Home Քաղաքականություն ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Արա Զոհրաբյան

ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Արա Զոհրաբյան

Ինչպես գիտեք, 30.03.2021թ. Արա Զոհրաբյանը, Սիմոն Բաբայանը և մյուս գործընկերները (այսուհետ՝ Փաստաբաններ) ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդում ՀՀ քրեական օրենսգրքի 3141–րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «31.03.2021թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաղորդումը և կից փաստաթղթերը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Նյութերը նախապատրաստել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գ.Մարգարյանը (այսուհետ՝ Վարույթն իրականացնող մարմին կամ ՀՔԾ):

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՔԾ-ն՝

1) Արմեն Սարգսյանից բացատրություններ չի վերցրել.

2) չի պարզել Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը դադարեցվելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

3) Օտարալեզու փաստաթուղթ է օգտագործել՝ ինքնուրույն կատարելով ոչ պաշտոնական թարգմանություն:

ՀՔԾ-ն 12.04.2021թ. կայացրել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշում (այսուհետ՝ Որոշում):

Փաստաբաններն այսօր՝ 22.04.2021թ. բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու պահանջով:

Ի թիվս այլ փաստարկների, փաստաբանները նշել են նաև հետևյալը՝

1) Հանցագործության մասին հաղորդման «մեխը» դրվել է այն փաստի պարզման վրա, որ Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիությունը դադարեցվել է 2012 թվականին, ընդ որում, որպես այդպիսի ապացույց ներկայացվել է 10.03.2021թ. զեկույցի (Տեղեկատվական հաշվետվության) քաղվածքի հայերեն թարգմանությունը՝ կատարված թարգմանչի կողմից, որն անտեսվել է ՀՔԾ-ի կողմից:

ՀՔԾ-ն ջանք չի գործադրել պարզելու ՄԹ քաղաքացիության դադարեցման կոնկրետ տարեթիվը, ամսաթիվը և օրը:

Որոշման 7-րդ էջում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «….Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցնելու համար Արմեն Սարգսյանը դիմել և այն դադարեցվել է 2011թ. դեկտեմբերի 2-ին: Հակառակը հիմնավորող հավաստի տվյալներ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել:»:

Նման եզրահանգում կատարելու համար առնվազն գործի նյութերում պետք է լիներ որևէ պատշաճ փաստաթուղթ, որում նշված կլիներ, որ Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիությունը դադարել է 2011թ. դեկտեմբերի 2-ին, այնինչ նման փաստաթուղթ գործի նյութերում առկա չէ:

Բացի այդ, ինչպես վերը նշվել է՝ 10.03.2021թ. զեկույցի (Տեղեկատվական հաշվետվության) քաղվածքի հայերեն թարգմանությունից հետևում է, որ Արմեն Սարգսյանը ՄԹ-ում ընտրելու իրավունք է ունեցել 2003-2012թթ.՝ 10 տարի: Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը 2012թ. է դադարեցրել իր քաղաքացիությունը, ոչ թե՝ 2011թ-ին:

2) ՀՔԾ-ն բացատրություն չի պահանջել Արմեն Սարգսյանից: ՀՔԾ-ն հարցում է կատարել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, որն այդ տեղեկությունը կրող պատշաճ սուբյեկտ չէ:

3) ՀՔԾ-ն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ՝ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է:

ՀՔԾ-ն փոխանակ ներգրավելու թարգմանիչ, ինքնուրույն թարգմանություն է կատարել այլ երկրի ինչ որ օրենքից (Տես՝ գ.թ. 253-255) և Որոշման մեջ հետևություններ է կառուցել այդ դրույթների վրա: Քննիչը չի կարող լինել նաև թարգմանիչ:

4) ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  300-րդ հոդվածի հատկանիշներով:

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ նախագահի լիազորությունների տիրանալու Սահմանադրությամբ նախատեսված եղանակը, դա Սահմանադրությամբ նախատեսված ձևերի և միջոցների ամբողջությունն է:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունների «տիրանալ» թույլատրվում է միայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ մասի պայմաններին բավարարող անձին՝ ընտրության միջոցով:

Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը տիրացել է ՀՀ նախագահի լիազորություններին, մինչդեռ վերջին վեց տարում նա միայն ՀՀ քաղաքացի չի հանդիսացել:

ՀՔԾ-ն պարտավոր էր քննարկել Արմեն Սարգսյանի վարքագծի հակասությունը այս նորմին, եթե գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3141-րդ հոդվածը կիրառելի չէ: