Home Քաղաքականություն Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են...

Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» խմբակցության ֆեյսբուքյան էջից:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգության, սոցիալական պաշտպանության ապահովմանը, ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդդիմադիր գործիչները ընդգծել են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի:

Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը, կողմերը պայմանավորվել են խորացնել ընդդիմադիր խմբակցությունների միջև առկա համագործակցությունը հերթական ոչ հայանպաստ օրակարգերի և պայմանավորվածությունների խափանման նպատակով:

ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կշարունակեն միջխորհրդարանական և այլ հարթակներում քննարկումները Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման, գերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու, վերջին պատերազմի հետևանքով տուժածների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրներին լուծումներ տալու շուրջ: