Home Միջազգային «ՌԴ-ի ֆինանսական օգնությունը ԼՂ-ում տուժածներին կազմել է շուրջ 15 մլն դոլար. Մոսկվան...

«ՌԴ-ի ֆինանսական օգնությունը ԼՂ-ում տուժածներին կազմել է շուրջ 15 մլն դոլար. Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնությունն այս պահի դրությամբ վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է «Новое время» թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար»,- ասել է նա:

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում բնականոն կյանքը վերականգնելու և այն փոխադարձ վստահության և անվտանգության տարածք դարձնելու համար:

«Այս ամենը համոզիչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին և միասին աշխատել ի շահ ընդհանուր շահերի»,- ասել է նա:

Դիվանագետը, պատասխանելով լրագրողի`Մոսկվայի հասցեին հնչող դավաճանության համար մեղադրանքների մասին հարցին, հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնել է 2020 թվականին դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, ըստ նրա, «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը և մարդասիրական արձագանքման կենտրոնը անվտանգության և կայունության երաշխավորներն են, և նրանք իրականացնում են առաջադրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակչության համար»: