Home Միջազգային Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո երկու տարեց մարդ է մահացել

Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո երկու տարեց մարդ է մահացել

Էստոնիայում երկու տարեց մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Բացի այդ, դեկտեմբերի 27-ից ի վեր 87 բողոք է ստացվել Pfizer/BioNtech պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի դեղամիջոցների հարցերով զբաղվող վարչությանը, մահացած անձինք 85 և 91 տարեկան էին: Նշվում է, որ պատվաստումից հետո կողմնակի հետևանքներ նրանց մոտ ի հայտ չէին եկել, այդ թվում՝ ջերմություն և սրտխառնոց: Բժիշկների գնահատմամբ՝ այդ երկու դեպքում պատվաստման և մահվան միջև կապ չկա:

Դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 18 275 մարդ, որոնցից 66-ն արդեն ստացել են իրենց երկրոդ չափաբաժինը: Այս ողջ ընթացքում պատվաստանյութի կողմնակի հետևանքներից գանգատվել է 87 մարդ:

Պատվաստումից հետո նշվող ախտանշաններից են ջերմության բարձրացումը, քրտնարտադրությունը, ճնշման տատանումը, հավասարակշռության զգացողության կորուստը, ախորժակի բարձրացումը, գլխապտույտը:

Էստոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 37 344-ի, որից 333-ը՝ մահվան ելքով: