Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Նիկոլը գերիների վերադարձի վերաբերյալ իր ողորմելի քաղաքականության մասին հարցին ի պատասխան, ԱԺ-ում այնպիսի շոուի սարքեց, որ նույնիսկ ստի ամենավատ դետեկտորը՝ ստի դոզայից ուղակի կպայթեր: Իսկ եթե ստի դետեկտորն ամոթ ունենար, ամոթից կպայթեր:
Նախ, 1991-94թթ. արցախյան առաջին պատերազմից հետո, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև հակամարտության ողջ ընթացքում, հայ գերիներն անհամեմատ ավելի փոքր թիվ են կազմել, քան 2020թ. աշնանային պատերազմում է: Հետևաբար, պարզ է, որ եթե նախկինում քիչ են գերևարվել, ուրեմն նաև քիչ են վերադարձվել:
Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կամ պատերազմի ընթացքում գերևարված ցանկացած զինծառայողի, կամ քաղաքացիական անձի վերադարձման հարցը միշտ էլ անհտաձգելի և ուղղակի խնդիր է եղել հակամարտող կողմերի միջև: Այն միշտ եղել է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի, հաճախ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության հարց:
Երրորդ՝ նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում, կարճատև հրադադարների ժամանակ տեղի էին ունենում գերիների և աճյունների փոխանակում: Իսկ 2016թ. ապրիլյանից հետո՝ զինծառայողների աճյունների փոխանակումներն անցկացվել են հաստատված հրադադարից անմիջապես հետո (2016թ. ապրիլի 10-ից 20-ը):
Չորրորդ՝ գերիների վերադարձը կախված է լինում նաև այն հանգամանքից, թե ովքե՞ր են գերևարվածները (գերևարվելու պատճառները, վայրը, գերի ընկնելու հանգամանքները, նրանց զինվորական աստիճանակարգությունը, կարգավիճակը և այլն):
Հինգերորդ՝ Ադրբեջանում գտնվող մեր այսօրվա գերիները շատ ավելի են, քան Ռուսաստանի ջանքերով 2020թ. դեկտեմբերին վերադարձվածները: Այս մասին վկայեց նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ վերջերս արված իր հայտարարությամբ:
Եվ վերջապես, 2018թ. նոյեմբերին Ադրբեջանը Նիկոլի կառավարությանն առաջարկում էր փոխանակել կողմերի մոտ գտնվող գերևարված անձանց՝ “բոլորը-բոլորի” դեմ սկզբունքով: Այն ժամանակ Նիկոլի կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի գնացել այդ սկզբունքին: Ստացվում է, որ հիմա էլ “հաղթանակած” Ալիևն է պատժում Նիկոլին՝ մերժելով նույնիսկ Ռուսաստանի միջնորդությունները՝ “բոլորը-բոլորի” դեմ փոխանակման համար:
Այնպես, որ հրաժարական կարդալու փոխարեն, անամոթաբար “գլուխ գովալը”` որպես նոր տեսակի մանիպուլիացիա, այլևս չի աշխատում».-գրել է Զաքարյանը: