Home Միջազգային Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին

Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների նախնական տվյալներով՝ բոլոր միամանդատ շրջաններում հաղթել են իրենց թեկնածուները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ արդյունքում կուսակցությունը 90 պատգամավորական տեղ է ստանում 150-ից:

«Մենք ունենք քվեարկության նախնական տվյալները: Ինչպես ակնկալվում էր, «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթանակ են տարել բոլոր 17 շրջաններում և պատգամավորական մանդատներ են ստացել: Հետևաբար հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորներով»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ չնայած ընդդիմության կողմից ընտրությունների երկրորդ փուլի բոյկոտի՝ Վրաստանի ավելի քան կես մլն քաղաքացիներ եկել էին ընտրությունների:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո երկրորդ փուլում ընտրողների մասնակցության հայտը կազմել է 26,29 տոկոս:

Վրաստանի 17 շրջաններում այսօր կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը երկրում տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Առաջին փուլի արդյունքներով իշխող կուսակցությունը ստացել էր ձայների 48,22 տոկոսը:

Ընդդիմադիրները հրաժարվել են բոլոր պատգամավորական մանդատներից, որոնց ստացել էին համամասնական ցուցակներով, ինչպես նաև բոյկոտել էին ընտրությունների երկրորդ փուլը: