Home Քաղաքականություն Նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ...

Նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր կատարվում է սահմաններում, մեծ պատկերի մի փոքր հատված է,  «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում  ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Երասխի դեպքերից հետո մենք  ոնց որ մոռացել ենք, որ  կա Սև լիճ ու Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ»,-նշել է նա։

Ըստ երկրորդ նախագահի՝ սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակահատվածում:

«Ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն և ցանություն չունի երկիրը,  և Ադրբեջանն իր օրակարգն  առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,- նշել է Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի  ստորագրումը, հերթական զիջումը։

«Հասունացնել մի վիճակ, երբ  նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ՝ որպես  փրկություն, մենք դա արդեն մեկ անգամ արդեն տեսել ենք: Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է: Իմ տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա հնարավոր խաղաղության համաձայնագրի նախապատրաստական իրադարձություններն են,  Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է. «Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանում: Այո, կարող է նախապատրաստվում է հենց  նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»։