Home Քաղաքականություն Տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների...

Տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան

Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են Գլխավոր շտաբի պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մենք վստահ ենք, որ մեր բանակը, զինվորականությունը պինդ է եւ պետության կողքին: Սա Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, մեր հայոց բանակը գիտակցելով դա կանգնել է ժողովրդի կողքին եւ եւս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Օնիկ, Օնիկ»:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք այնքան ժամանակ են մնալու Բաղրամյան պողոտայում, մինչեւ հարցը լուծվի եւ իրենք հասնեն իրենց գլխավոր նպատակին:

«Վաղը ժամը 13:00-ին ԱԺ-ում կրկին նիստ է հրավիրված եւ ես կոչ եմ անում «Իմ քայլ»-ի պատգամավորներին ներկայանալ աշխատանքի,  կատարեք ձեր պարտականությունները եւ կանգնեք ժողովրդի կողքին: Շատ կարեւոր է, որ վաղը նիստին զուգահեռ այս հրապարակը լեփ-լեցուն լինի»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում, վառարաններ են բերել եւ հայտարարել են, որ գիշերելու են Բաղրամյան պողոտայում: