Home Քաղաքականություն Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար...

Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած

Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած, այդ թվում կոռուպցիայի տեսանկյունից: Այս մասին այսօր «Հանրային համերաշխության հաստատման ուղին. քաղհասարակության դերը» թեմայով օնլայն քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այդ ամենը շատերը, չգիտես ինչու, չեն նկատում, օրինակ՝ Սու-30ՍՄ-երի գնման հետ կապված պատմությունը: Կամ ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց ծխախոտային մաքսանենգության հարցով: Մեղադրում էին Սերժ Սարգսյանին, ում եղբայրը պատգամավորական մանդատ ստացավ, սակայն չեն նկատում, որ ներկայիս քաղաքական էլիտայի ընտանիքները համալրել են խորհրդարանը: Քննադատում էին Մանվել Գրիգորյանին, ով իր որդուն նշանակեց Էջմիածնի քաղաքապետ, սակայն նույնն արեց Սասուն Միքայելյանը (Հրազդանում-խմբ.): Նախկին իշխանությունները՝ լինելով կոռուպացված, ազատագրեցին Արցախը, այն դեպքում, երբ ներկայիս իշխանություններն Արցախը հանձնում են: Օրինակ, Յուրի Խաչատուրովը եւ շատ այլք, համաձայն են, որ եթե հանցանք են գործել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սակայն ուսումնասիրելով Խաչատուրովի գործը՝ մի եզրակացություն ես անում՝ գործը «կարված է սպիտակ թելերով»: Այդ պատճառով նախքան գնահատականներ տալը, պետք է սպասել դատարանի որոշմանը:

Սակայն մենք դրա մասին էլ ենք մոռացել: Եթե ես երկրի ղեկավար լինեի եւ գրանցեի նման ձախողումներ, հանձնեի երկրի կեսը՝ կորցնելով 5000 մարդու կյանքերը, ապա ես կգնդակահարեի ինձ: Այդ հարցը բարոյական հարթության վրա է»,-նշեց նա:

Իշխանյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք կրկնել ասորիների ճակատագիրը, որոնք կորցրել են իրենց պետականությունը եւ ցրվել ամբողջ աշխարհում: