոշումը, որոշում կընդունվի, եւ մենք առաջ կգնանք։ Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա զարմացել է, որ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասել է, թե այս որոշումն իր համար անսպասելի էր։ Նախարարը նշել է, որ այս առիթով օգոստոսի 9-ին անձամբ հանդիպել է երեք բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ էլ են հանդիպումներ եղել, բայց առանց իր մասնակցության։ Նրա խոսքով՝ հայտարարվել է, որ կա նման գաղափար, եւ այն նոր չէ, քննարկվել է տարիներ շարունակ։ «Ես այն ժամանակ տեղեկացրել էի, որ այդ գաղափարը կարող է մտնել գործնական իրականացման փուլ։ Տվյալ բուհի (Բրյուսովի անվան համալսարանի – խմբ.) ռեկտորն ասել էր, որ իր լիազորությունների ժամկետն ավարտվում է, եւ հոկտեմբերին պետք է մրցույթ հայտարարվի։ Բայց որքանո՞վ է նպատակահարմար մրցույթ անցկացնել, եթե մենք պատրաստվում ենք սկսել միավորման գործընթացը»,- նշել է Դումանյանը։
Նա հավաստիացրել է, որ ոչ մի գաղտնի գործընթաց չի եղել եւ չի լինելու, նախարարության միակ նպատակը կրթության որակը երկրում բարձրացնելն է՝ չպարզաբանելով, թե ինչպես է դրան նպաստելու մարզիկների եւ լեզվաբանների միավորումը։

Նրա խոսքով՝ ֆորմալ կարգը չի նախատեսում տեղեկացնել նման որոշման մասին։ «Բայց մենք դրանով չենք առաջնորդվում։ Մենք պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր ռեկտորի հետ, նման խնդիրներ երբեք չեն եղել, ոչ մի ենթատեքստ չկա եւ չի լինելու, եթե որոշ մարդիկ չփորձեն մտցնել դրանք։ Երեք բուհերի միավորումը կօգնի ավելի արդյունավետ հաղթահարել ճգնաժամը, որը նկատվում է կրթության համակարգում, հակառակ դեպքում կրթության մակարդակի անկումը կշարունակվի։ Որեւէ մեկի կյանքում ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենա, ոչինչ չի փակվի, թափուր տեղերը չեն կրճատվի, միայն ռեկտորների տեղը երկուսով պակաս կլինի։ Բոլոր երեք շենքերը կպահպանվեն, բոլորը կմնան իրենց տեղերում, բուհերի տրամադրության տակ»,- ընդգծել է նախարարը։

Խոսքը, ըստ նրա, մեկ կամ երկու պաշտոնի կրճատման մասին է՝ բացատրելով, սակայն, որ ակադեմիական քաղաքի ստեղծումից հետո կարող են նաեւ այլ փոփոխություններ կատարվել։ Դումանյանը վստահություն է հայտնել, որ մի ռեկտորը կկարողանա կառավարել միավորված բուհը։

Երեք բուհերի միավորումը նա բացատրել է այն տրամաբանությամբ, որ նրանք բոլորը զբաղվում են ուսուցիչների եւ դասավանդողների պատրաստմամբ, իսկ բողոքներն անվանել է բնական գործընթաց։ Պաշտոնյան անբնական է համարել այն, որ շատ բուհեր կոչվում են համալսարաններ՝ նշելով դրանց անվանումները վերանայելու անհրաժեշտության մասին։

«Միավորված բուհի համար առաջարկվել է Կրթական գիտությունների ինստիտուտ անվանումը, բայց կան նաեւ այլ տարբերակներ։ Վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- ասել է Վահրամ Դումանյանը։

«Հրապարակ». Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ուշագրավ է, որ հանդիպմանը հետեւեց ոչինչ չասող պաշտոնական մի հավաստում․ կառավարության խոսնակը հայտարարեց, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Այլ մանրամասների, զրույցի բովանդակության մասին ոչինչ հարկ չհամարեցին հաղորդել, ավելին՝ կառավարության կայքում անգամ չոր ինֆորմացիան չտեղադրվեց։

Գրել էինք, որ երկուշաբթի օրը Արցախից մի քանի հոգանոց պատվիրակություն է եկել Հայաստան, սակայն ո՛չ Փաշինյանը, ո՛չ այլ պաշտոնյաներ երեքշաբթի նրանց չընդունեցին։ Ի սկզբանե ցանկացել էին, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցեն պատվիրակության բոլոր անդամները՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։
Նպատակը Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Արցախի ճակատագրի մասին տեղեկանալն էր։ Սակայն Փաշինյանը մերժել էր բոլորին ընդունել, ասել էր, որ մյուս պաշտոնյաներին կընդունեն հայաստանյան իրենց գործընկերները՝ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը։ Եվ ընդունել էր միայն Արցախի նախագահին: Մյուս հանդիպումները չեն կայացել:

