Home Քաղաքականություն Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. ահազանգում է Թագուհի Թովմասյանը

Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. ահազանգում է Թագուհի Թովմասյանը

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին տեղեկություն է հասել այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։

Նախկին լրագրողը հայտնել է, որ խիստ անընդունելի է համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:

«Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։ Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողներն ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում», – նշել է Թովմասյանը։

Նա դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյոք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվե՞լ է, և ի՞նչ հիմնավորմամբ։
2. Ինչո՞ւ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչո՞ւ է սահմանափակվելու նրանց տեղաշարժն Ազգային ժողովում։
3. Ինչո՞ւ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

«Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները», – հայնտել է Թագուհի Թովմասյանը։