Home Միջազգային Վատիկանը քննադատությունների ֆոնին չեղարկել է կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու դեպքում աշխատակիցներին հեռացնելու մասին...

Վատիկանը քննադատությունների ֆոնին չեղարկել է կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու դեպքում աշխատակիցներին հեռացնելու մասին հրամանագիրը

Վատիկանը օրերս հրամանագիր էր հրապարակել, որի համաձայն՝ այն աշխատակիցները, որոնք կհրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստվել, կկորցնեն իրենց աշխատանքը, սակայն քննադատությունների ֆոնին չեղարկել է այն, հաղորդում է Reuters-ը։

Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելոն հայտարարել էր՝ «կորոնավիրուսի դեմ պատվաստվելը պատասխանատու ընտրություն» է:

Հրամանագրում ասվում էր, որ նրանք, ովքեր չեն կարող պատվաստվել առողջական վիճակի պատճառով, նույն աշխատավարձով ուրիշ պաշտոն կստանան, որը չի ենթադրի շատ մարդկանց հետ շփում։

Սակայն նաև նշվում էր, որ նրանք, ովքեր առանց բավարար հիմքերի կհրաժարվեն պատվաստումից, կպատժվեն աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին 2011 թվականի օրենքի հատուկ դրույթով, որը ենթադրում է պաշտոնանկություն։

Հրամանագրի հրապարակումը քննադատությունների ալիք էր բարձրացրել, որից հետո Վատիկանի նահանգապետը չեղարկել էր այն՝ հայտարարելով, որ չպատվաստվելու դեպքում աշխատանքից հեռացնելու փոխարեն «կկիրառվեն հատուկ միջոցներ»։

Վատիկանը՝ աշխարհի ամենափոքր պետությունը, ունի մի քանի հազար ծառայող, որոնց մեծ մասն ապրում է Իտալիայում։ Նրանց պատվաստման ծրագիրը սկսվել է անցյալ ամիս․ 84-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապը նույնպես պատվաստվել է։