Home Միջազգային Հռոմի պապը ժամանել է Բաղդադ

Հռոմի պապը ժամանել է Բաղդադ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2012 թվականին ընտրվելուց ի վեր իր առաջին այցն է կատարել Իրաք, հայտնում է The Guardian–ը` նկատելով, որ սա պոնտիֆիկոսի «ամենավտանգավոր» ուղևորությունն է։

Տեղական ժամանակով ժամը 14։00-ից մի փոքր անց Alitalia ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Բաղդադ։

«Սա խորհրդանշական ուղևորություն է և պարտականություն է այն երկրի նկատմամբ, որն այսքան տարի նահատակ է եղել», – ասել է Պապը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում Հռոմի պապը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և այլ պաշտոնատար անձանց հետ` ենթադրաբար, քննարկելու քրիստոնյաների նկատմամբ առկա խտրականությանն ու վախի մթնոլորտին առնչվող խնդիրներ, ինչպես նաև այցելելու է Նաջաֆ՝ հանդիպելու Իրաքի շիա իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Այաթոլլա Ալի ալ-Սիսթանիին։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև իրաքի փոքրամասնությունների՝ սուննիների, եզդիների ներկայացուցիչները:

Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպումներ կունենա գնալով նվազող քրիստոնեական համայնքների հետ Բաղդադում, Մոսուլում և Քարաքոշում։ Էրբիլում Հռոմի պապը կհանդիպի քրդական իշխանությունների և կենտրոնական Իրաքում ապաստան գտած 150 հազար քրիստոնյա փախստականների մի մասին։