Home Քաղաքականություն Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական...

Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրեն քննադատողները «ներհայաստանյան հանրահայտ խմբեր են արտաքին ուժերին համընթաց» եւ «մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»։

Փաշինյանի այս հայտարարությունն Aysor.am-ը խնդրել է մեկնաբանել Արթուր Վանեցյանին, որի գրլխավորած «Հայրենիք» կուսակցությունը եւս վարչապետին քննադատողներից է:

«Պարզ է չէ՞, թե հեռուստաուղերձի անվան տակ ինչով է Նիկոլ Փաշինյանը զբաղված այս օրերին, երբ անհետ կորածների, գերիների ծնողները խելագարվում են՝ որեւէ հստակ լուր ու պատասխան չունենալով։ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան եւ եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բազմաթիվ անգամներ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանն անհույս ստախոս է, անպատասխանատու եւ իր խոսքի արժեքը չգիտակցող մարդ։ 2.5 տարի քաղաքական շոուներ բեմադրող, հանրությանը ստով կերակրած, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալած, երկիրը պատերազմի հասցրած, իսկ հետո հայրենիքի մի զգալի հատվածը վատնած մարդն այսօր իրեն թույլ է տալիս ազգային հպարտության ու արժանապատվության խոցեր բորբոքելուց խոսել՝ չընդունելով դրանում անձամբ իր մեղքն ու պատասխանատվությունը, ես ի՞նչ մեկնաբանեմ», – Aysor.am-ին ասել է Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի ամբողջ ողբերգությունն այն է, որ «հաղթանակած ժողովրդի ձեռքից հպարտությունը խլած ձախողակին թվում է, թե մարդկանց նորից իրար դեմ հանելով՝ որեւէ հարցում հաջողելու է»։

«Չարաչար սխալվում է։ Հանրահայտ խմբերի ու արտաքին ուժերի մասին խոսում է մի մարդ, ում շրջապատում ծվարած դավադիր ուժերն ու գործակալական ցանցերը սկզբում փորձեցին մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ոչնչացնել, պատերազմի ընթացքում ջուր լցրեցին իշխանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ այսօր էլ փորձում են արդարացնել պատերազմը տանուլ տված Փաշինյանին։

Փաշինյանի սուտը չի անցնելու, նրան չի հաջողվելու երկարացնել իր հիվանդ ու Հայաստանի համար կործանիչ իշխանությունը։ Նա պետք է ամաչի անհետ կորածների ու գերիների ծնողների աչքերին նայելուց։ Մեր հասարակությունը, ցավոք, ուշ, ծանր կորուստների գնով հասկացավ, թե ով է Նիկոլ Փաշինյանը ու չեմ կարծում, որ նրան մեկնաբանելու խնդիր կա։ Այսօր միակ խնդիրը նրան օր առաջ հեռացնելն է, եւ երկրի ու ժողովրդի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելը», – հայտարարել է Արթուր Վանեցյանը: