Home Հասարակություն Արա Սաղաթելյանն ու Հայկ Մամիջանյանն ազատ արձակվեցին

Արա Սաղաթելյանն ու Հայկ Մամիջանյանն ազատ արձակվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել: Արա Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլ նաև ողջամիտ չէր: Ինձ բերման ենթարկելու մեջ ես տեսնում եմ իմ անձի դեմ ուղղված համատեքստ: Այն կասկածանքն, որ ինձ առաջադրել են՝ հանրահավաքի կազմակերպում, կառավարում և այլն, իրականությունից չի բխում, և կան բազմաթիվ ապացույցներ: Իրավապահ մարմինների գործողությունների մեջ ես տեսնում եմ նպատակաուղղվածություն: Ավելի քան վստահ եմ, որ իրենց գործողությունները ուղղորդված էին իմ անձի դեմ՝ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, որոնց մեջ կան անձիք , որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի հետ կապված և սա առաջին գործողությունը չէ, որ իրականացվում է իմ դեմ»:

Արա Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու է մասնակցել վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին, ընդգծելով, որ ձերբակալությունը ապօրինի է եղել և իրեն որևէ մեկը չի ներկայացրել օրինական պահանջ:

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն էլ իր  ֆեյսբուքյան  էջում գրել է․ «Դատարանը Հայկ Մամիջանյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ»։