Home Միջազգային Սաակաշվիլին հայտնել է` երբ է վերադառնալու հայրենիք

Սաակաշվիլին հայտնել է` երբ է վերադառնալու հայրենիք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մինչ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու է հայրենիք, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ տեղեկացնել իմ որոշման մասին: Ես՝ Միխեիլ Սաակաշվիլիս, նախքան այս հանրաքվեի անցկացումը գալու եմ Վրաստան: Ես անպայման անմիջական մասնակից եմ դառնալու այդ գործընթացին»,- հայտարարել է Սաակաշվիլին իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձի ընթացքում:

Սաակաշվիլին բացատրել է, որ ինքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անվանում է հանրաքվե՝ կապված այն հանգամանքի հետ, որ իշխանությունների և ընդդիմության կողմից ստորագրված համաձայնագիրը պարունակում է պայման առաջիկա քվեարկության ժամանակ իշխող կուսակցությանը սատարելու առնչությամբ, որը չկատարելու դեպքում հաջորդ տարի կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բացի այդ, Սաակաշվիլին իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին կոչ է արել իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրել միայն կուսակցության նախագահ Նիկա Մելիայի՝ բանտից ազատ արձակվելու դեպքում:

Հիշեցնենք՝ երկուշաբթի Վրաստանի նախագահի պալատում տեղի էր ունեցել ճգնաժամը հաղթահարելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության, ընդդիմադիր «Աղմաշենեբելի ռազմավարություն», «Լելո Վրաստանի համար», «Գիրչի», «Քաղաքացիներ» և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև պատգամավորներ Դավիթ Բաքրաձեն և Զուրաբ Ջափարիձեն: Ձեռնպահ են քվեարկել «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան, ազատության շարժում» կուսակցությունները և Վրաստանի աշխատավորական կուսակցությունը: