Home Քաղաքականություն Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին. խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում...

Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին. խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում՝ հանուն փողի և իշխանության. Ա. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«1999 թվական: Վազգեն Սարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջեւ: Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն, հանձնարարում է Վազգեն Սարգսյանը:

Մի շաբաթից կանչում է՝ զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը զեկուցում է՝ իմ ցանկում հինգ հոգի էր: Չորսի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց ենք կազմել, կվճարեն: Հինգերորդին հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ էսպես֊-էսպես, պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ… Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Վազգեն Սարգսյանը: Այո, այդպես էլ ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում: Բարեւ ձեզ, պարոն վարչապետ, ասում է նախարարը: Բարեւ ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։ Մյուսն էլ է բարեւում: Վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի: Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ,  պետության մերն էլ… Մյուսը փորձում է՝ թույլ կտաք, պարոն վարչապետ… Չկա, վրան չի նայում, գոյություն չունի: Դուք ուժային նախարար եք, չէ՞: Այո, պարոն վարչապետ:

Գնդակահարել:  Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Հատակը, կարծեմ, թաց է: Կատարել, պարոն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը, ազատ եք: Նախարարը շրջվում է՝ դուրս գա: Էս աղբն էլ հետդ տար, ասում է Վազգեն Սարգսյանը: Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր:

Զի՞նչ ցուցանե պատմությունս: Անցել է 22 տարի: Մարդիկ դուխավորվել են: Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին: Մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ: Ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։

Ձեզ տղա դառնալու համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե խառնել եք՝ ինչ է պետությունը, ինչ է բիզնեսմենը:  Սա հարցի մի կողմն է: Երկրորդն էլ կա:

Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում: Հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության: Իրականում՝ հանուն փողի եւ իշխանության:

Միջանկյալ մի հարց էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաեւ Հայաստանի կառավարություն:

Չեք հաջողելու ոչնչացնել սիմվոլները։ Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։

Այս կարճ խոսքի մեջ ես տասնմեկ անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝Ռոբերտ Քոչարյանի։ Այս երկու և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են։ Լսեք այս անունները։

Որ սրանից հետո տասներեք անգամ մտածեք խոսելուց  առաջ»: