Home Քաղաքականություն Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդիկ գան՝ թուրքին զիջեն ձեր հայրենիքը....

Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդիկ գան՝ թուրքին զիջեն ձեր հայրենիքը. սխալն ուղղելու ժամանակն է․ Սաղաթելյան (վիդեո)

Բաղրամյան պողոտան պետք է թելադրի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օրակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Բաղրամյան պողոտայից, որը շուրջ մեկ շաբաթ փակ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ մենք գտնվում ենք Բաղրամյան պողոտայում։ Այդ պողոտան հռչակել ենք պայքարի հարթակ։ Ինչո՞ւ ենք փակ պահում այս պողոտան, որովհետեւ այս պողոտայում են գտնվում մեր երկրի համար շատ կարեւոր ինստիտուտներ՝ Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը, նախագահական ինստիտուտ, որոնք այս օրերին մեր երկրի համար ունեն կարեւոր որոշումներ կայացնելու հնարավորություն։ Այս պողոտայից ամեն վայրկյան ժողովրդի ձայնը պետք է հասանելի լինի այս կառույցներին։ Այս կառույցները պետք է լինեն մեր ժողովրդի հսկողության տակ։ Այս օրերին սպասում էինք նախագահի կարեւոր որոշմանը եւ այն որոշումը, որ կայացվեց՝ կիսատ էր, հույս ունենք, որ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ եւ շատ կոնկրետ կդիմի ՍԴ։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ»,- նշեց նա։

Անդրադառնալով իրենց ուղղված դժգոհությանը, թե քաղաքացիները հոգնել են ճառերից, հստակ քայլեր, կոնկրետ գործողություններ են պահանջում, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Մենք ընդունում ենք ձեր քննադատությունը, բայց նկատի ունեցեք, մենք մեր երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու, դա Նիկոլի ծրագիրն է, քանի դեռ հնարավորություն կա առանց ցնցումների հասնել դավաճանի հեռացմանը, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Դա չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ երբեւէ լինելու է նահանջ։ Ի սկզբանե ասել ենք՝ հեշտ չի լինելու, մենք հիասթափվելու առիթ չպետք է ունենանք, նժարի մի կողմում դրված է պետության եւ պետականության հարցը, մյուս կողմում գոյություն ունեցող բոլոր դժվարությունները։ Ոչ մեկի համար հաճելի չէ գիշեր-ցերեկ լինել փողոցում եւ այս ճանապարհով, այս ամենի միջով անցնելով պայքարել»։

Նշենք, որ վաղը՝ 15։00-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրները հանրահավաք են կազմակերպում։ Այդ կապակցությամբ Իշխան Սաղաթելյանը դիմեց երիտասարդներին՝ կոչ անելով միանալ պայքարին.

«Դուք 2018-ին դուրս եկաք փողոց, կատարեցիք իշխանափոխություն՝ նպատակ ունենալով ունենալ ավելի լավ, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան, որտեղ դուք կապրեիք արժանապատիվ, որտեղ կունենայիք լավ կրթություն, արժանապատիվ աշխատանք։ Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդկանց բերեիք իշխանություն, որպեսզի նրանք ստանան պարգեւավճար եւ ձեր հարազատներին տանեին պատերազմի, կոտորածի, ձեր հայրենիքի մի մասը զիջեին թուրքերին։ Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր հավատացել են սրանց, դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանական է, ժամանակն է, որ գաք այս հրապարակ եւ ուղղեք այն սխալը, որ տեղի է ունեցել»։