Home Միջազգային ԱՀԿ. Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին

ԱՀԿ. Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին

Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման պատճառով, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսը, հաղորդում է РБК-ն:

«Ես պետք է անկեղծ լինեմ՝ աշխարհը գտնվում է աղետալի բարոյական ձախողման եզրին: Եւ այդ ձախողման գինը կվճարվի աշխարհի ամենաաղքատ երկրների կյանքերի ու գոյության միջոցների հաշվին»,- ասել է Գեբրեեսուսը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք կարող են շատ մարդկանց փրկությունը դառնալ, կարող են նաեւ մարդկանց բաժանող անհավասարության «պատի մեջ եւս մեկ աղյուս» դառնալ: «Պատվաստանյութի ավելի քան 39 միլիոն դոզան բաժանվել է ավելի բարձր եկամուտ ունեցող առնվազն 49 երկրներին: Եւ միայն 25 դոզան է հայտնվել ամենացածր եկամուտ ունեցող երկրում: Ոչ 25 միլիոն, ոչ 25 հազար, 25»,- արձանագրել է Գեբրեեսուսը:

Նա նշել է, որ չնայած պատվաստանյութերի արդարացի բաշխմանը, որոշ երկրներ եւ ընկերություններ շարունակում են առաջնահերթ համարել երկկողմ գործարքները՝ շրջանցելով COVAX նախաձեռնությունը, որի նպատակն է ապահովել պատվաստանյութերի հավասար հասանելիություն բնակչության բոլոր շերտերի համար, բարձրացնելով գները եւ փորձելով առաջ անցնել հերթում:

«Պատվաստանյութերը կբավարարեն բոլորին: Բայց հենց հիմա մենք պետք է միասին աշխատենք որպես մեկ գլոբալ ընտանիք՝ առաջնահերթ համարելու բոլոր նրանց, ովքեր լուրջ հիվանդությունների եւ մահվան մեջ ռիսկի են ենթարկված»,- նշել է ԱՀԿ ղեկավարը:

Մեկ շաբաթ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը նախազգուշացրել էր, որ կոլեկտիվ իմունիտետը 2021 թվականին չի հայտնվի՝ նայած սկսված պատվաստումներին։ «Նույնիսկ երբ պատվաստանյութերը սկսեն պաշտպանել առավել խոցելի մարդկանց, մենք 2021-ին չենք կարողանա հասնել կոլեկտիվ իմունիտետի որեւէ մակարդակի»,- զգուշացրել է նա: