Home Քաղաքականություն Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան

Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։

Համբարձումյանը հիշեցրեց իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12–ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝  լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին Միքայել Համբարձումյանը հրաժարական էր ներկայացրել՝ ազատվելով  ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից։ Օրեր անց Համբարձումյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության  գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»–նշել էր Միքայել Համբարձումյանը