2022 թ. սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46 հազար կենսաթոշակառու և նպաստառու

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու: Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ «ԱԿԲԱ բանկը», «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Լրահոս