Home Հասարակություն Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ կապիտուլյացիոն ծրագրերը շարունակվելու են. Արմեն Մինասյան

Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ կապիտուլյացիոն ծրագրերը շարունակվելու են. Արմեն Մինասյան

Հույս ունեմ՝ վերաքննիչ դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում, և այսօր Արա Սաղաթելյանին կտեսնենք ազատության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը Վերաքննիչ դատարանի դիմաց:

«Հույս ունեմ, որ դատարանը այսօր կդրսևորի ողջամտություն և կվերանայի այդ վճիռը  և այսօր մենք Արա Սաղաթելյանին կտեսնենք ազատության մեջ»,- ասաց Արմեն Մինասյանը:

Այսօր դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը, իսկ երեկ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Քաղաքագետի հավաստմամբ՝ իշխանությունը փորձում է Արա Սաղաթելյանին լռեցնել և մեկուսացնել, հատկապես նոյեմբերի 9-ին արված հայտարարությունից հետո:

«Օրվա իշխանությունը միտում ունի Արա Սաղաթելյանին լռեցնելու և ունեն մեկ խնդիր՝ Արա Սաղաթելյանին մեկուսացնել և լռեցնել: Արա Սաղաթելյանը մեծ աշխատանք է անում  և արել, հատկապես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նրա հրապարակային գործողությունները, որոնք ուղղված էին կապիտուլյացիային և դրա հետևանքների դեմ պայքարելուն»,- ասաց քաղաքագետը:

Արմեն Մինասյանի հավաստմամբ՝ Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ կապիտուլյացիոն ծրագրերը շարունակվելու են:

«Նրան մեկուսացնելով՝ իշխանությունները դուռ են բացում կապիտուլյացիայի հետևանքների  իրացման համար: Խոսքը տարածքային և մարդկային կորուստների մասին է, մենք այսօր չունենք պետական սահմաններ, և սա դեռ վերջը չէ»,- ասաց Արմեն Մինասյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով: Այսօր որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: