Home Քաղաքականություն Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը․ Արտակ...

Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը։ ՌԴ փոխվարչապետն այսօր վկայում է, որ միջանցքի մասին բանակցություն չկա։ Իսկ Էրդողանի նախապայմաններից մեկը, հենց Նախիջևանի միջանցքի բացումն է։ Այդ մասին նա երեկ ակնարկեց, որ եթե Նիկոլը խնդրում է հանդիպում, ապա նախ պետք է կատարի գործնական քայլեր և հետո սկսեն հարաբերությունների կարգավորումն ու դիպլոմատիան։

Իմ կարծիքով Նիկոլը հանդիպում է խնդրել Էրդողանից, որպեսզի խնդրի թուրքական կողմին «միջանցքի» փոխարեն «հաղորդակցություն» ստանալ։ Իսկ ի՞նչ(եր) կպահանջի դրա փոխարեն Էրդողանը, դժվար չէ կռահել։

Բացի այդ, Նիկոլը հարցից ամբողջությամբ խուսափել չի կարող, որովհետև, իր ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահանջում է նաև Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա կոչվում է «միջանցք», ինչի մասին նրանք բազմիցս արել են պաշտոնական հայտարարություններ։

Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար՝ կոչվում է հաղորդակցության ուղի, առանց հատուկ ստատուսների։

Նիկոլը նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում։ Մի կողմից Ռուսաստանն ու Իրանն են ճնշում, մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ ՌԴ-ին անհրաժեշտ է իր վերահսկողության տակ պահել Նախիջևանից Ադրբեջան գնացող ճանապարհը, իսկ Իրանին պետք չեն իր սահմանները հյուսիսի հետ կապող ճանապարհը հատող ճանապարհի նոր կարգավիճակ, որի պարագայում բացահայտ կախում է ունենալու Ադրբեջանից և Թուրքիայից։

Այս խճճվածությունը Նիկոլի գլխին փորձանք է դարձել, որտեղ Հայաստանի որևէ շահի մասին խոսելն ընդհանրապես խղճահարություն է առաջացնում։