Երեկ Աստանա մեկնեց Արարատ Միրզոյանը, ապա կմեկնեն Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը: Ենթադրվում է, որ Արցախի պատվիրակության մյուս հանդիպումները կկայանան նրանց վերադարձից հետո։ Ի դեպ, Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները, երեկ նրանց դեռ ոչինչ չէին հաղորդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մի քանի ժամ տեւած անկարգությունները Երուսաղեմում. մանրամասներ

Մի քանի ժամ տեւած անկարգություններից հետո Արեւելյան Երուսաղեմը հանդարտվել է։ Ոստիկանությունը պատրաստվում է նոր բախումներին։ Թեթեւակի հանդարությունն, ըստ երեւույթին, վերադարձել է Երուսաղեմ հինգշաբթի առավոտյան, ամբողջ քաղաքի պաղեստինյան թաղամասերում մի քանի ժամ տեւած բախումներից հետո։ Բայց եւ այնպես, անվտանգության իսրայելական ուժերը պատրաստվում են հնարավոր նոր մարտական գործողություններին առաջիկա օրերին, տեղեկացրել է Cursorinfo-ն։

Պաղեստինցի ընդվզողները չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը քարեր եւ այրվող խառնուրդով շշեր են նետել, ճայթռուկներ գցել եւ այրել անվադողեր ու աղբամաններ մի քանի շրջաններում։
Սպասվում է, որ առաջիկա օրերին ոստիկանությունը կմեծացնի ուժերի թվաքանակն ամբողջ մայրաքաղաքում, տեղեկացրել է «Կան» հանրային հեռուստառադիոընկերությունը։

Haaretz-ի տվյալներով՝ սահմանապահ ոստիկանության չորս պահուստային ստորաբաժանում տեղեկացվել է, որ հնարավոր է, որ նրանք գործադրվեն, որպեսզի օգնեն քաղաքի անվտանգության ապահովմանը։ Սպասվում է, որ ստորաբաժանումների տեղակայման մասին որոշումը կընդունվի հինգշաբթի առավոտյան, նշվել է հաղորդագրությունում։

«Սա «Պատերի պահապաններ 2» չէ, բայց իրավիճակը Երուսաղեմում կարող է դուրս գալ վերահսկողությունից», «Կան» հեռուստաալիքին ասել է անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով Իսրայելի եւ Գազայի ահաբեկչական խմբավորումների միջեւ հակամարտությունն անցած տարվա մայիսին եւ դրան ուղեկցող բռնությունն Իսրայելում հրեաների եւ արաբների միջեւ։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկու սպա թեթեւ վիրավորումներ է ստացել ինքնաշեն պայթուցիկների պայթյունից Իսավիա շրջանում։ Կադրերում երեւում է բանակային ջիպը, որն այրվում է։

Պաշտոնական անձինք հինգշաբթի առավոտյան հայտարարել են, որ վերջին օրերին 23 մարդ կալանավորվել է Երուսաղեմի անկարգությունների հետ կապված, ընդ որում՝ ինը կալանովորվել է Իսավիայի տների շուրջկալի ժամանակ՝ բռնությանը հանցակցության կասկածանքով։

Ամբողջ գիշեր ճայթռուկների եւ ձայնային նռնակների թնդյունն արձագանքել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տեղեկացվել է Արեւելյան Երուսաղեմի բոլոր շրջաններում բախումների մասին։

Շեյխ Ջարում տեղեկություններ են ստացվել հրեաների եւ արաբների միջեւ մարտերի մասին, ընդ որում՝ երկու խմբերն, ըստ երեւույթին, զինված են եղել քարերով։

Տեղեկություններ են ստացվել նաեւ բռնությունների մասին Սիլվանում, Կաֆր-Աքաբում եւ Ա-տուրում։

Բռնությունն սկսվել է մայրաքաղաքում եւ Սամարիայում աճող անկարգությունների ֆոնին, որտեղ չորեքշաբթի երեկոյան ինքնաբուխ բախումներ են եղել։

Տեղեկացվել է նաեւ, որ իսրայելական զորքերը նորից հրետակոծվել են Շխեմում այսօր վաղ առավոտյան, երբ ուղեկցում էին հրեա ուխտագնացների ոչ մեծ խմբին Հովսեփի գերեզմանի մոտ։

Հիշեցնենք, որ Շուաֆաթում մի քանի օրվա ընթացքում շարունակվում էին անկարգությունները, որտեղ իսրայելական ուժերը փակել էին տարածքը շաբաթ օրվա գիշերը՝ մերձակա անցակետի գնդակոծությունից հետո։

Անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ իսրայելցի հրեաները նշում էին Սուկոտ տոնը, որը սովորաբար հազարավոր այցելուներ է բերում Երուսաղեմ եւ նրա Հին քաղաք, ինչը հաճախ առաջ է բերում լարվածություն պաղեստինցի բնակիչների հետ հարաբերություններում։

«Ոսկե գնդակի» ֆավորիտը՝ Ռոնալդոյի վարկածով

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Ռեալի» նախկին հարձակվող, իսպանական «Վալյադոլիդի» եւ բրիզիալական «Կրուզեյրոյի» սեփականատեր Ռոնալդոն նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին։

«Չեմ կարծում, թե Քարիմ Բենզեման մրցանակը չստանալու որեւէ հնարավորություն ունի, նրա թվերը տպավորիչ են։ Չեմպիոնների լիգայում նա գերազանց է խաղացել։
Մյուսներն էլ կարող են հավակնել, բայց կա մեծ տարբերություն անցած մրցաշրջանում Բենզեմայի եւ մյուսների արածի միջեւ»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է NotiMerica-ն։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։

Աշխարհում աճել է ստվարաթղթե տուփերի գողությունների թիվը. Al-Eqtisadiya

Եվրոպայում ավելի հաճախակի են դարձել ստվարաթղթե արկղերի գողությունները, քանի որ դրանք հնարավոր է շահութաբեր ձեւով հանձնել, հայտնում է Al-Eqtisadiya-ն։

«Մարդկանց մեծամասնությունը ստվարաթղթե արկղերը, որոնցով առաքվում են առցանց խանութների ապրանքները, անհարկի աղբ են համարում: Այնուամենայնիվ, աշխարհում ավելի հաճախակի է դարձել վերամշակման համար թողնված ստվարաթղթե տուփերի գողությունը»,- նշել է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ ստվարաթղթե արկղերի հաշվին կարելի է գումար վաստակել, քանի որ ստվարաթղթի մեկ տոննան տատանվում է 100-ից 150 դոլարի սահմաններում: Միեւնույն ժամանակ զգալիորեն աճել է հանցավոր խմբերի ակտիվությունը, որոնք ստվարաթուղթ են գողանում՝ վերավաճառքի նպատակով, ինչը բիզնեսի համար միլիոնններ է արժենում։

West Midland Cardboard Recycling ընկերության մարքեթինգի տնօրեն Ռայան Ջեքի խոսքով, ստվարաթղթի վերամշակման արդյունաբերությունը մեծ հեռանկարներ ունի: Մինչեւ 2024 թվականը վերամշակված թղթի եւ ստվարաթղթե արտադրանքի համաշխարհային շուկայի չափը կաճի՝ հասնելով 5,4 միլիարդ դոլարի, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 4,3 միլիարդ դոլար:

Վիրավորում ստացած զինծառայողը բուժում կստանա Սալոնիկում. Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 50,48 մլն դրամ

Կառավարություն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 50,486.48 հազար դրամ, որը ՀՀ ՊՆ-ի կողմից փոխանցվելու է Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին` Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ:
Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: Կեցության ապահովման ծախսերը հաշվարկված են մինչև 100 օր բուժման հաշվարկով: Բուժման ծախսը՝ 107629 եվրո (EUR), ճանապարհածախսը՝ 1,000.07 հազար ՀՀ դրամ (ծնողի հետ Հունաստանի Սալոնիկ քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 6,334.71 հազար ՀՀ դրամ

«Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա ՉԼ-ի փլեյ-օֆֆ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդն այս մրցաշրջանի բյուջեում ներառել էր նաեւ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից սպասվող եկամուտը։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմը խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, որը հաջորդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» հաղթելու դեպքում՝ կապահովի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, C խումբ

«Բարսելոնա» — «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 90+2 — Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89

«Վիկտորիա Պլզեն» — «Բավարիա»՝ 2:4

Ադամ Վլկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 — Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 12 միավոր, «Ինտեր»՝ 7, «Բարսելոնա»՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը

Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2020թ. օգոստոսին: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ: Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել: Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ փոխվել և նույն՝ հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը: Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն:

Արենի բնակավայրում և Կարբի համայնքում շչակներ են գործարկվելու

Հոկտեմբերի 14-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։

Գործարկվելու են բնակավայրի շչակները:
Ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ևս անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը։